«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#90, 2010-05-18 | #91, 2010-05-19 | #92, 2010-05-20


ՆՈՐ ԼՈԲԲԻՍՏԱԿԱՆ «ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԻՆ» ԸՆԴԱՌԱՋ

Թուրք-հրեականում թուրքականը տանուլ է տալիս

Ինչպես տեղեկացնում է «Անատոլու» գործակալությունը, հունիսի մեկից ԱՄՆ-ում թուրքական լոբբիինգ իրականացնող DLA Piper միջազգային իրավական կազմակերպությունը կգործի նաեւ Ստամբուլում: Կազմակերպության կառավարիչ Նիգել Կնովլեսը նշել է, որ իրենց նպատակն է «ճանաչվել աշխարհում առաջին իրավական կազմակերպություն» եւ իրականացնել «լուրջ գործունեություն» «Մեծ 20-յակի» երկրներում: «Ընդհանուր առմամբ ԱՄՆ-ի մեր 33 գրասենյակներում, եվրոպական 19 երկրներում, Միջին Արեւելքում եւ Ասիայում մենք ունենք 3563 աշխատողներ, միայն 2009-ին մեր տարեկան ֆինանսական շրջանառությունը եղել է 2 մլրդ 262 մլն դոլար», նշել է Կնովլեսը: Իսկ ստամբուլյան նորաստեղծ գրասենյակի ղեկավար, Անկարայում ԱՄՆ-ի նախկին դեսպան Մարկ Գրոսմանը ընգծել է. «Թուրքիան այնպիսի աշխարհագրական դիրք ունի, որ անտեսել այս երկիրն ուղղակի անհնար է»: Այն, որ թուրքական լոբբիստական կազմակերպությունը, աշխարհի որ ծայրում էլ լինի, պետք է իրականացնի նաեւ հակահայկական գործունեություն, ակնհայտ է, սակայն, ինչպես պարզվում է որոշ վերջին զարգացումներից, թուրքամետ կազմակերպությունները, հատկապես ԱՄՆ-ում, պետք է պայքարեն նաեւ հրեական հզոր լոբբիի դեմ: Մասնավորապես հենց հրեաների ջանքերով է, որ մայիսի 23-ին նախատեսված Նյու Յորքի «թուրքական քայլերթը» (որն այս տարի կազմակերպվելու էր ի նշանի բողոքի` ընդդեմ ԱՄՆ Կոնգրեսի հանձանաժողովի ընդունած հայկական 252-րդ բանաձեւի), ինչպես հաղորդում է CNNTurk-ը, չի կայանա: Պատճառն այն է, որ հենց այդ օրը Նյու Յորքում պետք է նշվի «Իսրայելի ազգային օրը»:

Ավելորդ չենք համարում նշել, որ Նյու Յորքում «թուրքական քայլերթը» արդեն 29 տարվա պատմություն ունի: Սկզբում` 1981-ին, կազմակերպվեց որպես բողոք` ընդդեմ ԱՍԱԼԱ-ի: Այնուհետեւ ժամանակի ընթացքում վերածվեց փառատոնի` որպես ԱՄՆ-ում Թուրքիայի օր: Բայց, ինչպես պարզվում է, այս տարի Նահանգներում «անկարելիորեն համընկել են» Թուրքիայի եւ Իսրայելի «օրերը», իսկ այս երկու երկրները ոչ վաղ անցյալում (եւ դեռ այսօր) բավական մոտ դաշնակիցներ էին, իսկ հրեական ու թուրքական լոբբիստական կազմակերպությունները մեկ ճամբարում էին, այդ թվումՙ հակահայկական քայլեր ձեռնարկելիս:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4