Ղարաբաղյան հակամարտությանն է անդրադարձել The Guardian-ը
Բրիտանական ազդեցիկ The Guardian թերթը օրերս անդրադարձել է ղարաբաղյան հակամարտությանը եւ Ադրբեջանից պարբերաբար հնչող պատերազմ վերսկսելու կոչերին: Բրիտանական թերթն այդ կոչերն անվանել է պարզապես հռետորություն եւ հայկական կողմի վրա հոգեբանական ճնշում գործադրելու փորձ. «Ադրբեջանի ռազմական հռետորությունն ու պատերազմի ակտիվ քարոզչությունն ուղղված են հայկական կողմի վրա հոգեբանական ճնշում գործադրելուն: Սակայն այս քաղաքականությունն արդյունավետ չէ, քանի որ որեւէ ռազմական հռետորություն չի կարող ստիպել հայկական կողմին հրաժարվել այն տարածքներից, որ նա ձեռք է բերել հերոսաբար կռվելով: Դա կնշանակեր պատերազմում վախճանված հերոսների հիշատակի դավաճանություն», գրում է բրիտանական պարբերականը` հիշեցնելով, որ նախքան պատերազմ սկսելու մասին հայտարարություններ անելը Ադրբեջանը պիտի երկար մտածեր, քանի որ «պատերազմը վերսկսելու պարագայում նավթով հարուստ Ադրբեջանը կորցնելու շատ բաներ կունենա», հիշեցնում է բրիտանական թերթը:
The Guardian-ը անդրադարձել է նաեւ այն տարածված կարծիքին, թե ղարաբաղյան հակամարտության լուծման բանալին գտնվում է Ռուսաստանի ձեռքում: Ըստ բրիտանական պարբերականի` դա այդքան էլ այդպես չէ. «Ռուսաստանը Ղարաբաղի հարցում չի կարող անել ավելին, քան Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրները: Սակայն պետք չէ նաեւ մոռանալ, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, իսկ յուրաքանչյուր հարձակում ՀԱՊԿ-ի անդամ պետության վրա համարվում է հարձակում ամբողջ ՀԱՊԿ-ի վրա», գրում է պարբերականը:
Վերջում բրիտանական թերթը եզրակացնում է, որ հակամարտության կողմերն այսօր պատրաստ չեն փոխզիջումների: «Կոնկրետ Ադրբեջանում այն մտավորականները, որոնք դեմ են արտահայտվում պատերազմին, ժողովրդականություն չեն վայելում: Ցանկալի կլիներ, որ նրանք, ովքեր պաշտպանում են խաղաղության կառուցման գաղափարը, նաեւ հայկական կողմից փոխզիջումների գնալու պատրաստակամություն տեսնեն», եզրափակում է բրիտանական պարբերականը:
Հայկական կողմից փոխզիջումների պատրաստակամության, ավելին` տեսքի վերաբերյալ ՀՀ նախագահն անձամբ հայտարարություններ է արել, իսկ թե ինչպիսի՞ն են Բաքվի պատկերացրած փոխզիջումները, ոչ ոք ոչինչ չի ասում:
Հ. ԱՖՅԱՆ