«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#90, 2010-05-18 | #91, 2010-05-19 | #92, 2010-05-20


ԱԺ ՆԱԽԱԳԱՀԸ ՔՆՆԱԴԱՏԵՑ ԹՎԱՅՆԱՑՄԱՆՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՆԱԽԱԳԻԾԸ, ԲԱՅՑ ԱՅՆ ԿԸՆԴՈՒՆՎԻ

Այնուամենայնիվ` Հայաստանի խորհրդարանում իրոք դեռ հնարավոր է զարմանալ: Օրինակՙ երեկ ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը , խոսելով քաղաքական մեծամասնության կառավարության ներկայացրած եւ տարբեր գնահատականներով` քաղաքական հենք ունեցող «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի փոփոխությունների օրինագծի մասին, մեզ զարմացրեց նախագծի բացերը վեր հանելու հետեւողականությամբ, ինչն առանձնապես չէին արել, օրինակ, ՕԵԿ-ի կամ ՀՀԿ-ի ներկայացուցիչ պատգամավորները: Անդրադառնալով փոփոխություններին, որոնք սահմանում են թվային հեռարձակման անցնելու մեխանիզմները (ընդդիմախոսները նախագիծն անվանել են հեռուստադաշտը վերահսկելու օրենք), Հ. Աբրահամյանը նկատեց, թե տվյալ օրինագիծը թվայնացման հետ կապված մի շարք խնդիրներ չի հստակեցրել եւ դրանք չի լուծել` թվայնացմանն անցման համար իրավական ակտերի փաթեթ եւ այնպիսի օրենսդրական փոփոխություններ են անհրաժեշտ, որոնք անցման հարաբերությունները հստակ կսահմանեն:

ԱԺ նախագահի համար մտահոգիչ էր բաց մնացած հարցերը չսահմանելը, քանի որ անհասկանալի է դրանց իրագործման մեխանիզմը` անգամ եթե գործադիրն ինքը տեսնում է դրանց իրագործման գործողությունները: Ըստ Հ. Աբրահամյանի` հստակ չեն կարգավորիչ մարմնի գործառույթները ե՛ւ մինչեւ թվայնացման ավարտը, ե՛ւ դրանից հետո. ի՞նչ լիազորություններ ունեն ՀՌԱՀ-ն ու էկոնոմիկայի նախարարությունը, ո՞վ ինչի՞ համար է պատասխանատու` պարզ չէ:

ԱԺ նախագահն օրինագծի մի շարք ձեւակերպումներ բաղդատեց. 2010թ. հուլիսի 20-ից հայտարարվելու են մրցույթներ 18 հաճախականությունների համար. «Այսօր գործում են 22-ը, իսկ մարզային հեռարձակման համար նախատեսվում է 1 հաճախականություն, այն դեպքում, երբ, օրինակ, Լոռիում կա 7 հեռարձակվող ընկերություն: Չնայած անալոգային հաճախության լիցենզիա ունեցող հեռուստառադիոընկերությունների լիցենզիան ուժի մեջ է լինելու մինչեւ ժամկետի ավարտը, մրցույթին մասնակցելու հնարավորությունը հիմա է, այն էլ անհասկանալի պայմաններումՙ պրոցեդուալ պայմաններն ու կարգը սահմանված չեն: Եթե հաշվի առնենք, որ թվայնացման ներդրման ծրագիրը իրականացվելու է վարկային միջոցներով եւ 6 տարվա ընթացքում մարվելու է, պարզ է դառնում, որ լինելու են լուրջ ֆինանսական դժվարություններ, իսկ հեռուստառադիոընկերությունների համարՙ շատ անորոշ իրավիճակ: Դրանից առավել տուժելու են մարզային հեռարձակողները», ասաց ԱԺ նախագահը:

Նա նաեւ ավելացրեց, թե նախագծով սահմանված չեն ազատ հաճախականությունների առաջացման դեպքերը եւ կարգավորիչ մարմնի գործառույթները: Ստացվում է, որ եթե տարբեր պատճառներով հաճախականությունն ազատվի, այն 10 տարի մնալու է ազատ: Նա նաեւ նկատեց, որ նախագծում սահմանափակում չի դրվել վերահեռարձակման եւ օտարերկրյա հեռուստաընկերությունների ստեղծման վրա, որը կար գործող օրենքում:

ՀՀ ԱԺ նախագահը մի շարք խնդիրներ եւս նշեց` ավելացնելով, թե օրենքը կամ կա, կամ չկա: Նա առաջարկեց խորհրդարանական լսումներ անցկացնել եկող շաբաթ եւ մանրամասն քննարկել օրենքը, չնայած ՀՀԿ-ն կողմ է քվեարկելու այս օրինագծին, եւ հենց այդ պատճառով Հ. Աբրահամյանը նաեւ առաջարկեց առաջին ընթերցմամբ ընդունել նախագիծը, իսկ հետո արդեն, խորհրդարանական լսումների ընթացքում եւ ԱԺ-ում քննարկումների առաջարկները ներառել երկրորդ ընթերցմամբ քննարկվելիք նախագիծ: Հ. Աբրահամյանը նաեւ մի թեթեւ քննադատություն ուղղեց առ կառավարություն` նախագիծն Ազգային ժողով ուշ ուղարկելու համար. «Կառավարության աշխատաոճի մեջ կա այն ձեւը, որ ուղարկում են նախագծեր, որոնք մշտական հանձնաժողովը չի հասցնում քննարկել, որ պատգամավորները, խումբ-խմբակցությունները տեղյակ լինեն»:

Նախաձեռնությանը դեմ էր «Ժառանգությունն» ի դեմս Արմեն Մարտիրոսյանի , կողմ` ՕԵԿ-ը (Հովհաննես Մարգարյան, որը նաեւ մի շարք հստակեցումների անհրաժեշտությունն էր տեսնում): Հավարտ` կառավարության ներկայացուցիչ, էկոնոմիկայի փոխնախարար Մուշեղ Թումասյանը նշեց, թե քննարկումներից հասկացել է` օրինագծից պահանջվում է ավելին, քան ոլորտի զարգացումն է, եւ հեղինակները կփորձեն չչափազանցված առաջարկները ներառել:

Այսօր հավանաբար այս օրինագիծը կքվեարկվի:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4