Ձկնաբուծարանները պետք է տեղադրեն ջրաչափեր եւ գրանցեն սպառած ջրի ծավալները
Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային պաշարների ուսումնասիրման եւ լուծումներ գտնելու նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի անդամները փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի գլխավորությամբ, արձագանքելով Տնտեսական լրագրողների ակումբի նախաձեռնությանը, նախօրեին հանդիպեցին մի քանի լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Փոխվարչապետին դիմելու առիթն էր ձկնաբուծությամբ զբաղվող տնտեսվարողների դժգոհությունը կառավարության այն քայլերից, որոնք նպատակ ունեն կանոնակարգել Արարատյան դաշտի ստորերկրյա ջրերի օգտագործումը, քանի որ դրանք ռազմավարական ռեսուրս են եւ սկսել են սպառվել:
Խոսելով վերոնշյալ խնդրի մասին, Արմեն Գեւորգյանը հայտնեց, որ այն միայն ձկնաբուծարաններինը չէ, քանի որ խորքային հորերից օգտվում են խմելու եւ ոռոգման ջուր սպառողները եւս: Ձկնաբուծարանները պարզապես ամենամեծ սպառողներն են: Նրանք սպառում են իրենց ջրօգտագործման թույլտվություններից կրկնակի ավելի ջուրՙ 800 մլն խմ-ի փոխարեն մոտ 1, 6 մլրդ խմ: Արարատյան դաշտի մի շարք գյուղերում եւ նաեւ Մասիս քաղաքում տնամերձերի ոռոգման ջուրը սկսել է չբավարարել:
Փոխվարչապետի ասածին բնապահպանության փոխնախարար Սիմոն Պապյանն ավելացրեց, որ Արարատյան դաշտում ջրային ռեսուրսները 2 տեսակի ենՙ շահագործվող եւ ստատիկ: Շահագործվողներն անընդհատ վերականգնվում են, իսկ ստատիկ պաշարները չեն վերականգնվում: Այժմ արդեն մաշվում են այդ ստատիկ պաշարները, ինչն ազգային անվտանգության խնդիր է եւ չի կարելի թույլ տալ: Ի՞նչ է առաջարկվել այդ նպատակով ձկնաբուծարաններին: Տեղադրել ջրաչափեր, որոնք կգրանցեն օգտագործվող ջրի ծավալները, որոնց համար սահմանված սակագինն, ի տարբերություն ոռոգման ջրի 11 դրամի, ընդամենը 1 դրամ է: Ընդ որում, ձկնաբուծարանները որպես բնապահպանական վճար վճարում են օգտագործվող ջրի 5 տոկոսի դիմաց: Այսինքն, այդ 800 մլն խմ-ի համար նրանք միասին վերցրած վճարում են ընդամենը մոտ 4 մլն դրամ:
Քանի՞ ձկնաբուծական տնտեսություններ կան եւ նրանց համար մե՞ծ ծախս կլինի ջրաչափով աշխատելը: Գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանն այս հարցին պատասխանեց, որ դրանց թիվը 294 է, որոնց մի մասն օրինական դաշտում է, մյուս մասըՙ ոչ: Արմեն Գեւորգյան էլ նշեց, որ ձկնաբուծական տնտեսությունների շահութաբերությունը բավարար է ջրաչափով աշխատելու համար, ինչի մասին նրանք են ամրագրել իրենց գործարար ծրագրերում եւ իրենց ստորագրությունը դրել ջրօգտագործման թույլտվություն ստանալիս: Կառավարությունն, ըստ փոխվարչապետի, առաջարկել է ժամանակացույց, համաձայնեցրել ձկնաբուծական տնտեսությունների ներկայացուցիչների հետ, որից հետո նրանք անակնկալ սկսել են բողոքել:
Մինչդեռ, կառավարության աջակցությամբ, ռուս մասնագետները եկել եւ ուսումնասիրել են մեր ձկնաբուծարանների վիճակըՙ թույլտվություն տալու հայկական ձուկը Ռուսաստան արտահանելու համար: Արմեն Գեւորգյանն ընդգծում է, որ առանց հստակ իրավական դաշտի հայկական ձկները ապագայում չեն կարող արտահանել Եվրոպա: Իսկ եթե ստորերկրա ջրերը ներկա անխնա ձեւով շահագործվեն, ապա երկու-երեք տարի հետո հենց նույն ձկնաբուծարանները կփակվեն: Վերջինիս ներկայացուցիչները դեռ 4-5 տարի առաջ կառավարությանը խնդրում էին զերծ մնալ ջրերի օգտագործման խնդիրը կանոնակարգելուց, մինչ իրենց բիզնեսը կայանա: Սակայն այժմ էլ ցանկանում են շարունակել նույն ձեւով աշխատել, չնայած ստորերկրյա ջրերին սպառնացող վտանգին:
Այդուհանդերձ, ինչպես հայտնեց փոխվարչապետը, առաջիկայում խորքային հորերի օգտագործման թույլտվությունը լինելու է խիստ սահմանափակ եւ տրվելու է միայն միջգերատեսչական հանձնաժողովի որոշմամբ: Տեղեկացվեց, որ ներկայումս 3400 խորքային հորեր կան Հայաստանում: Իսկ ձկնաբուծական տնտեսությունները պետք է աշխատեն իրենց սպառած ջրի ծավալները հաշվառելով, իրավական դաշտում, ինչպես վարվում է այս ոլորտի ընկերությունների մի մասը: Վերջիններս նաեւ նոր տեխնոլոգիաներ են կիրառումՙ խնայողաբար, փակ ցիկլով օգտագործելով ջուրը եւ զարգացնելով իրենց տնտեսությունը:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ