Պահանջում են դպրոցի նախկին ու ներկա սաները
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Թեպետ Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի նախկին ուսուցիչ Լյովա Ավագյանի` բռնությամբ ուղեկցվող անառակաբարո գործողությունների շարքը աշակերտուհիների նկատմամբ տասնամյակների պատմություն ունի` 1985-2008թթ, քրեական գործով տուժող ներգրավվել են ընդամենը 5-ը: Մնացյալի պատմություններն ու վկայությունները քրեական գործին չեն կցվել` հաշվի առնելով վաղեմության փաստը:
Պեդոֆիլ ուսուցչին Էրեբունու եւ Նուբարաշենի առաջին ատյանի դատարանում երեկ դիմավորեցին եւ ճանապարհեցին մի քանի տասնյակ երիտասարդներ, հասարակական կազմակերպությունների ղեկավարներ: «Երեխաների ապրած սարսափը մի փոխարինեք հիասթափությամբ», «Այսօր նա է, վաղըՙ դու կամ քո երեխան», «Ցմահ բանտարկություն» պաստառներով նրանք բղավում էին «ամոթ»` դատարանից պահանջելով առավելագույն պատիժ: «Պայքարում ենք, որպեսզի պեդոֆիլիան Հայաստանում արժանի պատիժ ստանա: Ուսուցչի անառակաբարո գործողությունների համար սահմանում են ընդամենը 1.5 տարի: Ցանկանում են խնդիրը կոծկել, դա մեզ ի՞նչ է տալիս», ասաց բողոքի ակցիայի մասնակից, Թուֆենկյան հիմնադրամի ներկայացուցիչ Մարո Մաթոսյանը :
Ակցիայի նախաձեռնողներից Մարիամ Սուխուդյանն ասաց, որ արագացված դատավճռի ժամանակ տուժողներին ու վկաներին զրկում են լսելի լինելու իրավունքից: «Օրենքը աբսուրդ է: Ուրիշ երկրներում կաստրացիայի են ենթարկում կամ ցմահ բանտարկություն սահմանում, իսկ մեզ մոտ` 1.5 տարի, այն էլ` պայմանական: Նա վտանգավոր է, բայց չեն առանձացնում հուգեբուժարանում: Անձնակազմը գիտեր, թե ինչով է զբաղվում Լյովա Ավագյանը: Նրանք էլ պետք է պատասխանատու լինեն կատարվածի համար», ասաց նա:
Դպրոցի նախկին սաները, որ տարիներ առաջ ենթարկվել էին բռնությունների, մասնակցում էին բողոքի ակցիային: Այն ժամանակ վախեցել են, լռել, հիմա պատմում են, որ ուրիշ երեխաների ապագան չպղծվի: Մարթան դպրոցն ավարտել է 1990-ին: «Եթե մի օր չէին ծեծում, օրը օր չէր` դայակից սկսած, հավաքարարից վերջացրած: Լյովա Ավագյանն ու Մերուժան Ենգիբարյանն ամենադաժանն էին: Ենգիբարյանը մեզ գնդակի պես տշում էր, շղթաներով ու փայտերով ծեծում», հիշում է նա: Գայանեն էլ դպրոցը համեմատում է համակենտրոնացման ճամբարի հետ: «Մեզ որդոտ կերակուր էին տալիս: Մի անգամ ասացի, որ զզվելի է, չեմ ուտի, Ենգիբարյանը մոտեցավ, ասաց, որ դա էլ է շատ, ճաշը լցրեց գլխիս ու ճաշարանում ծեծեց: Այդ ժամանակ 6-րդ դասարանի աղջիկ էի: Մի անգամ էլ ձմռանը ծեծեց ու ոտաբոբիկ դուրս հանեց: Ամբողջ օրը դրսում անցկացրի:
Մի անգամ Լյովա Ավագյանը աղջիկներին մերկացրեց, տարավ տղաների հարկաբաժին ու ամբողջ գիշեր ստիպեց, որ նստենք-կանգնենք, նստենք-կանգնենք»:
«Ով անմեղ է, թող առաջինը քարը նետի Ավագյանի վրա», այսպես սկսեց իր ճառը Ավագյանի պաշտպան Վիկտորյա Կիրակոսյանը` դատարանից պահանջելով պայմանական ազատազրկում: (Հետաքրքրական է, տիկին Վիկտորյան երեխաներ ունի՞: Կարո՞ղ է հանգիստ լինել իր դստեր համար, երբ առաջարկում է մի քանի տասնյակ մանկահասակ աղջիկների ճակատագրեր պղծած մարդուն ազատ արձակել- Հ.Հ.): «Ուզում եք ասել` բոլորս մանկապի՞ղծ ենք», արձագանքեցին դահլիճում ներկա կանայք:
Դատախազ Բադիկյանը Ավագյանի հանցանքը որակեց զարհուրելի, սակայն խնդրեց դատապարտել 1.5 տարվա ազատազրկման: Գործով տուժող ճանաչված երկու աղջիկների (անունները չենք հրապարակում-Հ.Հ.) ներկայացուցիչներ Տիգրան Հայրապետյանն ու Ավագ Լալայանն ասացին, որ Ավագյանը ոչ միայն անառակաբարո գործողություններ է կատարել, այլեւ երեխաներին ենթարկել ծեծի, խոշտանգումների: Հետեւաբար մեղադրանքին պետք է ավելացվի ՔՕ եւս երկու հոդված: «....Ավագյանը մեզ կռվեցնում էր, ասում էր` մինչեւ արյուն չհանեք, չեք նստելու: Եթե մենք չէինք կռվում, ինքն էր մեզ ծեծում: Եթե մի օր երեխա չէր ծեծում, ձեռքերը դողում էին...», դատարանում դպրոցի նախկին սաների ցուցմունքներից մեկը մեջբերեց Լալայանը:
Թեպետ դպրոցի տնօրենը եզրակացություն էր տվել` Ավագյանին բնութագրելով դրական հատկանիշներ ունեցող, խիստ, բայց հոգատար մանկավարժ, բայց Լալայանն ու Հայրապետյանն ասացին, որ եզրակացությունը չի կարող մեղմացնել ուսուցչի պատիժը. տնօրենն էլ պարբերաբար ծեծել է երեխաներին: «...Հրեշ Ենգիբարյանը մեզ կանգնեցնում էր պատի տակ եւ ինչքան ուժ ուներ, հարվածում էր մեր փորին, մենք ընկնում էինք», քննիչներին պատմել է դպրոցի նախկին սան Մարթան:
Ներկայացնելով փաստերՙ իրավապաշտպանները դատարանից պահանջեցին առավելագույն պատիժ: «Ներողություն եմ խնդրում, զղջում», որպես վերջին խոսք ասաց Լյովա Ավագյանը: Սակայն զղջումն այնքան էլ համոզիչ չէր: Շուրջ մեկ տարի ամեն ինչ հերքող ու անմեղ մարդկանց զրպարտող ուսուցիչը մի քանի շաբաթվա ընթացքում հասկացավ ու զղջա՞ց, որ 30 տարի մարդկային ճակատագրեր է խորտակել:
Նախագահող դատավոր Ավագ Գաբրիելյանը հեռացավ խորհրդակցական սենյակը. դատական նիստը կկայանա մայիս 24-ի ժամը 16-ին: