«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#91, 2010-05-19 | #92, 2010-05-20 | #93, 2010-05-21


ԱՂԹԱՄԱՐԻ ՍԲ ԽԱՉ ԵԿԵՂԵՑԻՆ ՔԱՆԴՎԵԼՈՒՑ ՓՐԿՎԵԼ Է 1951-Ի ՀՈՒՆԻՍԻ 25-ԻՆ

Դա հնարավոր է դարձել հանրահայտ քուրդ գրող Յաշար Քեմալի անմիջական միջամտությամբ

Վերջին շրջանում թուրքական մամուլը հաճախակի է հրապարակում Վանա լճի Աղթամար կղզու Սբ Խաչ եկեղեցուն առնչվող նյութերՙ կապված սեպտեմբերի 12-ին նախատեսված պատարագի մատուցումը հանրաքվեի պատճառով մեկ շաբաթՙ մինչեւ սեպտեմբերի 19 հետաձգելու նահանգապետարանի որոշման հետ: «Ազգը» մայիսի 18-ի համարում տեղեկացրել էր այդ մասին: Նույն օրը թուրքական «Զաման» թերթն էլ Հիլմի Յավուզի «Տպավորություններ Վանից» հոդվածով տեղեկացնում է, թե 1951-ին ովքեր ինչպես են փրկել Սուրբ Խաչը անխուսափելի քանդումից:

Մինչ հոդվածի բովանդակությանն անդրադառնալը, նշենք, որ 1914-ի տվյալներով, ներկայիս Թուրքիայի տարածքում գործել են 2 հազար 538 հայկական եկեղեցի, հայապատկան 451 վանք եւ 2 հազար դպրոց: 1915-ին, ձեռնամուխ լինելով հայերի բնաջնջմանը Օսմանյան Թուրքիայում, թուրք, քուրդ, չերքեզ հրոսակները սկսեցին հայկական եկեղեցիների, վանքերի, դպրոցների կողոպուտը: Դրան աստիճանաբար հետեւեցին ավերումն ու պետականորեն քանդումը, որ Հայոց ցեղասպանությունից հետո ջնջվի նաեւ հայկական հետքը երկրի տարածքում:

Մինչդեռ քեմալականների ժամանակակից Թուրքիան 1923-ի հուլիսի 23-ին ստորագրված Լոզանի պայմանագրի 42-րդ հոդվածով պարտավորվել էր պահպանել ազգային փոքրամասնություններին, այդ թվում, ինչ խոսք, հայերին պատկանող եկեղեցիները, վանքերը, գերեզմաններն ու դպրոցները:

Չնայած Լոզանի պայմանագրով ստանձնած պարտավորություններին, 1974-ին ՅՈւՆԵՍԿՕ-ի հրապարակած զեկուցագրի համաձայն, Թուրքիայի տարածքում ընդամենը հայկական 931 եկեղեցի եւ վանք էին մնացել: Ինչպես վկայում է պատմաբան Այշե Հյուրը, 1974-ից հետո այս եկեղեցիներից ու վանքերից 464-ը հիմնահատակ քանդվեց, իսկ 252-ը անտերության մատնվեց, որ քանդվի:

1951-ին պետականորեն քանդման ենթակա հայկական եկեղեցիների ցանկում, «Զամանի» հեղինակ Հիլմի Յավուզի դիպուկ արտահայտությամբ, հայտնվել էր նաեւ «10-րդ դարում Վասպուրականի թագավոր Գագիկ Ա-ի կառուցած Աղթամարի արքունական հոյակերտ Սբ Խաչ եկեղեցին»: Քանդումը հնարավոր է եղել կանգնեցնել վերջին պահին միայն:

Թե դա ինչպե՞ս է կատարվելՙ հոդվածագիրը պատասխանում է ազգությամբ քուրդ, հանրահայտ գրող «Յաշար Քեմալն իր մասին» գրքից մեջբերած հատվածով: 50-ականներին Յաշար Քեմալն աշխատում էր «Ջումհուրիեթ» թերթում: Պատահմամբ հայտնվում է Վանում: Թերթի սեփական թղթակիցը նրան պատմում է Սուրբ Խաչին սպառնացող վտանգի մասին, ավելացնելով, որ ինքը հնարավորի հետ նաեւ անհնարինը անում է, սակայն ոչ մի կերպ չի կարողանում կանխել վերահաս քանդումը: Ըստ թղթակցի, նույն վիճակում է եղել նաեւ Վանի նահանգապետը, քանի որ կտրուկ հրաման է ստացել:

Յաշար Քեմալը, լսելով թղթակցի պատմածները, իսկույն հեռաձայնել է պատգամավոր Նադիր Նադիին, ապա եւ եկեղեցու քանդումը կանխելու համար կապիտանի կոչումով զինվորական մի բժշկի հետ ուղեւորվել է Աղթամար կղզի: Երբ ափ են իջել, տեսել են, որ հերթը դեռեւս Սուրբ Խաչ եկեղեցուն չի հասել, սակայն բանվորներն արդեն հասցրել են քանդել կողքի մատուռը: Տեսնելով դա, զինվորական բժիշկը բանվորներին կարգադրում է. «Մինչեւ իմ գալը եկեղեցում ոչ մի քլունգ չեք խփելու: Ես հիմա գնում եմ նահանգապետին ներկայանալու»:

Բժշկի այս խոսքերից հետո բանվորները, Յաշար Քեմալի վկայությամբ, «զգաստ են» կանգնում, այդ ընթացքում պատգամավոր Նադին միջադեպի մասին հեռախոսով իրազեկում է կրթության նախագահ Ավնի Բաշմանին, որն իր հերթին եկեղեցու քանդումը կասեցնելու կարգադրությամբ հեռագիր է հղում Վանի նահանգապետին: Այսպիսով, 1951-ի հունիսի 25-ին փրկվում է Աղթամարի Սբ Խաչ եկեղեցին:

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4