Մինչ կառավարության նիստի օրակարգին անցնելը երեկ վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձավ տնտեսության զարգացման արդյունքներին եւ հակաճգնաժամային միջոցառումների արդյունավետությանը, ասելով, որ «հակաճգնաժամային մեր միջոցառումները տվել են դրական արդյունք, եւ տնտեսական աճն արդյունաբերությունում բավական մեծ թափ է ստանում»: Նա անհրաժեշտ համարեց շարունակել աշխատանքներն այս ուղղությամբ եւ կենտրոնանալ 2011-ի տնտեսական աճի վրա` «ինչպիսի միջոցառումներ պետք է իրականացնենք, որպեսզի 2011-2012-ին այս աճի բարձր տեմպերը կարողանանք պահպանել»:
Որպես կառավարության հետեւողականության օրինակ վերոնշյալ հարցերում, վարչապետը բերեց «Բիոկաթ» ձեռնարկությունը, որտեղ ինքն այցելել էր նախորդ շաբաթ: Նա տեղեկացրեց, որ հակաճգնաժամային օպերատիվ շտաբի որոշմամբ 120 միլիոն դրամ է տրամադրվել այդ ձեռնարկությանը, որտեղ աշխատում է 40 հոգի, իսկ ձեռնարկությունը գյուղացիական տնտեսություններից կաթ է մթերում եւ արտադրում որակյալ կաթնամթերք:
«Ինչպես անցած տարի հայտարարեցինք, օպերատիվ շտաբի բոլոր որոշումները պետք է լինեն հրապարակային: Դրանք տեղադրված են կառավարության կայքում, մեր նպատակն է, որ հասարակությունը եւս հնարավորություն ունենա վերահսկելու` ինչպես են ծախսվում այս միջոցները եւ արդյո՞ք ծառայում են իրենց բուն նպատակին, թե ոչ», ասաց Տիգրան Սարգսյանը:
Վարչապետն անդրադարձավ մեկ այլ հարցի եւսՙ «Միասին» հասարակական շարժման առաջարկին, որի էությունը մաքուր Հայաստան ունենալն է: «Իմ հանձնարարությամբ ստեղծվեց աշխատանքային խումբ` բնապահպանության նախարարի գլխավորությամբ: Նպատակն էր ստեղծել ազգային ծրագիր, որի մշակմանը կմասնակցեն բոլոր հասարակական կազմակերպությունները», տեղեկացրեց Տիգրան Սարգսյանը, ավելացնելով, որ «Մաքուր հայրենիք» ծրագրի հրապարակային առաջին ակցիան կիրականացվի մայիսի 29-ին Երեւան քաղաքում հասարակական կազմակերպությունների հետ:
Ա. Մ.