«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#91, 2010-05-19 | #92, 2010-05-20 | #93, 2010-05-21


2010-Ի ՀՈՒՆՎԱՐ-ԱՊՐԻԼԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԸՙ 7,2 ՏՈԿՈՍ

Սակայն ապրիլին մարտի համեմատ անկում է գրանցվել

Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության հրապարակած 2010-ի հունվար-ապրիլ ամիսների օպերատիվ սոցիալ-տնտեսական ցուցանիշների համաձայնՙ Հայաստանի տնտեսական աճը կազմել է 7,2 տոկոս: Համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) կազմել է 777 մլրդ 558 մլն դրամ: Թեեւ մարտին փետրվարի համեմատ աննախադեպ կտրուկ աճ էր արձանագրվելՙ 43,1 տոկոսով, ապրիլին մարտի համեմատ արձանագրվել է անկումՙ 5,9 տոկոսով: Բնական է հարց է ծագում, թե այդ դեպքում ինչպե՞ս եղավ, որ հունվար-մարտի 5,5 տոկոս աճից հետո, հունվար-ապրիլին աճը կազմեց 7,2 տոկոս: Բանն ան է, որ 2010-ի այս ժամանակահատվածը համադրվում է 2009-ի հունվար-ապրիլի հետ, երբ շարունակվում էր կտրուկ անկումը եւ երբ ապրիլին մարտի նկատմամբ նույնպես արձանագրվել էր կտրուկ անկում:

Ըստ տնտեսության ճյուղերիՙ հետեւյալ ցուցանիշներն են արձանագրվել: Արդյունաբերությունում աճը կազմել է 12,9 տոկոս: Սակայն ապրիլին մարտի համեմատ արձանագրվել է անկում 2,9 տոկոսով: Էլեկտրաէներգիայի արտադրություն հունվար-ապրիլին աճել է 14,1 տոկոսով, իսկ ապրիլին մարտի համեմատ չնչին նվազելՙ 0,2 տոկոսով: Գյուղատնտեսությունն ունեցել է 1 տոկոս անկում, իսկ ապրիլին մարտի նկատմամբՙ 5,2 տոկոս աճ: Մանրածախ առեւտրում արձանագրվել է 2,3 տոկոս աճ, իսկ ապրիլին մարտի համեմատՙ 4 տոկոս աճ: Շինարարությունը վերջապես աճ է արձանագրելՙ 8,8 տոկոսով, թեեւ այստեղ ապրիլին մարտի նկատմամբ զգալի անկում է գրանցվելՙ 22,3 տոկոսով: Այս տարվա հունվար-ապրիլին ծառայությունների ոլորտում արձանագրվել է 6,4 տոկոս աճ, իսկ ապրիլին մարտի նկատմամբՙ 12,1 տոկոս անկում:

Արտաքին առեւտրաշրջանառությունն ավելացել է 30,9 տոկոսով եւ կազմել 1 մլրդ 408 մլն դոլար: Արտահանումը կազմել է գրեթե 290 մլն դոլար, դարձյալ արձանագրելով էականՙ 64,3 տոկոս աճ: Ապրիլին մարտի համեմատ արտահանման աճը կազմել է 20,6 տոկոս: Ներմուծումը կազմել է գրեթե 1 մլրդ 119 մլն դոլար, աճելով 24,4 տոկոսով: Ապրիլին մարտի համեմատ ներմուծման աճը կազմել է 1,9 տոկոս: Արտաքին առեւտրի բացասական հաշվեկշիռը, այդուհանդերձ, շարունակել է խորանալՙ կազմելով մոտ 829 մլն դոլար:

Միջին ամսական աշխատավարձը Հայաստանում հունվար-ապրիլին կազմել է մոտ 104 հազար դրամ, մասնավոր հատվածում կազմել է 133 հազար դրամ, պետականումՙ 83 հազար դրամ: Հունվար-ապրիլին գնաճը կազմել է 8 տոկոս նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Պաշտոնապես գրանցված գործազուրկների քանակն ավելացել է 4,9 տոկոսով:

Ամփոփելովՙ հարկ ենք համարում նշել, որ թեեւ տնտեսական աճի ցուցանիշը բարձրացել է եւ կազմել 7,2 տոկոս, սակայն մարտի համեմատ ապրիլի ցուցանիշները հիմնականում նվազում են արձանագրել: Տնտեսական աճի իրական պատկերը, թերեւս, պարզ կդառնա մայիս ամսից սկսած, քանի որ անցյալ տարի հենց այս ամսից յուրաքանչյուր նախորդ ամսվա համեմատ մեր տնտեսությունն աճում էրՙ տնտեսական ճգնաժամի հետեւանքով կտրուկ անկումից հետո:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4