Հայաստանի Հանրապետությունում պետական լեզուն հայերենն է: Սահմանադրությամբ ամրագրված այս դրույթը կարծես թե մեկընդմիշտ փակում է մայրենի լեզվի դեմ գոնե պետականորեն ոտնձգություններ կատարելու հնարավորությունը: Բայց...
Ինչպիսի՞ն է հանրակրթության վիճակը Հայաստանում: «Բոլոնիայի գործընթաց», «միջազգային չափանիշներ», «հայեցի կրթություն», «մատաղ սերունդ» եւ նմանատիպ այլ ճռճռան ու շատերիս համար անհասկանալի ձեւակերպումները թողնենք ոլորտի պատասխանատուներինՙ հերթական ասուլիսի կամ հեռուստաելույթի ժամանակ օգտագործելու կամ հերթական թանկարժեք ուղեցույցի կամ գրքույկի մեջ ներառելու համար: Դպրոցահասակ երեխա ունեցող ծնողի նույնիսկ ոչ մասնագիտական եւ թռուցիկ հայացքն էլ բավական է հասկանալու, որ լուրջ ու առաջին հայացքից խելացի թվացող դեմքերով մեր պետական այրերի բացատրությունները, հավաստիացումները եւ խոստումները մեծամասամբ ու պարզապես խոսքեր են: Չեմ ցանկանում շատ հոռետես լինել ու կարծել, որ հանրակրթության բնագավառի անխտիր բոլոր պատասխանատուներն են, որ չտեսնելու են տալիս անդունդի մեծությունը, որ կա պաշտոնական գնահատականների եւ իրական կյանքի միջեւ: Բայց եւ փաստ է, որ հայկական դպրոցում, մեղմ ասած, ամեն ինչ չէ, որ բարվոք վիճակում է: Միայն այն, որ դասավանդվող առարկաների եւ գործնական աշխատանքների քանակը վերջին 1-2 տարիների նորամուծությունների արդյունքում բավականին աճել է, բավական է, որ 6-7-րդ դասարանի աշակերտը ստիպված լինի քնելուց եւ սնվելուց ազատ մնացած իր ողջ ժամանակը տրամադրել դասապատրաստմանը: Պարզ է արդեն, թե ինչպիսին կլինի արդյունքը: Դեռ մի կողմ թողնենք այն բազմաթիվ մանր ու մեծ թերացումներն ու ախտերը, որ համառորեն չեն ուզում դուրս գալ մեր կրթօջախներիցՙ դրամահավաքություն (որի դեմ տարբեր հաջողությամբ պայքարում են միմյանց փոխարինող ԿԳ բոլոր նախարարները), դասավարման պրոցեսի նկատմամբ ուսուցիչների կողմից ձեւական, աշակերտների կողմիցՙ անտարբեր վերաբերմունք, «ստուգողներ են գալու»-ի ժամանակ միայնՙ որոշակի կարգապահություն ու ձգվածություն... Շարքը կարող են շարունակել հատկապես նրանք, ովքեր դպրոցահասակ երեխա ունեն:
Ինչ խոսք, կլինեն եւ կա՛ն կրթօջախներ, որտեղ դրական կողմերն էլ քիչ չեն, բայց դրանք բացառությունների շարքից են:
Ու այս համապատկերին լրջորեն քննարկել եւս մեկ նորամուծություն ներմուծելու մեր կրթական ոլորտՙ օտարալեզու դպրոց թե մեկ այլ անվան տակ, կարծում եմՙ անտեղի է: Հայալեզու հայկական դպրոցն առողջացնելու, ամուր հիմքերի վրա դնելուց հետո միայն կարելի է այդ մասին մտածելՙ տեղում չդոփելու, առաջ գնալու, համաշխարհային հանրությանն ու ձեռքբերումներին ինտեգրվելու բնական պահանջից ելնելով: Բայց ոչ հիմա, երբ մեր դպրոցն անառողջ է այսքան:
ԱՐԾՐՈւՆ ԿՈՍՏԱՆԴՅԱՆ, Report.am