Դրանք արդեն անխուսափելի էին դարձել հայերի բնաջնջումով եւ այդ բնաջնջմանը քրդերի սիրահոժար մասնակցությամբ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
Պրոֆ. Յուսուֆ Հալաչօղլուն Հայոց ցեղասպանության թուրքական ժխտողականության հանրահայտ ջատագովն է: Ոչ պակաս հայտնի են նրա հայատյացության դրսեւորումները: Անկախ ժխտողականության դիրքերի սպառումից, երբ նա Թուրքական պատմական ընկերության նախագահն էր, ի պաշտոնե ժխտողականությունը հիմնավորելու փորձեր էր կատարում: Թեեւ պաշտոնից ազատվելուց հետո ձերբազատվել է նաեւ ժխտողականության հիմնավորման պետական առաջադրանքը կատարելու երանելի պարտականությունից, սակայն նրա ենթագիտակցության մեջ տեղակայված հայատյացությունը հանգիստ չի տալիս, եւ նա պարտավորված շարունակում է հետամուտ լինել հայկական դավադրության որոնումներին:
Խոսքը տվյալ դեպքում Քուրդիստանի աշխատավորական կուսակցությանՙ PKK-ի ղեկավար մարմնին հայկական ծագում վերագրելու Հալաչօղլուի վերջին հայտարարության մասին է: Նա այդ հայտարարությունն արել է մայիսի 19-ին Քոջաելի քաղաքում կազմակերպված գրքի տոնավաճառում: Հալաչօղլուն, թուրքական «Ինտերաժանս» գործակալության վկայությամբ, ասել է. «Արեւմուտքը ի վիճակի չլինելով ռազմական գերազանցության հասնել Օսմանյան կայսրության դեմ, փորձեց պետությունը ներսից քանդել: Իրականում պատմությունը կրկնվում է: Մեր օրերում էլ փորձում են ներքին խառնակչություններ առաջացնել Թուրքիայում: Հրահրում են ալավի-սուննի, թուրք-քուրդ բախումներ, որ խախտվի մեր միասնականությունը»:
Այնուհետեւ նա թուրք-քուրդ բախումների հրահրումը պայմանավորել է PKK-ով եւ նշել է, որ այս կազմակերպության ղեկավար մարմինը կազմված չէ քրդերից, դրա անդամների մեծամասնությունը հայեր են: Ապա Հալաչօղլուն, աղավաղելով ապստամբության իմաստը, ավելացրել է. «Ուզում են թուրք-քրդական ապստամբություն բարձրացնել: Կազմակերպության ղեկավար մարմինը սրանք (հայերն) են կազմում: Այդ իսկ պատճառով էլ միասնականության կարիքն ունենք: Քանի դեռ մենք միասնական ենք, չեն կարող մեզ մասնատել»:
Նախ ասենք, որ PKK-ն կազմավորվել է 1978-ի նոյեմբերի 27-ին: Դրան է հետեւել այս կազմակերպության ռազմական կառույցները հանդիսացող Քուրդիստանի ազատագրության ժողովրդական բանակի` ARGK-ի, ապա Քուրդիստանի ազատագրության ազգային ճակատիՙ ERNK-ի կազմավորումը համապատասխանաբար 1984-ի օգոստոսի 15-ին եւ 1985-ի մարտի 21-ին: Հենց այդ տարիներին սկզբնավորվեց PKK-ի զինված պայքարը թուրքական պետության դեմ:
Այս պայքարն ապստամբությո՞ւն է, թե՞ ահաբեկչություն, թող որոշի Հալաչօղլուն: Բայց որ 1923-ի հոկտեմբերի 29-ին հռչակված Թուրքիայի Հանրապետության ավելի քան 80-ամյա պատմության ընթացքում մեծ ու փոքր քրդական 47 ապստամբություն է եղել, եւ այդ փաստը թուրքական մամուլի բազմաթիվ հրապարակումներում արձանագրվել է, կասկած չի հարուցում:
Ընդ որում, քրդական առաջին ապստամբությունը, որը կոչվում է ղեկավարիՙ շեյխ Սայիդի անունով, բռնկվել է 1924-ի մարտին, այսինքնՙ Թուրքիայում հանրապետական կարգերի հռչակումից ընդամենը 5 ամիս հետո, իսկ 1925-ինՙ ճնշվել: Դրան հաջորդել են 1927-1931 թթ. Արարատի եւ 1937-1938 թթ. Դերսիմի համաքրդական ապստամբությունները, իսկ մյուսները տեղային բնույթ կրելու պատճառով լայն արձագանք չեն գտել:
Թուրքական իշխանությունները ամենայն դաժանությամբ ճնշել էին դեռեւս մի քանի տարի առաջ իթթիհատականների, ապա եւ քեմալականների առաջադրանքով 1915-23 թթ. սիրահոժար հայերի ցեղասպանությանը ընչաքաղց թուրք մարդասպանի հետ մասնակցող, անդրշիրիմյան աշխարհում դրախտ ընկնելու համար «գոնե 3 հայի սպանությունը» սրբազան պարտք համարող, անպաշտպան կանանց եւ երեխաներին անխնա հոշոտող եւ հոշոտելուց ստացած բավականությունը, հայտնի իրավապաշտպան Ռագըփ Զարաքոլուի դիպուկ արտահայտությամբ, «հայ սպանելը պարծենկոտությամբ» արտահայտող ապստամբ քուրդ աշիրաթներին, առանց, իհարկե, խնայելու կանանց ու երեխաներին, ինչպես հայերի պարագայում չէին խնայում իրենքՙ քրդերը:
Այլ կերպՙ հայերը թուրք-քուրդ բախումներ չեն հրահրել, դրա կարիքն էլ չունեն: Նրանք պարզապես հավասարակշռել են թուրքերի եւ քրդերի հարաբերությունները: Տրամաբանական է, որ հայերի բնաջնջումը հանգեցնելու էր այդ հավասարակշռության խախտման, իսկ խախտումն անխուսափելի էր դարձնելու թուրք-քուրդ բախումները: Քանի որ բնաջնջումը թուրքերի հետ սերտ համագործակցությամբ իրականացրել են նաեւ քրդերը, ուստի իրենք են ստեղծել բախումների անհրաժեշտ նախադրյալները: Այսպիսովՙ հայերի բնաջնջումը ոխերիմ թշնամիներ է դարձրել երբեմնի դաշնակիցներին:
Ավելին, հայերի բնաջնջմանը սիրահոժար մասնակցությունը թուրք ժողովրդի հոծ զանգվածների մեջ վերստին արթնացրել էր անասնապահ քոչվոր ցեղերի վայրենությունը, իսկ կիսավայրենի քրդական աշիրաթներն արդեն քոչվոր էին, հետեւաբար անհրաժեշտ նախադրյալների, ինչպես նաեւ թշնամանքի առկայությամբ, առնվազն բախումների չափ անխուսափելի դարձան դրանց դաժան բնույթն ու ավելի քան արյունահեղ ընթացքը: Այսինքն, թուրք-քուրդ բախումների դաժանության եւ արյունահեղության հիմքում եւս հայերի նկատմամբ թուրքերի եւ քրդերի մարդասպան համատեղ գործունեությունն է:
Պրոֆ. Յուսուֆ Հալաչօղլուն իբրեւ պատմաբան, այն էլ իր գիտական ողջ գործունեությունը Հայոց ցեղասպանության թուրքական ժխտողականությունը հիմնավորելու գործին նվիրած, չի կարող այդ ամենի մասին չիմանալ: Գիտի, բայց հետամուտ լինելով տեսականորեն հայ-քուրդ բախումներ հրահրելու պետական առաջադրանքին, հայերի բնաջնջումով Թուրքիայում անխուսափելի դարձած թուրք-քուրդ բախումները վերագրում է Թուրքիան մասնատելու հայկական նկատառումներին: