ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ
Վաղն Արցախում տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ` թվով հինգերորդը: Այս ընտրությունների առանձնահատկությունն ամենից առաջ այն է, որ համամասնական ընտրակարգով հատկացված է 17 պատգամավորական տեղ` նախկին 11-ի փոխարեն: Գլխավոր ֆավորիտները, ըստ տաբեր հարցումների, երկուսն են` «Ազատ հայրենիք» եւ Արցախի ժողովրդավարական կուսակցությունները, թեպետ Հայ հեղափոխական դաշնակցությունը եւս ունի լավագույն հնարավորություններ Ազգային Ժողովում առավել պատգամավորական տեղեր ապահովելու համար: Հիշեցնենք, որ քաղաքական այս ուժը նախորդ` չորրորդ գումարման Ազգային Ժողովում ուներ ընդամենը մեկ մանդատ:
Առաջին անգամ, դարձյալ հարցումների արդյունքներով, խորհրդարան մտնելու շանս ունի Արցախի կոմունիստական կուսակցությունը:
Թե ինչպիսին կլինեն ընտրությունների իրական արդյունքները, պարզ կդառնա կիրակի օրը, իսկ բուն քարոզարշավի ընթացքը թերեւս կարելի է գնահատել իբրեւ ԼՂՀ խորհրդարանական ընտրությունների պատմության ողջ ընթացքում ամենախաղաղը, որովհետեւ այն ընթացել է հնարավորինս կոռեկտության պայմաններում: Չեն արձանագրվել ընտրապայքարի այն որոշ սուր դրսեւորումները, որոնք բնորոշ էին անցած ընտրություններին: Դա նշանակում է նաեւ, որ հաջորդ գումարման խորհրդարանում պատգամավորական խմբակցությունների խաղաղ գոյակցություն է լինելու` կուսակցությունների կողմից դեռեւս 2007-ին հավանության արժանացած` ԼՂՀ նախագահի նախընտրական ծրագրի շուրջ համախմբվածությամբ:
ԼՂՀ անկախության ժամանակահատվածում անցկացված բոլոր մակարդակների ընտրություններն էլ աչքի են ընկել ժողովրդավարական չափանիշներին համապատասխանությամբ, ինչը յուրաքանչյուր անգամ հաստատել են միջազգային դիտորդները: Այս անգամ էլ բացառություն չի լինի: Ինչ մնում է վերջին օրերի թուրք-ազերական բացասական արձագանքներին, ապա դրան կարելի է ուշադրություն չդարձնել թեկուզ այն պարզ բացատրությամբ, որ Ստեփանակերտ ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ոչ մի անգամ կասկածի տակ չեն առել Ղարաբաղում ընտրությունների արդյունքներով ձեւավորված իշխանությունների լեգիտիմությունը: Նրանք պարբերաբար հանդիպել են ԼՂՀ ղեկավարության հետ, մասնավորապես նաեւ խորհրդարանականների հետ` հենց պառլամենտի շենքում: Եվ սա այն կարեւոր գնահատականն է, որ փաստացի տրվել ու տրվում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության լուծմամբ շահագրգիռ միջնորդների կողմից:
Խորհրդարանական ընտրությունները հերթական քայլն են հանդիսանալու ԼՂՀ-ում ժողովրդավարության ամրապնդման ուղղությամբ: Անկախ այն բանից, թե քաղաքական ո՞ր ուժերն են հաղթելու ընտրապայքարում` շահողը ժողովուրդն է լինելու: Ղարաբաղում համընդունելի է թեւավոր դարձած այն միտքը, ըստ որի` հայրենիքում թշնամիներ չեն լինում: Դա ուսուցանել է սեփական պատմությունը, հատկապես վերջին 20 տարում: