«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#93, 2010-05-21 | #94, 2010-05-22 | #95, 2010-05-25


ԼՂՀ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸՙ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ

Խորհրդարանական ընտրությունները Ղարաբաղում անցել են միջազգային չափանիշներին համապատասխան` թափանցիկ եւ արդար: Սա ընտրություններին հետեւող դիտորդների ամփոփ գնահատականն է, որ տվել են նրանք ընտրությունների ավարտից անմիջապես հետո եւ հաջորդ օրը:

Ռուսաստանի Դաշնության Պետդումայի պատգամավոր Իգոր Չերնիշենկոն, օրինակ, համեմատելով Եվրոտարածքում անցկացված մի շարք ընտրությունների հետ, որտեղ ինքը դիտորդի կարգավիճակով նույնպես եղել է, ղարաբաղյան ընտրությունները կազմակերպվածության մակարդակի եւ թափանցիկության առումով քիչ տարբերության մեջ է տեսնում: Լրագրողների հետ ճեպազրույցում նա հույս է հայտնել, որ նոր խորհրդարանը կզարգացնի արդեն ձեւավորված ժողովրդավարական ավանդույթները եւ իրապես կձգտի հասնել Ղարաբաղի կարգավիճակի միջազգային ճանաչմանը:

Իսկ նոր խորհրդարանը, հակառակ բոլոր հրապարակված կանխատեսումների, կունենա ընդգծված առաջատար քաղաքական ուժ` ի դեմս «Ազատ հայրենիք» կուսակցության: Վարչապետ Արա Հարությունյանի գլխավորած կուսակցությունը համամասնական ընտրակարգում ստացել է 46.4 տոկոս ձայն:

Ինչպես եւ սպասվում էր, Արցախի ժողովրդավարական կուսակցությունը ընտրության արդյունքներով երկրորդն է` 28.6 տոկոս: Սակայն թվային այսպիսի տարբերությունը հազիվ թե վերլուծաբանների համար կանխատեսելի էր:

Հայ հեղափոխական դաշնակցությանը կողմ է քվեարկել ընտրողների 20.2 տոկոսը: Եթե համեմատենք նախորդ ընտրությունների հետ, դա միանգամայն լավ արդյունք է, սակայն ակնկալումը, այս կուսակցության հնարավորությունների գնահատումով, ավելի մեծ էր:

Արցախի կոմկուսն առհասարակ չարդարացրեց սպասումները. կուսակցությունը չկարողացավ ապահովել անհրաժեշտ 6 տոկոսը, ինչը նրան զրկում է խորհրդարան մտնելու հնարավորությունից:

ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացրած այս տվյալները նախնական են, սակայն հազիվ թե վերջնական արդյունքները հրապարակելուց հետո ուժերի հարաբերակցության մեջ էական բան փոխվի: Ասել է թե` կա այն, ինչ արդեն կա: Եվ մնում է միայն շնորհավորել նորընտիր խորհրդարանի պատգամավորներին ու հաջողություններ մաղթել:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը եւս մեկ անգամ ապացուցեց, որ ինքը ժողովրդավարության անվերապահ կողմնակից է եւ ունակ է ինքնուրույն որոշելու սեփական ճակատագիրը:

ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4