Ղազախստան ուղեւորվելու ճանապարհին ինքնաթիռում Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը պատասխանել է լրագրողների հարցերին: Թերեւս կարելի էր չանդրադառնալ այս լուրին, եթե նա, ինչպես երեկվա համարում գրում է «Սթարը», մեկ անգամ եւս չընդգծեր, որ «քրդական հարցը» Թուրքիայի կարեւորագույն խնդիրն է, իսկ Հայաստանի առնչությամբ չասեր. «Միառժամանակ անձայն եւ հետեւողական դիվանագիտություն է պետք»:
Նախագահ Գյուլը քրդական հարցի առնչությամբ, ըստ «Սթարի», ասել է. «Սա ոմանց համար հարավարեւելյան, ոմանց համար քրդական, ոմանց համար էլ ահաբեկչության հարց է: Ամենայն լրջությամբ պետք է լուծվի: Պետք է վերջ գտնի ահաբեկչությունը: Կարեւոր են նաեւ կիպրական եւ հայկական հիմնախնդիրները: Սակայն ավելի կարեւորը սեփական տան անդորրն է»: Այնուհետեւ նա շարունակել է. «Հայաստանի հարցում աշխատանքները պետք է տանել անձայն ու հետեւողական: Առկա ստատուս քվոն չի համապատասխանում ոչ մեկի, այդ թվումՙ շահագրգիռ երկրների շահերին: Աշխատանքներն անձայն շարունակվում են»:
Հ. Չ.