Այդ մասին երեկվա համարում տեղեկացրել էր «Հյուրիեթը»: Ահա թե ինչ է գրում. «Վերջապես թույլատրվեց տեղադրել Վանա լճի հայոց աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող Աքդամարի (Ախթամար) եկեղեցու խաչը: «Էֆես» հիմնադրամի շնորհանդեսին, պատասխանելով «Աթլաս» հանդեսի հարցերին, Թուրքիայի մշակույթի եւ զբոսաշրջության նախարար Էրթուղրուլ Գյունայն ասաց, որ Վանի բնության եւ մշակութային արժեքների պահպանման խորհուրդը որոշում է ընդունել, որ տեղադրվի Աքդամարի Սուրբ Խաչ եկեղեցու խաչը: Այսպիսով, Թուրքիայի Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ թույլատրվում է խաչ տեղադրել այդպիսի կարեւորություն ունեցող եկեղեցիներից մեկում:
Մեսրոպ Բ պատրիարքի վատառողջության պատճառով նրան փոխարինող եւ համայնքի ամենալիազոր ներկայացուցիչը համարվող Թուրքիայի հայերի հոգեւոր խորհրդի նախագահ Արամ արք. Աթեշյանը նշեց, որ այդ մասին իրենք իրազեկված չեն, ոչ մի գրություն դեռ չեն ստացել, ավելացնելով. «Իհարկե, խաչի տեղադրման լուրը մեզ այնքան ուրախացրեց, որքան եկեղեցում պատարագի մատուցման լուրն էր»:
Պատասխանելով մեր հարցին, նախարար Գյունայն ասաց, որ սա նոր տեղեկություն է, այդ իսկ պատճառով հրապարակելու առիթ չի ունեցել, ապա եւ ընդգծեց. «Վանի մշակութային արժեքների պահպանման խորհուրդն այդ որոշումը նոր է ընդունել: Նույնիսկ շատ նոր: Թեեւ Վանի նահանգապետը խնդրել էր, որ ես հայտարարեմ այդ մասին, բայց Հունաստան այցելեցի, ես այնտեղ մամուլին ասել եմ: Թուրքիայում առաջին անգամ եմ ասում: Եկեղեցու խաչը կտեղադրվի սեպտեմբերին նախատեսվող ժամերգությունից առաջ»:
Խաչի տեղադրումն ինքնին արարողություն է ենթադրում: Դրա առնչությամբ հոգեւոր խորհրդի նախագահ Աթեշյանը նշեց. «Եկեղեցին շուրջ մեկ դար փակ է մնացել: 19-րդ դարի 90-ական թվականներին եղել է կաթողիկոսի նստավայր: Որպես կանոն, երբ խաչ են տեղադրում եկեղեցու գմբեթին, որեւէ հոգեւորական գմբեթ է բարձրանում, որ մյուռոնով օծի խաչը: Քանի որ մենք չենք օծել եկեղեցին, ուստի խաչի օծման կարիք չկա»:
Ի դեպ, 2007-ին վերականգնումից հետո Թուրքիայի հայերը Սուրբ Խաչ եկեղեցու խաչը տեղադրելու պահանջով դիմել էին Մեսրոպ Բ պատրիարքին, որն էլ խաչը պատվիրել եւ Վան էր ուղարկել: Սակայն տեղադրելու թույլտվության բացակայության պատճառով խաչը դրվել էր պահեստ»:
Հ. Չ.