«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#93, 2010-05-21 | #94, 2010-05-22 | #95, 2010-05-25


ՎԱՆԻ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՆԻՍՏՆ ՈՒ ՀԱՄԵՐԳԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ

Մեծ եղեռնի օրերին հայ ժողովուրդն ունեցել է նաեւ հերոսական ինքնապաշտպանության փայլուն օրինակներ:

«1915 թվականին հայերը չեն գնացել ու կոտորվել «ոչխարի» նման», ասել է վանեցի Հայրիկ Մուրադյանը , որի խոսքերի ապացույցը Վանի հերոսամարտն է: Եթե Վանի ինքնապաշտպանության ու նրա կազմակերպիչների մասին այսօր չեն հիշում պետականորեն, դա դեռ չի նշանակում, որ մոռացել են նաեւ վանեցիների ժառանգներն ու ճշմարիտ հայրենասերները: Այս տարի լրանում է 1915 թ.-ի Վանի հերոսամարտի 95-ամյակը, որին նվիրված մի շարք միջոցառումներ են համատեղ կազմակերպել Արմենական-Ռամկավար ազատական կուսակցությունը եւ «Վասպուրական» հայրենակցական միությունը:

«Վանի հերոսամարտի ժամանակ հայ ժողովուրդը միակամ էր, եւ ծնկի չգալով թշնամու առաջ` հայերն ունեցան փայլուն հաղթանակ», ասաց «Վասպուրական» հայրենակցական միության նախագահ Գագիկ Բաղդասարյանը Վանի հերոսամարտին նվիրված հանդիսավոր նիստի ժամանակ:

Հանդիսավոր նիստն ու դրան հաջորդող համերգային ծրագիրը կազմակերպել էին Արմենական-ՌԱԿ-ը եւ «Վասպուրական» հայրենակցական միությունը մայիսի 22-ին Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում:

«Վանի հերոսամարտը տեւել է 27 օր` սկսվել է ապրիլի 7-ին, ավարտվել մայիսի 3-ին: Այդ օրերին փրկվեց առնվազն 200 հազար վասպուրականցու կյանք», իր զեկույցում նկատեց «Վասպուրական» հայրենակցական միության փոխնախագահ, ազգագրագետ Հարություն Մարությանը : Ազգագրագետի փոխանցմամբ` Վանն Արեւմտյան Հայաստանի միակ խոշոր քաղաքն էր, որտեղ մղվող ինքնապաշտպանությունը պսակվեց հաջողությամբ, եւ դրա գաղտնիքը հայ քաղաքական կուսակցությունների համախմբվածության մեջ էր:

Տոնի կապակցությամբ ստացվել էին տարբեր ուղերձներ եւ հեռագրեր` ԱՄՆ-ի Համավասպուրական հայրենակցական միության կենտրոնական վարչությունից, Մոսկվայի վասպուրականցիներից, Ֆրանսիայի «Վասպուրական» միությունից, Երեւանի քաղաքապետից եւ ուրիշներից:

Քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի ուղերձում նշված էր, որ Վանի ճանաչված վարպետները, արհեստագործներն ու մտավորականությունը, հանգրվանելով Երեւանում, իրենց գիտելիքներն ու հմտությունները նվիրումով տրամադրեցին մեր մայրաքաղաքի զարգացման համար:

Թուրքական յաթաղանից փրկված 200 հազար հայերը, հանգրվանելով Հայաստանի այժմյան տարածքում, կարեւոր դեր խաղացին հայկական գենոֆոնդի պահպանման ու զարգացման գործում:

«Պետականորեն նշվող տոների շարքում առայժմ բացակայում է Վանի հերոսամարտը», նշեց Հ. Մարությանը:

Վանի ինքնապաշտպանության հանդեպ պետական բարձրաստիճան պաշտոնյաների անտարբերության հերթական ապացույցը նիստի եւ համերգի ժամանակ նրանց բացակայությունն էր:

Արմենական-ՌԱ կուսակցության վարչության անդամ, պատմաբան Սուրեն Սարգսյանն իր ելութը նվիրեց Արմենական կուսակցությանը, որի անդամները եղել են Վանի ինքնապաշտպանության կազմակերպիչներից:

Ըստ Ս. Սարգսյանի` Արմենական կուսակցությանն ու նրա գործունեությանը նվիրված քիչ աշխատություններ կան, բայց բոլորն էլ միակարծիք են, որ կուսակցության ծրագիրը, թեեւ լինելով ոչ հստակ, այնուամենայնիվ, ազդեցություն չէր կրում գաղափարական ոչ մի արտաքին հոսանքից:

«Ինչեւէ, մենք բոլորս հայեր ենք, եւ անկախ նրանից, թե որ կուսակցությանն ու գաղափարախոսությանն ենք հարում, պետք է լինենք միակամ: Երբ միակամ ենք, մեր հաղթանակն ապահովված է», հավելեց Սուրեն Սարգսյանը:

Ելույթներով հանդես եկան նաեւ «Մուսա լեռ» հայրենակցական միության նախագահ Պերճ Ղազարյանը, որը փոխանցեց Հայաստանի հայրենակցական միությունների խորհրդի ողջույնի խոսքը, Հնաբնակ երեւանցիների ասոցիացիայի նախագահ, պրոֆեսոր Կառլեն Բաբայանը , ՀՅԴ ներկայացուցիչ Արմեն Ասրյանը եւ այլք:

Միջոցառման ժամանակ Վանի Հերոսամարտի մասնակից Ավետիս Խաչատրյանի թոռը` Ժիրայր Փխրիկյանը «Վասպուրական» միությանը նվիրեց Վանի ինքնապաշտպանության քարտեզի բնօրինակը:

«Ավետիս Խաչատրյանը մայրիկիս հայրն է: Իմ հայրը նույնպես մասնակցել է Վանի ինքնապաշտպանությանը եւ քարտեզի բնօրինակը նա է Վանից բերել Երեւան», «Ազգին» ասաց Ժիրայր Փխրիկյանը:

Նիստին հաջորդեց համերգային ծրագիրը, որի ընթացքում կատարումներով հանդես եկան Ա. Սպենդիարյանի անվան եւ Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցների սաները. «Օշական» կվինտետը, բլուլահար Նորայր Քարտաշյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Ռուբեն Սահակյանը եւ ուրիշներ:

Խրիմյան Հայրիկին նվիրված հայտնի «Հայրիկ, հայրիկ» երգը կատարեց «Շողակն» համույթի մենակատար Հասմիկ Հարությունյանը, որը եղել է Հայրիկ Մուրադյանի սանը:

«Գրեթե ամբողջ երգացանկս Արեւմտյան Հայաստանի մշակույթի արտահայտումն է: Ես պատգամ ունեմ Հայրիկ Մուրադյանից` ծառայել Արեւմտյան Հայաստանի մշակույթին եւ այն փոխանցել սերունդներին», «Ազգի» հետ զրույցում ասաց Հասմիկ Հարությունյանը:

ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ


Նկար 2. Ժիրայր Փխրիկյանը Գագիկ Բաղդասարյանին է հանձնում քարտեզը: Ձախիցՙ օրվա հանդիսավար Կարեն Քոչարյան:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4