Հայտարարել է պրոֆ. Բասքըն Օրանը Դիարբեքիրի կոնֆերանսում
Հանգուցյալ Հրանտ Դինքի մտերիմներից Բասքըն Օրանն Անկարայի համալսարանի քաղաքական գիտելիքների ֆակուլտետի պրոֆեսոր է: Մասնակցել է «Հայերից ներողություն խնդրելու» ստորագրահավաքի կազմակերպմանը, որքան էլ անձամբ խուսափի 1915-ի իրադարձությունների առնչությամբ ցեղասպանություն բառն օգտագործումից: Հոդվածներով հանդես է գալիս նաեւ «Ակօսում»:
Հոդվածներում Օրանն աչքի է ընկնում Թուրքիայի առջեւ ծառացած խնդիրներին, ազգային փոքրամասնությունների Լոզանի պայմանագրով ամրագրված իրավունքներին, երկրի կրոնական եւ էթնիկ խմբավորումներին, ինչպես նաեւ Հայկական հարցին եւ Հայաստանին ուրույն մոտեցումներով, հաճախակի քննադատում է այս հարցերի նկատմամբ թուրքական պետության որդեգրած դիրքորոշումը: Նրա հոդվածներն էլ աչքի են ընկնում մտքի սրությամբ:
Օրերս նա հրավիրվել է Դիարբեքիրՙ մասնակցելու «Դիջլե» համալսարանի կազմակերպած հասարակական գիտությունների երկրորդ կոնֆերանսին, որտեղ քննարկման է դրվել ազգային ինքնության խնդիրը: Այս հանդուգն նախաձեռնության համար Օրանը շնորհակալություն է հայտնել համալսարանին, ապա ելույթ է ունեցել եւ ելույթում մատնանշել է, որ հայերի տեղահանության կարեւորագույն պատճառը հայկական բարենորոգումների մասին Ենիքոյում ստորագրված ռուս-թուրքական պայմանագիրն է: Թերեւս դրանով էլ Հայոց ցեղասպանությունը խեղաթյուրել է, դարձնելով տեղահանություն, իսկ տեղահանություննՙ արդարացրել:
Մինչ պրոֆ. Օրանի ելույթին անդրադառնալը, այդ համաձայնագրի մասին մեջբերենք երջանկահիշատակ Ջոն Կիրակոսյանի «Հայաստանը միջազգային դիվանագիտական եւ սովետական արտաքին քաղաքականության փաստաթղթերում» արժեքավոր ժողովածուի ավելի քան արժեքավոր «Առաջաբանում» գրած տողերը:
Ահա թե ինչ է գրել. «1914 թ. հունվարի 26-ին (փետրվարի 8-ին) կնքված ռուս-թուրքական համաձայնագիրը հայկական ռեֆորմների մասին այդպես էլ չիրագործվեց: 1914 թ. մայիսի 10-ին թուրքական կառավարության եւ հրահանգիչ պաշտոնների համար առաջադրված հոլանդացի Վեստենենկի եւ նորվեգացի Հոֆի միջեւ կնքված կոնտրակտով, վերջիններս դառնում էին, ըստ էության, թուրքական պաշտոնյաներ: Այսինքնՙ բարենորոգումները ոչ թե ուղղվեցին թուրքական բռնակալական ռեժիմի դեմ, այլ կարող էին իրականացվել երիտթուրքական կառավարության միջոցով»:
Օրանը կարող է լավ մասնագետ լինել, հմուտ քաղաքագետ, սակայն մի ամբողջ ժողովրդի բնաջնջումն արդարացնելու դեպքում մտավորական չի լինի, որովհետեւ մտավորականի գլխավոր արժանիքը, ակադեմիկոս Սախարովի արտահայտությամբ, ազնվությունն է:
Համենայն դեպ, թուրքական ինտերնետային «Բեյազ.գազեթեի» մայիսի 21-ի համարի վկայությամբ, ելույթում Օրանը նշել է, որ 1071-ին Մանազկերտի ճակատամարտում քրդերն ու հայերն օգնել են սելջուկյան սուլթան Ալփ Արսլանին, պատմական գործընթացում Ստամբուլի եւ «Արեւելյան Անատոլիայի» հայերը հանդես են եկել որպես երկու առանձին կառույցներ, Ստամբուլի հայերը, որոնք արիստոկրատ էին եւ լիարժեք ինտեգրված օսմանյան համակարգին, չէին հետաքրքրվում «Արեւելյան Անատոլիայի» լեռնցի, մանր առեւտրական կամ արհեստավոր հայերի խնդիրներով:
Օրանի բնութագրմամբ, երկար տարիներ չերքեզներն ու քրդերը գոյատեւել են հայերի հաշվին, հարկադրելով վերջիններիս: Իսկ քուրդ աշիրաթների համիդիե գնդերը կազմավորվել էին հայկական ապստամբությունները ճնշելու համար:
Այնուհետեւ նա շարունակել է. «1908-ին իթթիհատականներն ու դաշնակցականները Մեջլիսի ընտրություններին մասնակցեցին միեւնույն ցուցակներով: Այս միասնությունը տեւեց մինչեւ 1913 թ.: Տեղահանության համար բերում են տարբեր պատճառներ: Սակայն բուն պատճառը պատերազմը չէ, ոչ էլ հայերի աջակցությունը ռուսներին, որովհետեւ թուրքական զինված ուժերի արխիվների համաձայն, ռուսական բանակին աջակցողների թիվը 6 000-16 000 է: Տեղահանության բուն պատճառը 1914-ի փետրվարի 8-ին Ռուսաստանի հետ ստորագրված «Ենիքոյի» համաձայնագիրն է: Ըստ դրա, 6 վիլայեթները, Տրապիզոնըՙ ներառյալ, բաժանվում են երկու մասի, նախատեսվում է նրանց մեծ տերությունների ընտրած երկու ընդհանուր տեսուչների միջոցով կառավարումը: Այսպիսով, Արեւելյան եւ Հարավարեւելյան Անատոլիան փաստորեն անցնում էր Ռուսաստանին, քանի որ օսմանյան կառավարությունը Ռուսաստանի առջեւ դառնում էր պատասխանատու»:
Վերջում Բասքըն Օրանն ասել է, որ հայերը, որոնք միջազգային հանրության օրակարգում են պահում «տեղահանությունը», միանգամայն անտեսում են Անատոլիայի հայության նկատմամբ Ստամբուլի պատրիարքարանի անտարբեր վերաբերմունքը, հայ ահաբեկիչների գործողությունները, վրեժխնդիր հարձակումներն ու ԱՍԱԼԱ-ի կատարած սպանությունները:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ