«Դեղերի ոչ հայերեն մակնշումը հատկապես վերջին տարիներին վտանգավոր խնդիր է դարձել սպառողների համար: Անհասկանալի է` առողջապահության նախարարությունն ինչո՞ւ մինչեւ հիմա չի լուծել սպառողին լիարժեք տեղեկատվություն տալու հարցը», երեկ «Փաստարկ» ակումբում ասաց «Սպառողների իրավունքների պաշտպանություն» ՀԿ-ի նախագահ Աբգար Եղոյանը:
Մեր շուկայում կան դեղեր, որոնք մակնշված են աշխարհի տարբեր լեզուներով, բայց հայերեն` ոչ: Դեղերն ու ոչ պարենային ապրանքները, ըստ Աբգար Եղոյանի, պետք է ոչ միայն ունենան հայերեն մակնշում, այլեւ տեղեկատվություն հայերենով: Օրինակ` այն սպառողը, որը չի տիրապետում հայերենից բացի ուրիշ լեզվի, չի կարողանում ամբողջական տեղեկատվություն ստանալ իր գնած դեղորայքի մասին: Մեր շուկայում ոչ պարենային ապրանքների շուրջ 90 տոկոսը չունի հայերեն մակնշում:
«Կառավարության որոշման նախագիծը, որով նախատեսվում են միջոցառումներ` ուղղված ոչ պարենային ապրանքների շուկայում հայերեն մակնշումն ու տեղեկատվությունն ապահովելուն, արդեն գտվում է արդարադատության նախարարությունում, եւ, հուսով ենք, վերջինս նույնպես կկարեւորի այս հարցը», նշեց Աբգար Եղոյանը:
«Ազգի» հարցին` մեր հեռուստատեսությամբ ցուցադրվող դեղերի գովազդներն ինչքանո՞վ են բխում սպառողների շահերից, Աբգար Եղոյանը պատասխանեց. «Դեղատոմսով վաճառվող դեղերը չպետք է գովազդվեն, սակայն երբեմն լինում են ծպտված գովազդներ: Կարող է գովազդ չլինի, փոխարենը մի հաղորդում լինի, որի ժամանակ շուրջ կես ժամ նկարագրվի որեւէ դեղ»:
Ի. Պ.