«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#95, 2010-05-25 | #96, 2010-05-26 | #97, 2010-05-27


ԱՆՑՅԱԼՆ ՈՒ ՆԵՐԿԱՆ «ՕՐԵՐԻ» ՏԵՍԱԴԱՇՏՈՒՄ

«Օրերը» ժամանակին համընթաց փորձում է պահպանել հայաստանյան եւ եվրոպահայ կյանքի ռիթմի անդրադարձները:

Հանդեսի տասնամյա գործունեությունը եւ մշակած քաղաքականությունն է ընդհանրացնում «Արվեստ» էլեկտրոնային ամսագրի խմբագիր Ռուզան Զաքարյանի հարցազրույցը «Օրերի» հիմնադիր-խմբագիր Հակոբ Ասատրյանի հետ: Զրուցավարը այսպես է գնահատում «Օրերի» նշանակությունը հայ հասարակական-մշակութային կյանքում: «Մնայուն արժեք է, քանի որ վայրիվերումներով ընթացող այս տարիներին հայրենիքում ու աշխարհի տարբեր երկրներում ապրող հայության կյանքի մեծ ու փոքր իրադարձությունների տարեգիրը հանդիսանալուց բացի, նաեւ հայության տարբեր շերտերում գոյացած ճեղքերը փակելու, հայերին միաբանելու դժվարին առաքելությունն է ստանձնել:

«Օրերը» մեր ժամանակի համապատկերում ոչ միայն հետաքրքրական, այլեւ զարմանք պատճառելու չափ բացառիկ երեւույթ է թե՛ բովանդակային բազմազանությամբ, թե՛ մայրենի լեզվի հանդեպ հանդես բերած հարգանքով, թե՛ նյութի ընտրությամբ ու մատուցման կուլտուրայով: Գրավոր խոսքի այս հրաշալի տիրույթը գոյություն ունի խմբագրի մարդկային բացառիկ տեսակի ու մասնագիտական տաղանդի շնորհիվ»:

Ուշագրավ է դր. Տեր Ներսես (Վրեժ) Ներսեսյանի «Հայաստանը բրիտանական թանգարանում» հրապարակումը: Հեղինակը այս կարեւոր հաստատությունում աշխատելու ընթացքում ուսումնասիրել է հայկական մշակույթի ներկայացված նմուշները, նաեւ փորձել որեւէ ցուցահանդեսում հայ մշակույթը ներկայացնելու յուրաքանչյուր առիթ արդյունավետ օգտագործել: Բրիտանական թանգարանը առանձին հայկական բաժին չունի: Այս թանգարանում տարբեր քաղաքակրթություններ ներկայացնող նմուշները ցուցադրվում են ոչ թե ըստ երկրների պատկանելության, այլ ըստ դրանց ժամանակագրությանՙ հնագույն շրջանից մինչեւ 18-րդ դար: 12 առանձին բաժիններում տեղ են գրավել նաեւ հայկական մշակույթի որոշ մասունքներ. Տիգրան Մեծի արծաթյա դրամները գտնվում են Դրամագիտության եւ շքանշանների, Անահիտ դիցուհու բրոնզե գլուխը եւ ձախ ձեռքըՙ Հունական եւ հռոմեական հնությունների բաժիններում, Միջնադարյան եւ հետմիջնադարյան հնությունների սրահումՙ հոդվածագրի կողմից 1978-ի ցուցահանդեսի համար բերված Նորադուզի 1225-ի մի խաչքար, որ հետագայում Վազգեն Ա կաթողիկոսը նվիրել է Բրիտանական թանգարանին, Արեւելյան ձեռագրերի բաժնում 300-ից ավելի հայկական ձեռագրեր եւ 689 հնատիպ գրքեր են պահվում, Իսլամական սրահում են գտնվում տասնյակ հախճապակե նմուշներՙ հայ վարպետ Աբրահամ Քութահյեցու անվան փորագիր արձանագրությամբ: Արեւմտյան Ասիական բաժանմունքի առաջին ենթաբաժինը ներկայացնում է Ուրարտական քաղաքակրթությունը:

Հանդեսի «թատերասրահի» էջերում հյուրընկալվել են ֆրանսահայ երեք նշանավոր արտիստներՙ Ժիրայր Փափազյանը, Վարդան Պետրոսյանը, Նարեկ Դուրյանը:

Իրինա Բրուքի անցած տարվա երեւանյան երկու ներկայացումների մասին է Վարսիկ Գրիգորյանի արձագանքը: Իր նախաբանում թատերագետը գնահատական խոսք է հղում Իրինա Բրուքինՙ Հայոց ցեղասպանության միջազգայնացման խնդրում ունեցած ներդրումիՙ Ռիչարդ Կալինոսկու «Հրեշը լուսնի վրա» դրամայի բեմականացման համար: Թատերագետիՙ իր նուրբ դիտարկումներով, մասնագիտական հայացքի խորությամբ Վարսիկ Գրիգորյանը այս ներկայացումները չդիտողին անգամ կենդանի խոսքի արվեստով վարակում ու տեղափոխում է բեմական այն տարածք, ուր Իրինա Բրուքի ինքնատիպ մեկնաբանությամբ տեղի ունեցան Վ. Շեքսպիրի «Ամառային գիշերվա երազի» («Երազին սպասելիս») եւ Սերվանտեսի «Դոն Քիշոտի» («Ինչ-որ տեղ Լամանչում») գործողություններըՙ մեր հայրենակից Ժիրայր Փափազյանի տաղանդավոր կատարումներով:

Սիրված ու հանրածանոթ դերասան Վարդան Պետրոսյանի ստեղծագործական տարբեր շերտերն է բացում գույնի «օրերի» մեջ Քնարիկ Ավագյանըՙ արտիստի 50-ամյակի առիթով:

Շատ կենդանի-անմիջական հարցազրույցով է ներկայացնում Նարեկ Դուրյանինՙ Տիգրան Վարդանյանը. պարզ խոսակցական, փոքր-ինչ անփույթ, բոհեմական մի կերպարՙ բեմի ու կյանքի մարդ, ժամանակի ու արվեստի փոխհարաբերությունների, ներսի (Հայաստան) ու դրսի (Եվրոպա), հայի հավերժականՙ գնալ-չգնալու դռների միջեւՙ մերթ այստեղ, մերթ այնտեղ, զուգահեռ համեմատություններով, ստեղծագործական արդիական մոտեցումներով, թատրոնի, դերասանի մասին իր պատկերացումներով:

Համարի հետաքրքրական էջերից Պրահայի առաջին սրճարանի հիմնադիր Գեւորգ Դեոդատի մասին Հակոբ Ասատրյանի հրապարակումն է: Առաջին սրճարանը Պրահայում 1707-ին բացել է դամասկոսցի հայ Գեւորգ Աստվածատրյանը. այս մասին վկայում են արխիվային նյութերը, չեխական «Օտտոյի գիտական բառարանը» եւ դրանց հիման վրա եղած մի շարք հրապարակումներ, առաջինըՙ 1983-ին «Սովետական Հայաստան» ամսագրում չեխագետ Հովհաննես Հարությունյանի, ապա ավելի ուշ ամերիկահայ Մաքս Բուդակյանի Միացյալ Նահանգներում տպագրվող «Արարատ» ամսագրի ուսումնասիրությունը: Ամերիկահայ ուսումնասիրողը հանգամանալի աշխատանք է կատարելՙ օգտագործելով 17 սկզբնաղբյուրներ եւ բացահայտել Չեխիայի առաջին սրճարանատիրոջ ծագման, գործունեության, անվան փոփոխության հետ կապված ուշագրավ մանրամասներ: Գեւորգ Աստվածատրյանը կյանքային հետաքրքրական ճանապարհ է անցել, դամասկոսցի հայ վաճառականի ընտանիքում ծնված Գեւորգը հոր մասնագիտության բերումով ինքն էլ ճամփորդել է, մանկությունն ու պատանեկությունը անցկացրել Եգիպտոսում: Տիրապետել է լատիներենին եւ իտալերենին, ուսումը շարունակել Հռոմում, ընդունել կաթոլիկ դավանանք: Դեպքերի բերումով հայտնվել է Վիեննայում, ապա տեղափոխվել Պրահա, որտեղ էլ դարձել է քաղաքի առաջին սրճարանատերը: Գործարար կյանքից բացի Գեւորգը լուրջ հետքեր է թողել այս քաղաքի մշակութային պատմության մեջ, հեղինակություն է վայելել լատիներենով եւ գերմաներենով գրված իր աստվածաբանական եւ բարոյագիտական բամաթիվ գրքերով: Դրանց մեծ մասն այժմ պահպանվում է Պրահայի ազգային գրադարանում եւ կենտրոնական արխիվում: Անտիպ ձեռագրերն այժմ թվայնացվել եւ ուղարկվելու են Երեւանի Մատենադարան:

«Օրերը» հետաքրքրական անցում է կատարում XVIII դարից XXI դար եւ ներկայացնում այս օրերի չեխահայ մեկ այլ գործարարիՙ «Մառլենկա» հայտնի թխվածքի արտադրող Գեւորգ Ավետիսյանին: «Մառլենկայի» հաջողությունը նրան հասցնում է մինչեւ Չեխիայի նախագահիՙ Վացլավ Կլաուսի հետ հանդիպման. պարզվում էՙ նախագահի ընտանիքին շատ է դուր գալիս այս անուշեղենը: Չեխիայից բացի «Մառլենկան» արտահանվում է եվրոպական 15 երկիր եւս, իսկ շատ հայեր Պրահայից մեկնելիս, այս թխվածքըՙ որպես նվեր են վերցնում (բայց Հակոբը «Մառլենկա» դեռ «Ազգ» չի բերել):

Եվս մեկ հետաքրքրական տեղեկություն ազգությամբ չեխ Վլադիմիր Նովոտնիի եւ նրա հայ կնոջՙ Սուսաննա Նովոտնայի ընտանեկան կյանքից: Նրանց դուստրըՙ Հելենան ճապոներենի իմացությամբ լավագույնն է համարվել Չեխիայում. 15-ամյա աղջիկը մրցույթում գրավելով առաջին տեղըՙ ուսման հրավեր է ստացել Ճապոնիայից: Լեզվական ունակությունները Հելենան ժառանգել է հորից. այս առումով բացառիկ տվյալներով օժտված Վլադիմիր Նովոտնին 25 լեզուների է տիրապետում, նա 9 լեզվի դատական թարգմանիչ է, թաիլանդերենի միակ թարգմանիչը Չեխիայում:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4