«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#96, 2010-05-26 | #97, 2010-05-27 | #98, 2010-05-28


ՀԱՅԱՏՅԱՑՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ

Այս արատը թուրք հասարակության մեջ արմատավորվել է ցեղասպանությանը ժողովրդական զանգվածների մասնակցությամբ

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

Մարմարիսը Էգեյան ծոցի առափնյա գողտրիկ ամառանոցային քաղաքներից է, նաեւ զբոսաշրջության կարեւոր կենտրոն: Այս քաղաքի փակ շուկայում, ըստ երեւույթին զբոսաշրջիկներին սպասարկող, խանութ ունի նաեւ թուրքահայ Էլիզաբեթ Մարիա Փչակչին : Բնակվում է Մարմարիսում եւ տասը տարի մանր առեւտրով է զբաղվում, ենթարկվելով, իհարկե, քաղաքի թուրք բնակչության խտրականությանն ու առեւտրականների թշնամանքին:

Ինչպես երեւում է, տիկին Էլիզաբեթի հանդեպ այս խտրականությունն ու թշնամանքը չեն գոհացրել հարեւան խանութների թուրք առեւտրականներին, որ նրանք անցել են ակնհայտ ոտնձգություններին: Թուրք առեւտրականները միառժամանակ վիրավորանքներով անհանգստացրել են Էլիզաբեթ Մարիային, թե «առեւտուր մի արեք նրա խանութից, նա հայ է, ես ավելի էժան գնով կվաճառեմ», ապա հայհոյել, սպառնացել եւ նսեմացրել են, իսկ մայիսի 20-ին ամբողջովին լկտիացել են:

Այդ օրը թուրք առեւտրականները հավաքվել են Էլիզաբեթի խանութի առջեւ եւ «պատվազուրկ հայ շներ» գոռալով հարձակվել են նրա վրա, որ Լինչի դատաստան տեսնեն: Թեեւ Մարմարիսի դատախազությունը չի մերժել հրոսակների նկատմամբ տիկին Էլիզաբեթի դատական գործ հարուցելու դիմումը, սակայն այս անգամ էլ քաղաքի փաստաբաններն են հրաժարվել դատարանում նրա շահերը պաշտպանելու տհաճ պարտականությունից, պատճառաբանելով, թե նա հայ է:

Այս ամենի առնչությամբ տիկին Էլիզաբեթն ասել է. «Երկու երեխա ունեմ: Տարիներ շարունակ բնակվում եմ այստեղ: Կյանքս վտանգի տակ է: Խտրականության պատճառով նույնիսկ չեմ կարողանում դատապաշտպան գտնել: Դիմածս դատապաշտպաններից ոչ մեկը չի ստանձնում դատարանում պաշտպանել իմ իրավունքները»:

Սա հայերի նկատմամբ դեռեւս սելջուկյան, ապա եւ օսմանյան շրջանում ցուցաբերվող թուրքական լայնախոհ հանդուրժողականության մեր օրերի դրսեւորումն է, որը գագաթնակետին էր հասել 1915-23-ին, երբ պատմական հայրենիքում դաժանաբար բնաջինջ արվեց մի ամբողջ ժողովուրդ:

Կարդալով Թուրքիայի Հանրապետության քաղաքացի Էլիզաբեթ Մարիայի պատմությունը, ակամա հիշում ես հանգուցյալ Հրանտ Դինքի սպանությունը, նրաՙ «Բոլորս հայ ենք, բոլորս Հրանտ» կարգախոսներով ուղեկցվող հուղարկավորությունը, մարդասպան Օգյուն Սամասթին, ինչպես նաեւ երկրի բոլոր մարզադաշտերում օրեր, շաբաթներ, ամիսներ շարունակ հնչած «Մենք բոլորս Օգյուն Սամասթ ենք» բացականչությունները:

«Մենք բոլորս Օգյուն Սամասթ ենք» ասելը նշանակում էՙ «Մենք բոլորս մարդասպան ենք» կամ էլ արտահայտում է մարդասպանի նկատմամբ բացականչող զանգվածների հիացմունքն ու հայ սպանելու նրանց անզուսպ հակումը: Ընդ որում այս բացականչությունները հնչում են ոչ թե որեւէ հանրահավաքում, այլ մարզադաշտում: Ավելին, հնչեցնողներն էլ ծայրահեղ ազգայնամոլ կազմակերպության ակտիվիստներ չեն, ոչ էլ նեոֆաշիստական որեւէ կառույցի անդամներ, այլ ֆուտբոլային հանդիպում դիտելու համար մարզադաշտ այցելող ֆուտբոլասերներ:

Եթե որեւէ երկրում ֆուտբոլասերն անգամ հիանում է մարդասպանով, որ հայ սպանի, ապա երկրի հասարակությունը կանգնած է բռնության նկատմամբ պաշտամունքի լուրջ խնդրի առջեւ եւ այդ պաշտամունքն ունի հայատյացության ընդգծված թեքում: Բռնության նկատմամբ հասարակության պաշտամունքը նրա հայատյացությամբ համադրելու դեպքում ակնհայտ է, որ երկրում մարդասպանը հայ է սպանելու, խանութպաններն էլ իրենց հայ հարեւանի հետ Լինչի դատաստան են տեսնելու, իսկ ֆուտբոլասերները հիանալու են մարդասպան ստահակով:

Այլ կերպ, երբ Թուրքիայում խնդրո առարկան հայի սպանությունն է, բռնությունը պաշտամունքի առարկա դարձրած թուրքական հասարակության գրեթե բոլոր անդամներըՙ խանութպան թե ֆուտբոլասեր, սիրահոժար մարդասպան են դառնում: Այս պաշտամունքը հասարակության մեջ արմատավորվել է դեռեւս Հայոց ցեղասպանության ընթացքում, իսկ թուրքական ժողովրդական զանգվածների անմիջական մասնակցությունը ցեղասպանությանը նախադրյալներ է ստեղծել, որ հայատյացության հարցում թուրք ժողովուրդը համերաշխ լինի թուրքական իշխանությունների հետ:

Քանի դեռ թուրքական հասարակությունը չի թոթափել բռնության պաշտամունքի սեփական արատը, նույնիսկ լիարժեք ժողովրդավարական դառնալու դեպքում հայատյացությունից չի ձերբազատվի: Իսկ առանց դրա անհնար է ցեղասպանության հարցում դրսեւորվող պետական իշխանություն-ժողովուրդ համերաշխության խաթարումը:

Մարմարիս քաղաքում մանր առեւտրով զբաղվող թուրքահայ Էլիզաբեթ Մարիայի պատմությունը մենք չենք հորինել, այլ քաղել ենք թուրքական «Էվրենսել.նետ» կայքէջի մայիսի 26-ի հրապարակումից, ի գիտություն նրանց, ովքեր Հայաստանում հայի ազգանունով հետեւողականորեն թուրք-ադրբեջանական քարոզչություն են ծավալում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4