«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#96, 2010-05-26 | #97, 2010-05-27 | #98, 2010-05-28


ԲԻԶՆԵՍ ԳՐԱՆՑԵԼԸՙ «ՄԵԿ ՊԱՏՈՒՀԱՆԻՑ» ԵՎ ՄԵԿ ՕՐՈՒՄ 2011-Ի ՀՈՒՆՎԱՐԻ 1-ԻՑ

Կառավարության կողմից երեկ բիզնես միջավայրի բարելավման ուղղությամբ կարեւոր քայլ կատարվեց, որի մասին խոսվում էր դեռ 2007-ին, որի ձգձգվելը բազմիցս քննադատել ենք մեր թերթում: Խոսքը բիզնես սկսելուց ձեռնարկության գրանցման գործընթացը «մեկ պատուհան» սկզբունքով դարձնելու մասին է: Համաձայն հարկային օրեսնդրության մեջ առաջարկվող փոփոխությունների, այսուհետեւ բիզնես սկսելու համար անհրաժեշտ չի լինի նախ գրանցվել պետռեգիստրում, ապա հարկային հաշվառման կանգնել հարկային մարմնում:

Ինչպես լրագրողներին տեղեկացրեց, պետեկամուտների կոմիտեի փոխնախագահ Ռուբիկ Քոչարյանը , ներկայացնելով անհրաժեշտ փաստաթղթերը պետռեգիստր, որպես անհատ ձեռնարկատեր գրանցվելու կամ կազմակերպությունը գրանցելու նպատակ ունեցող անձը այդ նույն մարմնից կստանա ե՛ւ պետռեգիստրի վկայականը, ե՛ւ հարկային հաշվառման համարը: Սրանով ոչ միայն հեշտացվում է գործընթացը եւ գործարարը երկու պետական մարմնի փոխարեն գործ է ունենում միայն մեկի հետ, այլեւ ազատվում հնարավոր տուգանքիցՙ գրանցվելուց հետո հարկային մարմնում հաշվառումն անտեղյակության պատճառով ուշացնելու դեպքում:

  «Ազգի» հարցին, թե ե՞րբ կսկսի գործել «մեկ պատուհանի» սկզբունքը եւ քանի՞ օր կտեւի ձեռնարկության գրանցման եւ հարկային հաշվեհամար ստանալու գործընթացը, Ռուբիկ Քոչարյանը պատասխանեց, որ նախատեսված է 2011-ի հունվարի 1-ից, իսկ գրանցման գործընթացը, բոլոր պահանջվող փաստաթղթերի առկայության դեպքում, կտեւի ընդամենը մեկ օր:

Մնում է միայն հուսալ, որ ամեն ինչ հենց այդպես կլինի:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4