«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#97, 2010-05-27 | #98, 2010-05-28 | #99, 2010-06-01


ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՀԱՆԳՈՒՑԱԿԵՏՈՒՄ

ՀԱՊԿ ԽՎ արտագնա նիստ Երեւանում

Երեկ Ազգային ժողովում գումարվեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի առաջին արտագնա նիստը, որը նախագահում էր Ռուսաստանի Պետդումայի նախագահ, ՀԱՊԿ ԽՎ նախագահ Բորիս Գրիզլովը: Այս նիստին մասնակցում էին նաեւ մեր երկրի, Բելառուսի, Ղազախստանի, Ռուսաստանի եւ Տաջիկստանի խորհրդարանական պատվիրակությունները: Թերթերի լրագրողներն այն ընտրյալների թվում չէին, որոնք բախտ ունեցան լուսաբանելու այս նիստը: Թե ի՞նչն է պատճառը, որ վերջերս արտաքին հյուրերի հանդեպ հատուկ խստացված վերաբերմունք կա ԱԺ-ում, չգիտենք, երեւի այդպիսին են ԱԺ նոր ղեկավարության պատկերացումները արտաքին շփումների արդյունավետության վերաբերյալ` որքան քիչ շփվեն ակտիվ լրագրողները դրսից եկած բարձր պաշտոնյաների հետ, այնքան լավ. լավ` ո՞ւմ համար. եթե կազմակերպական տեսակետից Ազգային ժողովի պաշտոնյաների համար մի բան լավ է, դա չի նշանակում, որ լավ է Հայաստան երկրի համար:

Ինչեւէ, «Ազգի» ընթերցողին հասանելի դարձնենք տեղեկատվությունը` հիմնվելով ԱԺ լրատվական ծառայության տարածած տեղեկատվության վրա:

Ողջունելով ՀՀ Ազգային ժողովում ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի արտագնա նիստի մասնակիցներին, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ այսօր, երբ առավել հստակ են ի հայտ գալիս նոր մարտահրավերներն ու սպառնալիքները, հավաքական անվտանգության համակարգի ձեւավորումն առավել արդիական է դառնում ՀԱՊԿ անդամ երկրների ազգային շահերի պաշտպանության համար, իսկ Հայաստանում խորհրդի արտագնա նիստի անցկացման որոշումը պատահական չէր: Հայաստանը գտնվում է Հարավային Կովկասում, որը ինչպես տարածաշրջանային, այնպես էլ առանցքային ոչ տարածաշրջանային պետությունների կենսական նշանակության հետաքրքրությունների բարդ եւ խճճված հանգույցը: Նա նշեց, որ այսօր տարածաշրջանային գործընթացները ծայրահեղ վտանգավոր են, եւ դրանք գլոբալ խաղացողների ոչ գիտակից գործողությունների դեպքում կխաթարեն խաղաղությունը: ԱԺ նախագահը նշեց, որ գերտերությունների վարքագիծը տարածաշրջանի փոքր երկրների հանդեպ, ինչպիսին, օրինակ, Հայաստանն է, պետական եւ ազգային շահերի անտեսման դեպքում, կարող է խաղալ դետանատորի դեր, որն ընդունակ է տարածաշրջանը վերածելու բոցկլտացող խարույկիՙ այստեղից բխող բոլոր հետեւանքներով: Հովիկ Աբրահամյանի խոսքերովՙ Հայաստանը, որ ակամա հայտնվել է տարածաշրջանային բազմաթիվ խնդիրների լուծման հանգուցակետում, այսօր կանգնած է կարեւորագույն ընտրության առջեւՙ չզիջել սեփական շահերը եւ միեւնույն ժամանակՙ չդառնալ ներտարածաշրջանային քաղաքական սրացումների պատճառ: Ըստ Հ. Աբրահամյանի, այդ պատճառով էլ Հայաստանին հատկապես հետաքրքրում է «Եվրոպական անվտանգության պայմանագրի» ռուսական նախագիծը:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Հայաստանի Հանրապետությունը նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ սատարում է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի նախաձեռնությունը, որովհետեւ այս փաստաթղթի ընդունումը նշանակում է Եվրատլանյան անվտանգության ամբողջական տարածքի ստեղծում, որտեղ անդամ բոլոր պետությունների համար ապահովված կլինի հավասար անվտանգություն եւ ոչ մի երկրի իրավունք չի տրվի ապահովելու իր անվտանգությունն` ի հաշիվ մյուսների անվտանգության: Նա նաեւ նշեց, որ Հայաստանն անհրաժեշտ է համարում, որ այս փաստաթղթում ամրագրված լինի հակամարտությունների կանխարգելման եւ խաղաղ կարգավորման միասնական մոտեցում, ընդ որումՙ բացառապես բանակցային հիմունքներով, այսինքնՙ խաղաղ ճանապարհով:

ՀԱՊԿ ԽՎ խորհուրդը քննարկեց եւ հաստատեց նիստի օրակարգում ընդգրկված 15 հարցերը, այնուհետեւ ՀԱՊԿ ԽՎ քաղաքական եւ միջազգային համագործակցության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում հաստատեց ԱԺ պատգամավոր Արա Նռանյանին: ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան ներկայացրեց ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի նախաձեռնությունը` եվրոպական անվտանգության պայմանագրի նախագիծը համատեղ ուժերով կյանքի կոչելու վերաբերյալ: Նա տեղեկացրեց, որ 2008 թ. հունիսի 5-ին Ռուսաստանի նախագահը եվրոպական անվտանգության պայմանագրի մշակման նախաձեռնությամբ է հանդես եկել, որի նպատակն է ռազմաքաղաքական անվտանգության ոլորտում ստեղծել եվրատլանտյան միասնական տարածություն, որպեսզի վերջնականապես ձերբազատվեն «սառը պատերազմի» ժառանգությունից: Այդ նպատակով ՌԴ նախագահը առաջարկել է միջազգային իրավունքում արձանագրել անվտանգության անբաժանելիության սկզբունքի վերաբերյալ նորմ, ըստ որի` եվրատլանտյան տարածաշրջանում ոչ մի երկիր կամ կազմակերպություն չի կարող ամրապնդել իր անվտանգությունը ի հաշիվ այլ երկրների կամ կազմակերպությունների:

Ռուսական կողմը եվրոպական անվտանգության պայմանագիր է մշակել, որը ուղարկվել է եվրատլանտյան տարածաշրջանի երկրների ղեկավարներին ու կազմակերպություններին` քննարկելու եւ համապատասխան կարծիքներ ու առաջարկներ ներկայացնելու համար:

Ըստ պայմանագրի` անդամ երկիրը չի կարող այնպիսի գործողություններ իրականացնել, որոնք կվնասեն մյուս անդամների անվտանգությանը, անդամ երկիրը չի թույլատրում օգտագործել իր տարածքը եւ ինքն էլ իր հերթին չի օգտագործում անդամ այլ երկրի տարածքը զինված հարձակման նպատակով: Պայմանագրում անդամ երկրներին տեղեկատվության փոխանակման իրավունք է տրվում զինված հարձակման կամ դրա վտանգի դեպքում:

Ն. Բորդյուժան անդրադարձավ նաեւ Ղրղզստանում տիրող ներքաղաքական իրավիճակին եւ որպես ՀԱՊԿ-ի անդամ երկրի` առաջարկեց աջակցել նրան ներքաղաքական կայունացման գործում` չմիջամտելով նրա ներքին խնդիրներին: ՀԱՊԿ-ի անդամ բոլոր երկրներն էլ շահագրգռված են, որ Ղրղզստանում հաստատվեն օրինական իշխանություններ միջազգային իրավական նորմերին համապատասխան:

Երեկ ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանական պատվիրակություններին ընդունել է նաեւ նախագահ Սերժ Սարգսյանը:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4