Առիթ ունեցել ենք գրելու` ղարաբաղյան բանակցային գործընթացը մինչեւ աշուն արագացնելու մի քանի ազդակներ կան. նախ տարածաշրջանային ուժերի ուրվագիծը նոր դասավորություն ձեռք բերելու նախաշեմին է, որտեղ առաջվա պես ուզում են գլխավոր դերակատար լինել Ռուսաաստանն ու ԱՄՆ-ը, Թուրքիան ուզում է մեծացնել իր դերակատարությունը, բայց Իրանն էլ չի ուզում դուրս մնալ գործընթացներից: Մյուս մեծ պետություններից եւս երկու-երեքը ջանում են միանալ Հարավային Կովկասի նոր կերպարին: Ու նայած այս պահին ո՞ւմ` ինչ է թվում, այդ թվալուն համարժեք էլ ի՞նչ գործողություններ են իրականացվում, դրանից շատ բան է կախված լինելու, անգամ` խաղաղության ճակատագիրը: Նո՞ր հավասարակշռություն: Թերեւս: Բոլոր խաղացողներն այժմ ներկայացնում են իրենց հավակնությունները: Քանի՞ մեծ պետությամբ եւ քանի՞ ազդեցիկ տեղական խաղացողով նոր հավասարակշռություն կձեւավորվի. հիմա շատ են խոսում «3+2», «3+3» ձեւաչափերի մասին (երեք գերտերություն, գումարած տեղական խաղացողներ): Փաստորեն` այս նոր խաղերում Թուրքիան փորձում է որոշիչ դերակատար դառնալ` ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի հետ եւ շատ բան վճռել, այդ թվում` Ղարաբաղի հարցը: Ընդ որում` Իրանն էլ չի ուզում մի կողմ կանգնած մնալ, նրա համար կենսական խնդիր է` դուրս չմնալ այդ մեծ խաղերից եւ հատկապես ԱՄՆ-ի զրահամեքենայի անիվի տակ չմնալ: Իսկ ահա Հայաստանն այս բոլորի մեջ շատ դժվարին իրավիճակում է հայտնվել` հազար ու մի արտաքին մարտահրավերի պետք է դիմակայի, դեռ իր գիծն էլ փորձի առաջ տանել: Տարածաշրջանային այս բրոունյան շարժումն ավելի քան դժվարացրել է Հայաստանի վիճակն աշնանից առաջ, երբ շատ բան կհստակվի արտաքին ճակատում: Այս վիճակում լիովին հասկանալի է այն կոշտությունը, որ առկա է ե՛ւ Էդվարդ Նալբանդյանի, ե՛ւ Շավարշ Քոչարյանի, ե՛ւ հենց նախագահ Սարգսյանի հրապարակային տեսակետների մեջ: Նախագահ Սարգսյանի բրյուսելյան դիրքորոշումներում մի քիչ հակասականություն նկատվեց, ճիշտ է, սակայն ընդհանուր առմամբ նրա ասած յուրաքանչյուր միտք բխում էր եւ հետեւանք էր ներկա նոր իրողությունների: Թեեւ առաջին անգամ նաեւ նկատելի էր նախապես չգծված պահվածք, որի իմաստն այն էր, որ նախագահը կարծես պատերազմական իրավիճակը չէր բացառում եւ անվտանգության երաշխիք էր ուզում ՆԱՏՕ-ից: Բոլոր դեպքերում սրա մեջ վատ բան չկա, երբ պետության ղեկավարը համարձակորեն իմպրովիզներ է անում` ամեն բան առաջին անգամ անելուց հետո է սովորույթի ուժ ստանում: Հիմա կարեւորն այն է, որ խաղալիք չդառնանք ԱՄՆ-Ռուսաստան-Թուրքիա մեծ խաղերում:
Իսկ որ այս պահին Թուրքիային թվում է, թե առանց իր մասնակցության որեւէ խնդիր չպետք է լուծվի մեր տարածաշրջանում, սա փաստ է, սակայն նրա այդ հավակնությանը հագուրդ տալուն փոխնիփոխ դեմ են մեկ ԱՄՆ-ը, մեկ Ռուսաստանը, հերթով, ռոտացիայի կարգով, իրենց շահերին համապատասխան: Այս պահին ԱՄՆ-ը մի կարճ պահ խաղը թողել է Ռուսաստանին, Ռուսաստանը սիրախաղեր է անում Թուրքիայի հետ, վերջինիս էլ բյուրեղյա երազանքն է ղարաբաղյան հարցը լուծելիս միջնորդ դառնալ ու իր փոքր եղբորը թեւ տալ. ներկա պահի իդեա ֆիքսն այն է, որ Էրդողանը Սոչիում Մեդվեդեւի ու Սարգսյանի հետ հանդիպի, Ղարաբաղի շուրջը տան ու առնեն, դեռ թուրքական կողմից էլ խիստ մտահոգված են, որ միակ պրոբլեմը Հայաստանի նախագահն է ստեղծում` ցանկություն չունի Սոչի գնալու: Գնա-լեգիտիմացնի՞ թուրքական հավակնությունները:
Փաստորեն` տարածաշրջանում նոր կոնֆիգուրացիա ձեւավորելու փորձերի «ընդմիջեն» էին Ղարաբաղում խորհրդարանական ընտրություններ անցկացնում, դրա համար էլ ամեն կողմից փորձեցին հայտարարություններով կտցահարել փոքրիկ Ղարաբաղը, մյուս կողմից էլ Հայաստանին բան հասկացնելով (Ֆրանսիա), թե ռիսկդ չի՞ հերիքում ԼՂՀ-ն ճանաչես: Իսկ բուն Ղարաբաղի ընտրություններին արտաքին քաղաքական նշանակություն տալով` մի տեսակ աննկատ թողեցինք այն, որ նախկինում «Ժողովրդավարություն» կուսակցության փոխարեն Արցախի խորհրդարանում մեծամասնություն է կազմելու «Ազատ հայրենիքը»` խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանի ղեկավարած կուսակցությունը: Չնայած ըստ էության շատ բան չի փոխվել, սակայն ինչպես ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանն է փաստում` երկուսն էլ վարչական ռեսուրս են ներառում, եւ մեծ տարբերությւոն չկա այս երկուսի մեջ, եթե միայն` մանր անձնական ինտրիգներ: Այնպես որ առաջիկայում հազիվ թե Ղարաբաղում ինչ-որ բան փոխվի, մանավանդ որ հարցերը լուծվում են Երեւանում, իսկ Ղարաբաղն ընդհանրապես դուրս է մնացել ե՛ւ արտաքին քաղաքական, ե՛ւ անգամ ներքին քաղաքական (հայաստանյան) գործընթացներից, եւ պարփակվել է իր մեջ: Մի շտկում. բոլոր դեպքերում` Ղարաբաղի ներսում այս վերջին ընտրություններով ներքին ազդեցությունների վեկտոր փոխվում է տարոսըՙ Հայաստանին:
Ռուս -թուրքական մերձեցումներն էլ վտանգավոր են հատկապես տարածքներ կորցնելու տեսանկյունից: Սակայն հենց երեկվա թուրք-իսրայելական սկանդալը ցույց է տալիս, որ Թուրքիայի` անցյալում կերած խնձորներն ու ներկա հակադրություններն այլ պետությունների հետ այնքան շատ են, որ տարբեր մեծ պետությունների կաբինետներւմ գծած գեոպոլիտիկ սցենարները մեկ օրում կարող են գլխիվայր շուռ գալ, եւ Հայաստանի խնդիրը պետք է լինի սցենարներ ունենալ բոլոր իրավիճակների համար: Իսկ դրան պետք է պատրաստ լինի նախ Հայաստանի քաղաքական սեկտորը: Այս ֆոնին մեր ներքաղաքական կյանքը համարյա գոյություն չունի եւ կախված է միայն լրագրողների ու մամուլի ակումբների` մեր քաղաքականներին խոսեցնելու բարի կամքից, կխոսեցնես` մի բան կասեն, չես խոսեցնի, չկան-քնած են` ոչ հեռահար ծրագրեր, ոչ գեոպոլիտիկ վերլուծություններ, ամեն ինչ թողնված է անհատների եւ առանձին կենտրոնների հույսին:
Առանց մեր քնած քաղաքականների էլ Հայաստանի հետ կապված լարվածությունների պակաս չկա. հունիսի 21-25-ը ԵԽԽՎ ամառային նստաշրջանում Հայաստանին վերաբերող մի բանաձեւ, այնուամենայնիվ, քննարկվելու է` 2005-ին ընդունված 1416-ը, որի շուրջը ժամանակին բավական աղմուկ բարձրացավ, զգուշացվում էին նրա վտանգները, իսկ վտանգներն, այ, հիմա են մոտեցել: Այն ժամանակ Հայաստանին անվանել էին ագրեսոր եւ պահանջել «գրավյալ» տարածքներից դուրս բերել հայկական զորքերը, դեռ նաեւ առաջարկել էին ԼՂ հարցով ենթահանձնաժողով ստեղծել. հենց այս բանաձեւն է փորձում վերակենդանացնել Չավուշօղլուն: Հիշում եմ` լրագրողներիս էլի հանգստացնում էին, թե ԵԽԽՎ-ի ասածը կարեւոր չէ, կարեւորը մենք ի՞նչ եւ ի՞նչպես ենք անում եւ այլն: Տեսաք, որ չէ:
Իսկ եթե հաշվի առնենք, որ նախագահ Սարգսյանը ՆԱՏՕ-ին թափանցիկ ակնարկում էր օգնել պատերազմական վիճակում, սա կարելի է մի փոքր լայն հայացքով դիտարկել: Որ վտանգավոր խաղեր կան` շատ բան է դրանց մատնացույց անում. ռուսական շրջանակներ կան, որոնք դերաբաշխման արդյունքում եւ Հայաստանին խոսք հասկացնելու բացահայտ միտումով խոսում են ԼՂՀ ճանաչման դիմաց «վերահսկվող» տարածքներից որոշները վերադարձնելու մասին, եւ անգամ խոսք է գնում այն մասին, որ ԱՄՆ-ն ու Ռուսաստանը հարկ է այդ հարցում պայմանավորվեն (ի դեպ` մեր շահը պահանջում է, որ սրանք ինչքան չկարողանան պայմանավորվել, այնքան լավ, իսկ եթե Հայաստանն այնպիսի ճկուն զորաշարժեր անի, որ խառնի պայմանավորվելու հաշիվներն` էլ ավելի լավ): Իսկ մերոնց պատասխանները, թե Մարտունաշենը, Գետաշենը, Շահումյանը էնա տվել ենք, մյուս տարածքների հարցը քննարկելի չէ, եւ նաեւ` ուշացած եւ ԱԳՆ մակարդակով ասել, թե Հայաստանը չէ տարածք հանձնողը, հակամարտությունը Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ է, առնվազն միամիտ է` բա ի՞նչ էինք խոսում մադրիդյանի ժամանակ: Երեկ ՀԱՊԿ ԽՎ նիստը Երեւանում կարծես մեզ հիշեցում լիներ` Բորդյուժան քթներիս տակ, նախագահի` ՆԱՏՕ-ից ուզած ռազմական օգնության վերաբերյալ, երեւում է, հաշիվ է պահանջելու, թե բա` ՀԱՊԿ արագ արձագանքման ուժերը: Չխոսեիք, ռուսական որոշ շրջանակներ, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունից:
Իսկ Բրյուսելում նախագահ Սարգսյանը նշեց եւ ցեղասպանության մասին, եւ ասաց, թե Բաքուն փորձում է գերիշխանություն հաստատել Լեռնային Ղարաբաղի եւ նրա ազատատենչ ժողովրդի հանդեպ, այն ժողովրդի, ում փորձում էր ոչնչացնել:
Այնպես որ` շատ բան կասվի դեռ, ջրերը կհոսեն ու գուցե նոր հուն գցեն նաեւ մեզ համար մինչեւ աշուն:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ