Երեկ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հրամանով աշխատանքից հեռացվել է Երեւանի թիվ 11 հատուկ դպրոցի տնօրեն Մերուժան Ենգիբարյանը: Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ դպրոցի հայոց լեզվի եւ գրականության ուսուցիչ Լյովա Ավագյանը դպրոցի անչափահաս աշակերտուհիների նկատմամբ սեռական ոտնձգություններ իրականացնելու մեղադրանքով դատապարտվեց 2 տարի ազատազրկման: Աշակերտուհիների ցուցմունքների հիման վրաՙ բռնություններ աշակերտուհիների նկատմամբ կիրառել էր նաեւ տնօրենը, իսկ մանկավարժական անձնակազմը տեղյակ էր, սակայն քրեական որեւէ պատասխանատվություն չկրեց: Հետեւաբար, եթե նախարարը հրամանագիր է ստորագրում տնօրենին աշխատանքից ազատելու կապակցությամբ, ապա այնտեղ խնդիրներ կան, եւ իրավապահ մարմինները պետք է հետամուտ լինեն գործին, հետաքննություն անցկացնեն, ստուգեն բոլոր փաստերը, ցուցմունքներն ու համապատասխան դատական գործ հարուցեն: Ենգիբարյանին աշխատանքից ազատելը չի նշանակում, որ խնդիրները վերացան:
Նախարարի հրամանով հաստատվել է ԿԳ հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններում մշտադիտարկում իրականացնելու նպատակով հասարակական դիտորդների խմբի ձեւավորման եւ գործունեության կարգը: Խումբը գործելու է հասարակական հիմունքներով: Անդամներն իրավասու են այցելելու հաստատություններ, ծանոթանալու փաստաթղթերի բովանդակությանը, աշակերտների անձնական գործերին, հաստատության պայմաններին, հանդիպելու աշխատակիցներին եւ աշակերտներին: Նրանք կարող են զրուցել աշակերտների հետ հոգեբանի կամ մանկավարժի պարտադիր մասնակցությամբ: Մշտադիտարկումների արդյունքների հիման վրա ԿԳՆ-ն յուրաքանչյուր եռամսյակում ներկայացնի հաշվետվություն հաստատության գործունեության, ընդհանուր իրավիճակի, կատարած աշխատանքների արդյունքների վերաբերյալ: Մշտադիտարկումներ անցկացնելու համար խմբի անդամները կարող են հաստատություններ այցելել ամեն օր` ներառյալ ոչ աշխատանքային օրերն ու ժամերը: Հաստատություն այցելող խմբում պետք է ընդգրկված լինեն նաեւ երկու տարբեր ՀԿ-ների ներկայացուցիչներ:
Հիշեցնենք, որ Նուբարաշենի հատուկ դպրոց կատարած այցելություններով հասարակական գործունեությամբ զբաղվող Մարիամ Սուխուդյանն ականատես էր եղել բազմաթիվ օրինազանցությունների: Մասնավորապես «Ազգ»-ին նա փոխանցել էր, որ դպրոցում երեխաներին ստիպում են աշխատել, հաճախ առողջ երեխաների փաստաթղթերը կեղծում են եւ ներկայացնում հիվանդ, խնդիրներ կան նաեւ ուսումնական ծրագրի կապակցությամբ:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ