Կարծիք է հայտնել «Գազպրոմի» փոխնախագահ Վալերի Գոլուբեւը
«Հայռուսգազարդի» նախագահ Կարեն Կարապետյանն ու «Գազպրոմի» վարչության նախագահի տեղակալ Վալերի Գոլուբեւը երեկ այցելեցին Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի շինարարության հրապարակ եւ ծանոթացան կատարվող աշխատանքներին:
Անդրադառնալով կառույցի նշանակությանը, Վալերի Գոլուբեւը այն կարծիքն է հայտնել, որ «սա նման ծավալի եզակի հզոր ծրագիր է», եւ փաստել, որ հիմնական աշխատանքներն արդեն ավարտվել են: «Էներգաբլոկը իրականում մեծ հետաքրքրություն է ներկայացնում ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Ռուսաստանի, ե՛ւ ընդհանրապես ողջ Անդրկովկասի տարածաշրջանի համար: Այսօր շուկան կա, երկրները զարգանում են, Ռուսաստանում առկա է էլեկտրագեներացիայի զարգացման մեծ ներդրումային ծրագիր, եւ այն փաստը, որ Հայաստանը հետ չի մնում եւ նույնիսկ մի քայլ առաջ է, մեզ շատ է ուրախացնում եւ մեր համատեղ ձեռնարկության զարգացման հաջողության լավ հույս է տալիս», նշել է «Գազպրոմի» վարչության նախագահի տեղակալը:
Ա. Մ.