«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#97, 2010-05-27 | #98, 2010-05-28 | #99, 2010-06-01


«ՑՈՒՅՑ ՏՎԵՑԻՆՔ, ՈՐ ԿԱՅՈՒՆ ԵՎ ՃԳՆԱԺԱՄԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԶԱՐԳԱՑՈՂ ԲԱՆԿ ԵՆՔ»

Հայտարարեց «Արարատբանկի» վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը

«Արարատբանկ» բաց բաժնետիրական ընկերության 3-րդ տարեկան ժողովը երեկ տեղի ունեցավ «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում: Ժողովը բացեց բանկի խորհրդի նախագահ Բարսեղ Բեգլարյանը եւ խոսքը փոխանցեց Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Վախթանգ Աբրահամյանին : Վերջինս կարեւորեց «Արարատբանկի» քաղաքականությունըՙ մասնավորապես մասնաճյուղերի ընդլայնման եւ քարտային բիզնեսի զարգացման ուղղությամբ: Նա նաեւ ընդգծեց, որ բանկի ակտիվների 50 տոկոսից ավելին ներդրված է վարկերի մեջ, վարկերն էլ ունեն բարձր վերադարձվելիություն, ինչը նշանակում է, որ բանկն ունի բարձր վստահություն:

2009-ի տարեկան ցուցանիշները ներկայացրեց «Արարատբանկի» վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը : Նա նշեց, որ բոլոր ցուցանիշների առումով անցյալ տարի բանկն էական աճ է արձանագրել: Այսպեսՙ ակտիվներն աճել են 46,7 տոկոսով, վարկային ներդրումներըՙ 32,3 տոկոսով, պարտավորություններըՙ 60,8 տոկոսով, կապիտալըՙ 5,4 տոկոսով եւ այլն: Բանկի շահույթը կազմել է 365 մլն դրամ, իսկ այս տարվա 5 ամիսներին արդեն կազմել է 485 մլն դրամ: Աշոտ Օսիպյանը հայտնեց, որ աճել է նաեւ 1 բաժնետոմսի գինը, եւ հավանական համարեց, որ այս տարվա արդյունքներով ստացվող շահույթից եկող տարի շահաբաժին կտրամադրվի բանկի բաժնետերերին:

Լրագրողների հետ զրույցի ժամանակ բանկի վարչության նախագահն այն համոզմունքը հայտնեց, որ արդյունքներն ավելին կլինեին, եթե չլիներ ճգնաժամը: Այդուհանդերձ, ըստ նրա, «ճգնաժամը հաղթահարեցինք եւ ցույց տվեցինք, որ կայուն եւ ճգնաժամի պայմաններում զարգացող բանկ ենք»:

«Ի՞նչ պետք է սպասել այս տարի» հարցին Աշոտ Օսիպյանը պատասխանեց, որ այս տարի ձգտելու են ավելի մեծ շահույթ ունենալ, տնտեսվարող սուբյեկտի նոր ձեռքբերում կատարել, մասնաճյուղերն ավելացնել եւս 7-ովՙ ներկայիս 27-ից բացի, հաճախորդների կառավարման համակարգ ներդնել, ինտերնետ բանկինգը զարգացնել եւ այլն:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4