Մխիթար Հերացու բրոնզաձույլ կիսանդրին տեղադրվել է Հերացու պուրակում: Պաշտոնական բացումը դեռ չի եղել, սակայն կիսանդրին արդեն հասցրել է գրավել երեւանցիների ուշադրությունը:
«Նախորդ տարվա մայիսին Հերացու փողոցի հարեւանությամբ բացվեց Հերացու պուրակը: Հենց այդ ժամանակ էլ քաղաքապետարանի հետ պայմանավորվածություն ձեռք բերվեց մեկ տարվա ընթացքում պուրակում տեղադրելու Հերացու կիսանդրին», ասաց Բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Վարդան Վարդազարյանը :
Քանդակագործ Յուրա Պետրոսյանը պատմում է, որ կիսանդրին կերտել են 6 ամսում: «3 էսքիզ կար նախապես: Էսքիզները կազմել էինք` հիմնվելով միջնադարյան կերպարների եւ պահպանված հարթաքանդակների վրա», ասաց Յուրա Պետրոսյանը:
Ճարտարապետ Ասլան Մխիթարյանը համոզված է, որ կիսանդրիների անհրաժեշտությունը քաղաքում զգացվում է: «Որքան կիսանդրիները շատ լինեն, այնքան ավելի լավ: Մշակութային արժեքների պահպանության խնդիր ունենք», ասաց Ասլան Մխիթարյանը:
Ինչպես «Ազգ» -ին տեղեկացրեց Վարդան Վարդազարյանը, կիսանդրու պաշտոնական բացումը տեղի կունենա առաջիկայում: Ժամկետները դեռ հստակեցվում են:
ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ