Երեկ Քրիստոնեական մշակութային միջազգային ծառայություններ կազմակերպությունը կազմակերպել էր քննարկում, որը վերաբերում էր կառավարության այն որոշմանը, որով արգելվում է երեխաներին նվերներ բաժանելու ծրագիրը:
«Այս բարեգործական ծրագիրն իրականացվում է արդեն 15 տարի Եվրոպայի տարբեր երկրների եւ Ամերիկայի կողմից: 15 տարվա մեջ այդ երկրներից նվերներ ենք բերել մեկուկես միլիոն երեխաների համար: Նվերներն անվճար են տրվում երեխաներին», ասաց Քրիստոնեական մշակութային միջազգային ծառայություններ կազմակերպության հիմնադիր եւ նախագահ, այսպես կոչված «Հայաստանյաց ավետարանական եկեղեցու» հիմնադիր Լեւոն Պարտագճյանը :
Կազմակերպությունը Մայր աթոռ Էջմիածնից նամակ է ստացել, որտեղ ասվում է` Մայր աթոռն այս ծրագրին նայում է որպես հոգեորսության եւ դեմ է դրա իրականացմանը:
«Մի ուրիշ նամակ էլ ստացանք, ըստ որի, Մայր աթոռը պետական միջոցներ է գործադրում` ծրագիրը կասեցնելու համար: Կառավարությունն էլ որոշում է կայացնում` «եթե պետք է պահեք ծրագիրը, ապա պետք է հարկ տաք կամ նվերները հետ վերադարձնեք,- ասաց Լ. Պարտագճյանը,- որոշումը սխալ է, մենք ուզում ենք սրբագրել որոշումը»:
Կազմակերպված միջոցառումը միայն քննարկում չէր, այն մասնակիցների` ավետարանականների խոսքով` նաեւ Աստծուն փառաբանելու արարողություն էր:
«Ազգի» հարցին, թե բարեգործական ծրագիրն ինչքանո՞վ է հետեւում Աստվածաշնչի խոսքերին. «Եթե աջ ձեռքը բարեգործություն է անում, ապա ձախն այդ մասին չպետք է իմանա», Լ. Պարտագճյանը պատասխանեց. «Մենք գովազդ չենք անում, մենք միջնորդ ենք, իսկ ուղարկողն ու ստացողը երեխաներն են», իսկ «Ազգի» դիտարկմանը, թե բարեգործական ծրագրի միջոցով Ավետարանական եկեղեցին եւ Լ. Պարտագճյանի ղեկավարած կազմակերպությունը ձգտում են գերակայություն ձեռք բերել Մայր Աթոռի հանդեպ, Լեւոն Պարտագճյանը մի քիչ վրդովված պատասխանեց.
«Մայր աթոռն էլ է նույն բանն ասում, թե բարեգործություն անելով ձեզ համար ավելի շատ հետեւորդներ եք հավաքում, որը շատ սխալ է»:
Ի. Պ.