Հունիսի 1-ին` Երեխաների պաշտպանության միջազգային օրը, մայրաքաղաքի գոնե կենտրոնական փողոցներում տոնական մթնոլորտն ապահովված էր:
Կենտրոն վարչական շրջանը` աջակցությամբ Գագիկ Գյանջումյանի, Մոսկովյան պուրակում կազմեկերպել էր տոնական օրվան նվիրված միջոցառում: «Սյուրպրիզ» երգչախումբը, «Հայասա» պարային համույթը, «Լապտեր» տիկնիկային թատրոնի դերասանները եւ շատ ուրիշներ իսկապես բարձրացրին թե՛ մեծերի, թե՛ փոքրերի տրամադրությունը:
Միջոցառմանը մասնակցում էին Իգիթյանի անվան գեղագիտական եւ Կոջոյանի անվան նկարչական դպրոցների սաները, «Հույսի կամուրջ» ՀԿ-ի երեխաները:
Եղավ նաեւ նկարչական մրցույթ, եւ հաղթող երեխաները ստացան մրցանակներ:
Նկարիչների միության երիտասարդական միավորման նախագահ Աննա Հարությունյանը , որը նաեւ միջոցառման կազմակերպիչներից էր, նշեց, որ հրավիրել էին նաեւ տարբեր դպրոցների ու մանկապարտեզների երեխաների , որոնք էլ իրենց ներկայությամբ առանձնակի աշխույժ մթնոլորտ էին ստեղծել Մոսկովյան պուրակում:
Մի քանի քայլափոխ ներքեւ` Մոսկովյան սրճարանում, դարձյալ հնչում էր մանկական ուրախ երաժշտություն, երեխաները խաղում էին, նկարում: Այս միջոցառման կազմակերպիչները, սակայն, երիտասարդ ակտիվիստներն էին, որոնք որոշել էին օգնել Ուռուցքաբանության ազգային կենտրոնում բուժվող քաղցկեղով հիվանդ երեխաներին:
«3 օր շարունակ հայտարարությունների միջոցով գումար ենք հավաքել եւ հեռուստացույց գնել այդ կենտրոնում բուժվող երեխաների համար,- ասաց երիտասարդ ակտիվիստ Արման Ղարիբյանը,- քաղցկեղով հիվանդ երեխաները կարող են բուժվել, նրանք դատապարտված չեն մահվան, եւ մենք պետք է օգնենք նրանց»:
Այստեղ եւս եղավ նկարչական մրցույթ, եւ վերջում քաղցկեղից արդեն բուժված երիտասարդները մրցանակներ հանձնեցին քաղցկեղով հիվանդ երեխաներին` մրցույթի մասնակիցներին:
Ուռուցքաբանության ազգային կենտրոնի մանկական ուռուցքաբանության բաժանմունքի ղեկավար Գրիգոր Բադալյանը , որը ներկա էր միջոցառմանը, նշեց. «Արդեն 2 ամիս համագործակցում ենք ակտիվիստների հետ, եւ մարդկանց անտարբերությունը կոտրելը մեր համագործակցության նպատակներից մեկն է»:
Ի. Պ.