«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#98, 2010-05-28 | #99, 2010-06-01 | #100, 2010-06-02


«ԵՍ ԱՐԴԵՆ ՏՆԿԵԼ ԵՄ ԻՄ ԾԱՌՆ ՈՒ ԵԿԵԼ ԵՄ ԱՅՍՏԵՂ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ԲՆՈՒԹՅՈՒՆԸ»

Մանկական երգերի, խաղերի, նկարների միջոցով երեկ ուսանողական այգին վերածվել էր հսկայական խաղահրապարակի, ուր բազմաթիվ փոքրիկներ եկել էին իրենց տոնը նշելու եւ պահանջելու` պահպանել «Ուսանողական այգին»: Թեպետ քիչ այն կողմ չէր դադարում շինարարությունը, սակայն դա չխանգարեց, որ այգում տոնը ստացվեր: Հունիսի մեկը Ուսանողական այգում նշելը պատահական չէր: Այգում կատարվել են ծառահատումներ եւ այնտեղ կառուցում են երկու սրճարան:

«Երեխաներն էլ իրավունք ունեն ապրելու մաքուր էկոլոգիական քաղաքում: «Ուսանողական այգին» բետոնացնելով խախտում են նրանց իրավունքները: Այգին երեխաներինն է, եւ նրանք եկել են իրենց լեզվով բացատրելու, թե ինչպես են սիրում բնությունը: Սրանով ոչ միայն փորձում ենք գրավել քաղաքապետարանի ուշադրությունը, որ դադարեցնեն սրճարանների շինարարությունը, այլեւ երեխաներին մանուկ հասակից սովորեցնում սիրել բնությունը», նկատում է «Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնության անդամ Արեւիկ Ավետիսյանը :

Նա մեծերին հիշեցնում է մանուկների սիրելի Փոքրիկ Իշխանին, որ ամեն կերպ պահպանում էր իր վարդը, իր բնությունը, մինչդեռ մարդիկ փորձում են իրենց հրաշք մոլորակը ոչնչացնել:

Առավոտվանից բազմաթիվ բարեմաղթանքներ ու նվերներ ստացած 11-ամյա Գայանե Հակոբյանը միացել է իր ավագ ընկերներին` պահանջելով դադարեցնել շինարարությունն ու չքանդել այգին: Իր պահանջը նա արտահայտում է նկարով: «Տոպրակի մեջ երկիր մոլորակն է, որ պինդ պահում է մարդկային ձեռքը, փորձում պաշտպանել բնությունը, իսկ տոպրակից դուրս շինարարությունն է, կացիններ, բետոններ, որոնցից պետք է ազատվել», ներկայացնում է Գայանեն:

«Կարծես երեխաները այգում փորձում են պաշտպանվել մեծերից, որովհետեւ մեծերը նրանց զրկում են մաքուր եւ առողջ միջավայրից, վերացնում կանաչ տարածքները, աղտոտում օդը, ջուրը: Նրանք այսօր եկել են «Ուսանողական այգի» եւ կոչերով, ուղերձներով, խնդրանքներով ու պահանջներով փորձում են դարձի բերել եւ ուղղել սխալ ճանապարհ ընկած նավի ուղղությունը: Բետոնապատվում է այն վայրը, որ պետք է խորհրդանշի կենդանություն: Այգին բնություն է, կենդանություն, բայց մենք այն շրջապատում ենք արհեստական, բետոնե սրճարաններով», նկատեց հասարակական գործունեություն ծավալող Մարիամ Սուխուդյանը :

«Եթե բնություն չլինի, թթվածին էլ չի լինի: Բնությունը հարկավոր է մարդկանց, որ պաշտպանեն իրենց երկիրը, որ իրենց քաղաքն ու բակը գեղեցիկ լինի: Ամեն մարդ պետք է գոնե մեկ ծառ տնկի, որպեսզի գեղեցկացնի աշխարհը: Եթե Հայաստանում ամեն մեկը մի ծառ տնկի, Հայաստանը կկանաչապատվի եւ կգեղեցկանա: Ես արդեն տնկել եմ իմ ծառն ու եկել եմ այստեղ պահպանելու բնությունը»: Սա էլ 11-ամյա Արմենի համոզմունքն է:

Միջոցառման մասնակից բնապահպան Կարինե Դանիելյանն էլ ցավով արձանագրում է, որ շարունակում ենք կորցնել հասարակության համար նախատեսված կանաչ տարածքները: «Ուսանողական այգու հետ կապվածը ոչ միայն էկոլոգիական, այլեւ բարոյական խնդիր է: Եթե այստեղ դրված է Վիկտոր Համբարձումյանի արձանը, ապա այգին պետք է մեզ համար լիներ սրբավայր: Ցավալի է այս` սրճարանային իրողությունը, բայց ուրախ եմ, որ երիտասարդները էստաֆետը վերցրել են եւ խնդիրը շատ ավելի ակտիվ են բարձրացնում, քան մենք»:

«Մեր երեխաներից խլում են կանաչ մի այգի, որ պատկանում է իրենց: Ահա թե ինչի համար են այս երեխաները պայքարում: Սա իրենց հողն է եւ այն տվել են ինչ-որ մեկին, ով մեծ գումարներ է վճարել: Եվ տվել են անօրինական կերպով, այգին հանրային սեփականություն է, որեւէ մեկը վաճառելու եւ ծառերը կտրելու իրավունք չունի», ասաց «Էկոլուր»-ի տնօրեն Ինգա Զարաֆյանը :

«Ուսանողական այգու» խնդիրը բարձրաձայնվում է շուրջ երկու ամիս, սակայն խնդիրը որեւէ կերպ չի լուծվում: Հունիսին հանրային խորհրդում տեղի կունենան քննարկումներ մայրաքաղաքի էկոլոգիական խնդիրների լուծման վերաբերյալ, որտեղ կքննարկվի նաեւ այգու հարցը:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4