«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#98, 2010-05-28 | #99, 2010-06-01 | #100, 2010-06-02


ՆՐԱՆՑ ՀԱԶՎԱԴԵՊ ԵՆ ԱՅՑԵԼՈՒԹՅԱՆ ԳԱԼԻՍ

Երկար միջանցքներն իրար են միացնում Երեւանի թիվ մեկ տուն-ինտերնատի մի քանի մասնաշենքերը: Սենյակները միջանցքի երկարությամբ են` կողք կողքի: Այստեղ միայն անհրաժեշտ պարագաներ կան` մահճակալ, հեռուստացույց, սեղան: Ծեր բնակիչներն էլ փորձել են զարդարել իրենց սենյակները` պատերին փակցնելով սրբերի, հազվադեպ նաեւՙ հարազատների լուսանկարները:

Երեւանի թիվ մեկ տուն-ինտերնատը 248 բնակիչ ունի: Այստեղ ընդունվում են թոշակային տարիքին անցնելուց հետո: Պետությունն ինտերնատի յուրաքանչյուր բնակչի համար օրական տրամադրում է 2350 դրամ: Այս գումարով ծերանոցի ղեկավարությունն ապահովում է ծերունիների սնունդը եւ կոմունալ ծախսերը: «Մենք կարող ենք մինչեւ 260 մարդու ընդունել: Պատահում է, որ այստեղ լքված ծերունիներ են գալիս, հիմնականում, սակայն, նրանք միայնակ են», ասաց ինտերնատի տնօրեն Դավիթ Շահբազյանը :

Տուն-ինտերնատը կառուցվել է 1953 թվականին եւ 1979-ից հետո չի վերակառուցվել: Վերջին մի քանի տարիներին ծերանոցի սենյակների մի մասը վերանորոգվել է: «Ինտերնատի 35-40 տոկոսն է միայն վերանորգված: Նախորդ տարի կաթսայատունը կառուցեցինք, այս տարի, սակայն, վերանորոգման աշխատանքներ պետական եւ բարեգործական միջոցներով նախատեսված չեն», ասաց Դավիթ Շահբազյանը:

Բաղնիքն ինտերնատի բնակիչների համար ընդհանուր է: «Մշտական տաք ջուր ունենք», ասում է ինտերնատի տնտեսուհին:

Գլխաշորը մշտապես կապած 82-ամյա Թամարա Շահնազարյանն արդեն 15 տարի այստեղ է ապրում: Միեւնույն սենյակում բնակվում է բախտակցի հետ: Պատմում է, որ ապրում էին Ղրղիում, պատերազմի տարիներին փախել են, երեխաները մեկնել են Ռուսաստան, ինքն ու ամուսինն էլ հայտնվել են ծերանոցում: «Ամուսինս մահացավ այստեղ: Երեխաներիցս էլ նորություն չունեմ», պատմում է Թամարա Շահնազարյանը :

  Նուշիկ Օհանյանն այստեղ է ամուսնացել: Այժմ երկուսով մի սենյակում են ապրում: Երբ ամուսինը նարդի է խաղում ընկերների հետ, Նուշիկ Օհանյանն էլ իր հարեւանների հետ է զրույցի բռնվում: Թեպետ ավելի հաճախ ու ավելի հաճույքով սենյակի մաքրությամբ է զբաղվում: «Այսօր էլ եմ մաքրել սենյակս: Անկյուններում քլոր եմ ցանել: Սիրում եմ, որ մաքուր է լինում», ասաց Նուշիկ Օհանյանը:

  Մելինե Պետրոսյանն էլ է այստեղ ամուսնացել: Գոհ է, որ այլեւս միայնակ չէ, սակայն երբեմն ժպտալով նշում է. «Բնավորությունը լավ դուրս չեկավ: Շատ խանդոտ է»: Նրա սենյակը դեռ չեն վերանորոգել, բայց բողոքել չի սիրում: «Միայն ձմեռներն են մի քիչ ցուրտ», ասում է, փոխարենը, կարծես անհանգստանալով, որ բողոքում է, անմիջապես ավելացնում է. «Չէ, գոհ ենք, ամեն ինչ ունենք այստեղ»:

Ինտերնատի բնակիչներից շուրջ 60-ը լուրջ խնամքի կարիք ունեն: Դավիթ Շահբազյանն ասում է, որ հազվադեպ են երեխաներն ու հարազատներն այցելության գալիս:

Տուն-ինտերնատի կողքին, առանձնացված ցանկապատով, անօթեւանների կացարանն է: Շփումը նրանց միջեւ արգելված չէ, երբեմն նույնիսկ ծերերն ու անօթեւանները բարեկամանում են: «Աշխատում ենք, որպեսզի անօթեւաններին ծերանոցում տեղ չտրամադրենք: Բայց եթե ծերանոցում ազատ տեղեր են լինում, իսկ անօթեւանների կացարանում` ոչ, ստիպված ենք լինում երբեմն նրանց այստեղ ժամանակավոր սենյակներ տալ», ասաց Դավիթ Շահբազյանը:

Տուն-ինտերնատի դիմացի փոքրիկ այգում մի քանի տարի առաջ փոքրիկ մատուռ են կառուցել: Ինտերնատի բնակիչներն այստեղ հաճախ են գալիս աղոթելու եւ այգում զբոսնելու:

ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ


Նկար 1. Նուշիկ Օհանյան եւ Մելինե Պետրոսյան

Նկար 2. Թամարա Շահնազարյան


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4