Միայնակ թոշակառու, աշխատանքային երկրորդ խմբի հաշմանադամ Վեներա Անտոնյանն այս տարվա փետրվարին դիմել է Հայաստանի գլխավոր դատախազին:
Անտոնյանը, բնակվելով Ազատության պողոտա 2/ա շենքի 14 բնակարանում, տարիներ շարունակ բողոքում է, որ կից թիվ 13 բնակարանում ապրող ընտանիքի անդամները պարբերաբար գողություն են կատարում իր բնակարանից, նրա հաշվումներով` տարբեր տարիներին իր բնակարանից շուրջ 5 մլն դրամի իրեր են գողացվել: Այդ ընտանիքի անդամներից մեկը 2007 թվականին ոչ միայն գողություն է կատարել, այլեւ պոկել է Վեներայի բնակարանի ջրաչափին միացրած խողովակը եւ փակիչը բաց թողել, որի հետեւանքով ջուրը հեղեղել է բնակարանը, լցվել ներքեւի հարկի բնակարան, բնականաբար` ներքեւի հարկի բնակիչը պահանջում է նորոգել իր բնակարանը: 2008-ի նոյեմբերի 5-ին եւս Վեներայի հարեւան նույն ընտանիքի մյուս անդամ Ստյոպան մուտք է գործել Վեներայի բնակարան, բայց տեսնելով տանտիրուհուն` ընդամենն անցնում է խոհանոցից զուգարան եւ պոկում ջրաչափի պլոմբը: 2009 թվականի հունվարի 12-ին Վեներան դիմում է Քանաքեռ-Զեյթունի ոստիկանություն, հունվարի 22-ին ծանուցագիր ստանում ոստիկանությունից, որ դիմումն ընթացքի մեջ է, հենց նույն օրն էլ նա իր պատուհանից տեսնում է, որ այդ ընտանիքի մի ուրիշ անդամ` Լեւոնը, իր բնակարանից գողացած իրերը տեղափոխում է ավտոմեքենա: Փոխանակ ոստիկանությունը հայտնաբերի գողացված իրերը, գողերին ջրի երես դուրս բերի, ապրիլի 6-ին զանգահարում է քննիչ Ա. Ղալեչյանն ու առաջարկում Վեներա Անտոնյանին` դատահոգեբուժական փորձաքննություն անցնել, քանի որ դա պահանջում է հենց այն հարեւանը, ում Վեներան մեղադրում է իր բնակարանից պարբերաբար գողություն իրականացնելու մեջ: Ինչպես նկատեցիք` իսկական տրագիֆարս: Մի խոսքով` թոշակառու կնոջը ստիպել են անցնել այդ զննությունը, եւ 2009 թվականի մայիսի 5-ին ոստիկանությունից Վեներան մի որոշում է ստանում, որ ինքը տառապում է «ծերունական փսիխոզ» հոգեկան հիվանդությամբ: Ահա այսպես: Մարդու տունը պարբերաբար թալանում են, մենակ կնոջը սպառնում ու նեղացնում, ու մեր հերոսական ոստիկանությունը փոխանակ նրան պաշտպանի, դեռ «գժի թուղթ» է դեմ տալիս, գուցե դրա համար իր խիստ «օբյեկտիվ» պատճառներն ունենալով, չգիտենք: Անգամ ոստիկանները խորհուրդ են տվել Վեներա Անտոնյանին` բողոքելը դադարեցնել: Մեր ձեռքի տակ է ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Քանաքեռ-Զեյթուն բաժնի` 2009 թվականի մայիսի 8-ով թվագրված պատասխանը, որով հայտնվում է որ Վեներայի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է հանցադեպի բացակայության պատճառով: Մերժման մանրամասներն ասում են, որ Վեներայի դռների փականները սարքին են, օտար մարմնի հետքեր չկան (կարծես թե գողի համար խնդիր կա բանալի ունենալու ու հանգիստ, առանց վնասելու բանալիով դուռը բացելու), Վեներան էլ շրջապատում բնութագրվում է որպես կասկածամիտ եւ «տարորւնակ» (բառը ոստիկանության պատասխանից մեջբերել ենք իր նախաստեղծ տեսքով) անձնավորություն, դեռ Վեներան էլ հաղորդում տալու պահին եւ ներկայումս տառապում է «ծերունական փսիխոզ» հիվանդությամբ: Այս վերջինի առումով նշենք, որ տողերիս հեղինակը մոտ 5 ժամ զրուցել է Վեներա Անտոնյանի հետ` շատ սթափ, ամեն ինչից տեղյակ եւ «փսիխոսզի» որեւէ նշանի հետքն անգամ չկրող անձնավորություն է. այս բոլորը «Թռիչք կկվի բնի վրայով» ֆիլմի իրավիճակին է նմանվում, եթե որեւէ իրավասու մարմին չմիջամտի, իսկ ոստիկանների ուժը շարունակի պատել միայն թոշակառու կնոջ վրա:
Բնականաբար` Վեներա Անտոնյանը շարունակում է իր բողոքը, քանի որ հարեւանը շարունակում է անհեթեթ պահվածքը, սպառնալիքներ տեղում եւ այլն: Անտոնյանն այժմ էլ դիմել է Հայաստանի գլխավոր դատախազին, ինչպես նյութի սկզբում ասացինք` այս տարվա փետրվարին, եւ արդեն երեք ամիս սպասում է, որ իրեն պատասխանեն: Նա հուսով է, որ գործի քննություն կվերսկսվի եւ սեփականության հանդեպ ոտնձգություն անողները կպատժվեն, սակայն եթե գլխավոր դատախազը նույն Քանաքեռ-Զեյթունի ոստիկանություն է ուղարկում բողոքը` գործը քննելու, շրջանը փակվում է, ոստիկանության այս բաժանմունքում իրենք իրենց արածին դեմ նոր որոշում հազիվ թե կայացնեն: Լավ, այս երկրում ո՞վ է պաշտպանելու միայնակ թոշակառուին, եւ մեր հարկերով ո՞ւմ է պաշտպանում ոստիկանությունը: «Ազգը» , մանրամասնորեն զրուցելով Վեներա Անտոնյանի հետ, զննելով նրա բողոքն ու ոստիկանության` նրա հաղորդումը մերժելու հիմնավորման մանրամասները, հավատացած է, որ ոստիկանությունում պարզապես այս տեսակ «հարեւանական» խճճված գործերով զբաղվելու գլուխ չեն դրել կամ գուցե այլ պատճա՞ռ ունեն «գործը ջրելու». սակայն այստեղ սովորական վեճի մասին չէ խոսքը, այլՙ բնակարանային գողության: «Ազգը» հանձն է առնում հետեւել այս գործին, ով-ով, բայց հարգարժան տարիքի կնոջը եթե ոստիկանությունը հանձն չառնի պաշտպանել, ապա գործը մնում է լրագրողներիս:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ