Սակայն Գազայի բնակչության համար կարեւորը շրջափակման վերացումն է
Հ. ՉԱՔՐՅԱՆ
Թուրքիա-Իսրայել հերթական ճգնաժամն աշխարհի ուշադրության կենտրոնում է: Պատճառը մայիսի 31-ին դեպի Գազա մարդասիրական օգնությունՙ մասնավորապես ցեմենտ, շինանյութ, պողպատե ամրաններ տանող «Ազատության նավատորմիղի» վրա իսրայելցիների հարձակումն է, որն իրականացվել է միջազգային ջրերում: Հարձակման հետեւանքով առնվազն 10 ուղեւոր զոհվել է, ավելի քան 30-ըՙ վիրավորվել: Ի դեպ, նավատորմիղի շուրջ 680 ուղեւորներից 358-ը թուրքեր են, որոնցից 4-ը եւս, ըստ նախնական տվյալների, սպանվածների թվում է:
Սպանվածների ստույգ թիվը հայտնի չէ, պարզապես գիտենք, որ սպանությունները կատարվել են թուրքական «Մավի Մարմարա» նավի վրա, ուղեւորներն ու «Ազատության նավատորմիղը»ՙ կալանվել: Ինչպես եւ ենթադրելի էր, Թուրքիան բուռն հակազդեցություն ցուցաբերեց հարձակմանը, թերեւս ամենախիստ արտահայտություններով: Արտգործնախարարար Ահմեդ Դավութօղլուն հարձակումն անվանեց «ավազակություն եւ ծովահենություն», վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասաց, որ դա պետական ահաբեկչություն է, սպառնալով. «Թող ոչ ոք չփորձի մեր համբերությունը: Թուրքիայի պես գործընկեր կորցնելն արդեն մեծ պատիժ է»:
Սակայն որքան էլ Դավութօղլուն ամենախիստ արտահայտություններ հասցեագրի Իսրայելին, նրա ակտիվ մասնակցությամբ հրավիրված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը հարձակման համար ընդամենը դատապարտեց Իսրայելին եւ պահանջեց նավատորմիղի կալանման անկախ քննություն անցկացնել, այլ ոչ թե պատժամիջոցների կիրառման հարց բարձրացնել: Ինչ վերաբերում է Էրդողանին, ապա նրան էլ պատասխանեց Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն, թե զինվորականները դիմել են ինքնապաշտպանության, եւ ինքը հավանություն է տալիս նավատորմիղի դեմ ձեռնարկված ռազմական գործողությանը:
Ըստ երեւույթին Նաթանյահուի պատճառած զայրույթն այնքան մեծ է եղել, որ երեկ Էրդողանը, ինչպես BBC-ի թուրքական ծառայությունն է վկայում, վերստին սպառնացել է Իսրայելին եւ վիրավորել: Այդ ընթացքում իսրայելական թերթերը գրել են. «Կասեցվեց դեպի Գազա նավարկող օսմանյան նավատորմը»: Ավելին, նախորդ օրը բողոքի ցույց է կազմակերպվել Իսրայելում Թուրքիայի դեսպանատան առջեւ: Ցուցարարները բարձրացրել են «Սադրանքը չի կարող խաղաղություն ապահովելու միջոց լինել», «Ի՜նչ երջանիկ է Թուրքիան, քանի որ կան մահացածներ եւ վիրավորներ» գրությամբ ցուցապաստառներ:
Գազայի հատվածի օդից, ծովից եւ ցամաքից շրջափակումը որեւէ արդարացում չունի: Չի կարելի արդարացնել նաեւ «Մեր ուղեգիծը Պաղեստինն է, իսկ բեռըՙ մարդասիրական օգնություն» կարգախոսով եռամյա շրջափակման հետեւանքով հումանիտար աղետի մեջ հայտնված բնակչությանը մարդասիրական օգնության հասցնող ակտիվիստների վրա հարձակումը, առավել եւս նրանց մի մասի սպանությունը:
Սակայն չի բացառվում, որ «Ազատության նավատորմիղի» առնչությամբ Իսրայելի կառավարությունը նախապես զգուշացրած լինի Անկարային: Որքան էլ թուրքական «Մավի Մարմարա» նավի վրա հարձակումը իրականացվի միջազգային ջրերում, չի կարելի նաեւ բացառել իսրայելական հատուկ ջոկատի զինվորներին ուղեւորների սառը զենքով դիմադրությունը ու նրանց հետ հաշվեհարդար տեսնելու պնդումների իսկությունը, ինչպես նաեւ նավերի բեռը իսրայելական նավահանգստում ստուգելուց հետո բեռնատարներով Գազա տեղափոխելու հավաստիացումը:
Եթե Իսրայելի կառավարությունը դեպի Գազա նավատորմիղի նավարկությունը ընդհատելու առնչությամբ նախապես զգուշացրել է Անկարային, եւ վերջինը մարդասիրական նախաձեռնության ակտիվիստների անվտանգության մասին հոգ տանելու որեւէ քայլ չի կատարել, թույլ տալով, որ նավարկությունն իրականացվի, թուրքական կողմի սադրանքը միանգամայն իրատեսական է դառնում, որը միաժամանակ ենթադրում է «Մավի Մարմարա» նավի ուղեւորների անակնկալ հարձակումը իսրայելական հատուկ ջոկատի զինծառայողների վրա:
Համենայն դեպս, նախորդ օրը, երբ միջադեպի առնչությամբ փոխվարչապետ Բյուլենթ Արընչը պարզաբանումներ էր տալիս Թուրքիայի ազգային մեծ ժողովին, ընդդիմության ներկայացուցիչները նրան հենց այդ հարցը տվեցին, թե ինչու կառավարությունը հոգ չի տարել նավատորմիղի անձնակազմի եւ ուղեւորների անվտանգության մասին, իհարկե, որեւէ պատասխան չստացան:
Այլ կերպ, Պաղեստինի, առավել եւս Գազայի բնակչության իրավունքների անխոնջ պաշտպանի դերը գուցե կսրի թուրք-իսրայելական լարվածությունը, բայց որ Թուրքիան դրանով իսլամականի հետ նաեւ արաբական աշխարհը ղեկավարելու լուրջ հայտ կներկայացնիՙ ակնհայտ է:
Ակնհայտ է նաեւ, որ ցամաքից, օդից եւ ծովից շրջափակման պատճառով համակենտրոնացման ճամբարի վերածված Գազայի բնակչության համար կարեւորը ոչ թե իսլամական աշխարհում Թուրքիայի դերակատարությունն է, այլ արտաքին աշխարհի հետ ազատ հաղորդակցվելու, ինչպես նաեւ Այսրհորդանանի հետ հարաբերությունները կարգավորելու հնարավորության ձեռքբերումն է: Հատկապես այն դեպքում, երբ կատարելապես ձախողվեց «Ազատության նավատորմիղով» Գազային մարդասիրական օգնություն տրամադրելու նախաձեռնությունը: