Իրանը ծանր զրահատեխնիկա է տեղակայել Ադրբեջանի սահմանում
«Ազգը» բազմիցս է անդրադարձել Ադրբեջանի «երկակի խաղին»` Իրանի եւ Իսրայելի հետ: Հարեւան երկիրը, լինելով մահմեդական, իրականացնում է մի շարք համատեղ ծրագրեր մահմեդական աշխարհի թշնամի Իսրայելի հետ` չմոռանալով նաեւ «բարեկամության երդումներ» տալ Իրանին: Ադրբեջանի այս առանձնահատկությունը բավական լուրջ գնահատականի է արժանացել ԱՄՆ-ում: Ամերիկացի կոնգրեսական Դանիել Բ. Մաֆֆեին, հանդես գալով «Ադրբեջան-Իսրայել. Իրանի հարեւանությամբ` լավագույն բարեկամները» կոնֆերանսում, նշել է. «ԱՄՆ-ի համար անչափ կարեւոր է մեծ ուշադրություն դարձնել Ադրբեջանին` ինչպես տնտեսական, այնպես էլ ռազմավարական ու անվտանգության տեսանկյուններից, քանի որ այդ երկիրը, ԱՄՆ-ի հետ բազմաոլորտ համագործակցություն ծավալելով, կարողանում է նաեւ պահպանել լավ հարաբերություններ մուսուլմանական աշխարհի, ինչպես նաեւ Իսրայելի հետ»: Մաֆֆեին զուգահեռներ է անցկացրել Իրանի ու Ադրբեջանի միջեւ` նշելով, որ չնայած Իրանի նկրտումներին, Ադրբեջանը, որի բնակչության 90 տոկոսը շիաներ են, ընտրել է բոլորովին այլ զարգացման ուղղություն. «Սրա մեջ, անշուշտ, մեծ նշանակություն ունի այն հանգամանքը, որ Ադրբեջանը հետխորհրդային երկիր է, հետեւաբար պատահական չէ նրա` զարգացման աշխարհիկ ճանապարհ ընտրելը` մերձենալով Իսրայելի հետ: Այս վերջինին նպաստել է այն, որ Ադրբեջանում կա տարիների պատմություն ունեցող հրեական համայնք, որին բավական լավ են վերաբերվում: Իսրայելն ու Ադրբեջանն այսօր լուրջ համագործակցում են տարբեր ոլորտներում, այդ թվում անվտանգության եւ ռազմական բնագավառներում. Ադրբեջանը անչափ կարեւոր հետախուզական տեղեկություններ է տրամադրում Իսրայելին», հայտարարել է ամերիկացի կոնգրեսականը:
Այս վերջին «բացահայտման» կապակցությամբ նկատենք, որ Ադրբեջանը էլ ո՞ւմ դեմ, եթե ոչ Իրանի, պետք է հետախուզական տեղեկություններ հաղորդի Իսրայելին, մանավանդ հաշվի առնելով, որ, ըստ իսրայելական մամուլի, Ադրբեջանի հարավում` Իրանի հարեւանությամբ տեղակայված են մի շարք իսրայելա-ամերիկյան հետախուզական կենտրոններ: Եթե գումարենք նաեւ Ադրբեջանի «պատմական» ձգտումները դեպի Իրանի հյուսիսային նահանգներ, Կասպից ծովում առկա «տարածքային վեճերը», ապա հասկանալի կլինի, որ Թեհրանի հետ Բաքուն բարեկամություն է անում զուտ «իսլամական հանդուրժողականությունից» դրդված, հանուն հակաիրանական ճամբարին «հետախուզական տեղեկություններ» տրամադրելու անհրաժեշտության: Անշուշտ, Իրանում գիտեն այս մասին: «Ազգ» -ին տված հարցազրուցում իրանական «Նոր հայացք» գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Միրխասեմ Մոմմանին նշեց, որ Թեհրանը վաղուց է ծանոթ Ադրբեջանի պանթուրքական ձգտումներին, նա տհասություն որակեց Բաքվի այդ քայլերը` հատկապես պատմության խեղաթյուրման առումով: Իսկ իրանական «Թեբրիզսեսի.քոմ» կայքի տեղեկացմամբ` Իրանը Ադրբեջանի սահմանին` Նորդուզ շրջանի Ուչ Դիբին գյուղի մերձակայքում, ծանր զրահատեխնիկա է տեղակայել` ուղղված դեպի Ադրբեջան: Կայքը գրել է, որ Իրանի այդ քայլը պայմանավորված է «երկրի հյուսիսի նկատմամբ Ադրբեջանի նկրտումներով». «Բացի այդ, հաշվի առնելով Ադրբեջան-ՆԱՏՕ-Իսրայել ջերմացող հարաբերությունները, մանավանդ Իրան-Հայաստան բարեկամությունը, Թեհրանը Բաքվին համարում է ոչ բարեկամական երկիր», գրում է իրանական կայքը:
Հետաքրքրական է պարզել, թե այդ ինչպե՞ս Բաքուն, բացի իր երկակի խաղից, կարողանում է Իսրայելի հետ բարեկամություն անել` թուրք-իսրայելական քաղաքական ճգնաժամի ֆոնին, եւ ինչպե՞ս է Անկարան «թույլատրում» եղբորը նման քայլեր: Չէ՞, որ առաջին հերթին հենց Բաքվի բացասական վերաբերմունքից խուսափելու համար Անկարան չտվեց անհրաժեշտ ընթացք հայ-թուրքական հարաբերություններին:
Հ. ԱՖՅԱՆ