«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի նախագիծը, որ Ազգային ժողովի անցած քառօրյայում առաջին ընթերցում է անցել, հետո էլ ԱԺ լսումներին մի լավ շուռումուռ տրվել, ընդ որումՙ այս փոփոխությունները քննադատում էր անգամ Ազգային ժողովի նախագահը, հաջորդ շաբաթ կայանալիք վերջին քառօրյայում պետք է երկրորդ ընթերցմամբ ընդունվեր: Սակայն, մինչ այդ, ԵԱՀԿ ԶԼՄ-ների հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը երեկ կոչ է արել Հայաստանի իշխանություններին օրենքի նախագիծն ընդունելուց առաջ համապատասխանեցնել ԵԱՀԿ եւ եվրոպական չափանիշներին: Հիշեցնենք, որ մինչեւ խորհրդարանական լսումները Միյատովիչի գրասենյակը օրենքի նախագծի վերաբերյալ փորձագիտական տեսակետ էր ներկայացրել, լսումների ժամանակ դրանք բաժանվեցին, որտեղ նշվում էին մի շարք մտահոգիչ խնդիրներ, նաեւ առաջարկներ էին արվում: Մտահոգությունները վերաբերում են նրան, որ ՀՌԱՀ-ը այս նախագծով այլեւս պարտավորություն չի ունենալու լիցենզիա ստանալը մերժելու պատճառները հիմնավորել, խախտվելու են մրցակցության կանոնները, քանի որ թվային հեռարձակման մասնավոր մուլտիպլեքսորների ստեղծումն է անորոշ ժամանակով հետաձգվում, մինչդեռ անալոգային հեռարձակումն արդեն 2013 թվականի հուլիսից դադարեցվելու է: Բացի այդ նոր նախագծով դուրս է գալիս ՀՌԱՀ-ի` այժմ գործող տարին առնվազն մեկ անգամ հաճախականությունների պլանը հրապարակելու պարտականությունը, որն ավելի անորոշ է դարձնում լիցենզավորման եւ մրցույթների ընթացակարգերը, մուլտիպլեքսների հստակ կարողությունն ու թիվը` դրանք դարձնելով տարմեկնաբանությունների եւ բյուրոկարատական մոտեցումների ենթակա: Այս եւ մի քանի այլ թերությունները նկատելով, որոնք առաջարկվում է վերանայել, Դունյա Միյատովիչը նշում է. «Եթե նախագիծն ընդունվի ներկա տեսքով, հեռարձակման ոլորտում բազմակարծություն չի ապահովի: Նախագծով նաեւ չի հաջողվել ամուր հիմք ստեղծել թվայնացման գործընթացի համար», ասում է ԵԱՀԿ ԶԼՄ-ների հարցերով ներկայացուցիչը` հավելելով, որ լավ նախագիծը կպաշտպանի հեռարձակողների անկախությունը, նպաստելով ԶԼՄ-ների ազատությանը եւ խթանելով մրցունակ եւ տնտեսապես կայուն հեռարձակման դաշտի ստեղծումը Հայաստանում:
Հիմա ինչ, անտեսվելո՞ւ են ԵԱՀԿ ներկայացուցչի այս տեսակետները. եթե այո, բռավո, մեր իշխանություններն արժանի են «գովասանքի», քանի որ թվայնացում ասելով միշտ եւ հիմա նրանք նախ հասկացել են հեռուստադաշտի վերահսկում, եթե ոչ, էլի «բռավո», այս անգամ չակերտներով, քանի որ ծույլիկ աշակերտի նման նրանք սպասում են, մինչեւ եվրոդասատուները մի լավ կձգեն նրանց ականջները, նոր դասը «5»-ի կսովորեն:
Բոլոր դեպքերում եկող շաբաթ այս փաթեթի քննարկումը երկրորդ ընթերցմամբ առավել հնչեղ է լինելու:
Մ. Խ.