«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#99, 2010-06-01 | #100, 2010-06-02 | #101, 2010-06-03


«ԼԵԶՈՒՆ ԳՈՒՅՔ ՉԷ, ՈՐ ՊԱՐՏՔԻ ԴԻՄԱՑ ՏԱՆՔ ՈՒ ԿՈՐՑՆԵՆՔ ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆՈՒԹՅՈՒՆԸ»

Շուրջ մեկ ամիս Facebook սոցիալական ցանցում տեղի ունեցած «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների բացմանը» քննարկումների արդյունքում նախաձեռնության պահանջների տակ` հրաժարվել օտարալեզու դպրոցների բացման նախաձեռնությունից, ստորագրել է 2300 անդամ:

Թեքեյան կենտրոնում նախաձեռնության հեղինակների հրավիրած համաժողովի նպատակն էր քննարկել հասարակական լայն հնչեղություն ստացած հարցը: Հրավիրյալների թվում էր նաեւ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Նախարարությունից եկած հարցմանը` «Նախարարը ելույթ ունենալո՞ւ է», հնչել է բացասական պատասխան, Աշոտյանն էլ մերժել է` ասելով, որ համաժողովի մասնակիցները այլակարծություն չեն ընդունում:

Թե ինչու չեն ցանկանում լսել Աշոտյանին` մասնակիցները պատասխանում են, որ հանդիպումը ոչ թե բանավեճ է, այլ` բողոքի ակցիա: Նախարարի ելույթը լսել են, հիմա ցանկանում են, որ նախարարն իրենց լսի:

Արվեստագիտության դոկտոր Հենրիկ Հովհաննիսյանը օտարալեզու դպրոցների բացման նախաձեռնությունը բնութագրում է տխրահռչակ, օրինազանց: «Այդ որոշմանը դեմ է քվեարկել Հանրային խորհուրդը: Դեմ են նաեւ ԳԱԱ հայագիտության եւ հասարակագիտության ամբիոնների ակադեմիկոսները: Սա ծաղր է, զավեշտ: Պատասխանատվություն ենք կրում մեր պատմության եւ ապագայի համար», ասաց նա` հայտարարելով, որ բոլոր մեթոդներով կպայքարեն, որ չպղծեն հայրենիքը:

Պատմական գիտությունների դոկտոր Բաբկեն Հարությունյանը մտավախություն ունի, որ օտարալեզու դպրոցների բացումը կմղի ժողովրդի ձուլմանը: «Լեզուն ժողովրդին ձուլելու միակ ճանապարհն է: Նույն մեթոդն էր կիրառում ցարական Ռուսաստանը, երբ փակում էր հայկական դպրոցները: Այդ ժամանակ պետականություն չունեցող երկիրը կարողացավ պահպանել իր վարժարաններն ու դպրոցները: Հիմա, երբ անկախ ենք, ցարական ձեռագրով օտարալեզու դպրոցներ ենք բացում», նկատում է Հարությունյանը:

Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն Լավրենտի Հովհաննիսյանի գնահատմամբՙ հայոց լեզվի հաշվին օտարալեզու դպրոցների բացումն աններելի է: «Լեզուն գույք չէ, որ պարտքի դիմաց տանք ու կորցնենք ինքնուրույնությունը», ասում է նա:

Բնապահպան Կարինե Դանիելյանն ավարտել է ռուսական դպրոց եւ փաստում է, որ այնտեղ հայկական մշակույթը, գրականությունն ու լեզուն համարվում էին երկրորդական: «Մի անգամ այդ սխալը գործել ենք, երկրորդ անգամ չպետք է անել»:

«Տեղեկատվական տեխնոլոգիաներ» հիմնադրամի նախագահ Գարեգին Չուգասզյանը եկել էր ոչ թե օտարալեզու դպրոցների հարցի քննարկմանը, այլ` թշնամական վերաբերմունքի: «Աշոտյանը դավաճան է. նրան դատ է հասնում: Նրան պաշտպանողներին` նույնպես»:

Երգիչ Ռուբեն Հախվերդյանը խնդիրների ակունքը փնտրում է անգրագիտության մեջ: «Իմ սիրելի գիրքը` «Ռանչպարների կանչը», ՀՀ առաջին նախագահը կարդաց ու չհասկացավ, մնացած երկուսը չեն էլ կարդացել, որ հասկանան: Մեղավորը նրանք չեն, տգիտությունն է: Սերժ Սարգսյանը լավ կանի հրաժարական տա: Չ՞ի տեսնում, որ երկիր կառավարել չի կարողանում: Ա՛յ մարդ, հրաժարական տուր, հողերը հետ տալու հարցից էլ կպրծնես: Լեզվի խնդիրների մասին խոսելուց առաջ նախ լեզուն կառավարողների խնդիրները լուծեք»:

Երկու ժամ տեւած ելույթներից հետո ներկաները հրապարակեցին ԱԺ պատգանավորներին ուղղված հայտարարություն-ուղերձը, ըստ որի օտարալեզու դպրոցների բացումը մեծագույն հարված է Հայաստանի անկախությանն ու հայոց ինքնությանը: «Պահանջում ենք կառավարությունից անհապաղ անդարձ հետ վերցնել «Լեզվի մասին» եւ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու նախագիծը, իսկ ԱԺ-ից` ոչ մի դեպքում այն չընդգրկել նիստերի օրակարգ»:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Նկար 1. Հենրիկ Հովհաննիսյան, Բաբկեն Հարությունյան


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4