Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու օրենքի նախագիծը, որը շրջանառության մեջ է դրվել դեռ անցյալ տարվանից, դարձել է բանավեճերի եւ բուռն քննարկումների առարկա` կապված, հատկապես, արհմիությունների գործունեության հետ:
«Օրենսդիրը որոշել է` այն կազմակերպությունների շահերը, որոնք չունեն արհեստակցական միություններ, պաշտպանելու է աշխատավորների ներկայացուցիչների ինստիտուտը: Վերջինս ընտրվում է աշխատավորների կոլեկտիվի ժողովում` 51 տոկոս կազմող ձայներով», երեկ «Հայելի» ակումբում նշեց ԱԺ պատգամավոր, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը եւ պարզաբանեց. «Կոլեկտիվի շահերը կպաշտպանեն նրանք, որոնց ընտրել է մեծամասնությունը»:
ԱԺ պատգամավորը նաեւ հայտարարեց, որ այսօր արհմիությունները չեն կարող պաշտպանել աշխատավորների շահերը եւ, ըստ ընդունվող օրենքի նախագծի, աշխատավորների ներկայացուցիչները եւ արհմիությունները համագործակցելու են:
«Ճիշտ չէ, որ արհմիությունները թույլ են աշխատում կամ չեն աշխատում: Ուժեղ պետությունն է ունենում հզոր արհմիություն, իսկ մեր պետությունն այսօր շատ թույլ է», Հ. Հակոբյանի ասածին հակադրվեց ասուլիսի մյուս բանախոսը` ֆիզկուլտուրայի, սպորտի եւ տուրիզմի աշխատողների արհմիության հանրապետական կոմիտեի նախագահ Կարլեն Հարությունյանը:
Թեեւ Հ. Հակոբյանը պնդում է, որ օրենքի նախագիծը համապատասխանում է միջազգային բոլոր կոնվենցիաներին, սակայն Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան եւ նրա ճյուղային արհմիությունները լուրջ դժգոհություններ ունեն օրենքի նման նախագիծն ԱԺ ներկայացնելու կապակցությամբ:
Հ. Հակոբյանի խոսքով` արհմիությունները դժգոհելով` ժամանակ են ուզում կայանալու համար, սակայն նրանք արդեն 6 տարի աշխատում են ու այդպես էլ չեն կայացել:
Ասուլիսի բանախոսներից Գառնիկ Վաղարշակյանը ` Հայաստանի բուհերի արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահը նշեց, որ արհմիության ներկայացուցիչներն այսօր չեն կարողանում բանակցել հայ գործատուների հետ: «Այս պարագայում արտասահմանցի ներդրումներ կատարողների հետ ինչպե՞ս վարվենք», ասաց Գ. Վաղարշակյանը:
ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ