Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի ուսուցիչները միայն երկու տարի անց հիշեցին, որ սկանդալային պատմության մեջ շոշափվում է նաեւ իրենց անունը: Ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը, գործով անցնող վկաներն ու տուժողները բազմիցս հայտարարել են, որ դպրոցի տնօրենն ու մանկավարժները տեղյակ էին, որ հայոց լեզվի ուսուցիչ Լյովա Ավագյանը սեռական ոտնձգություն է կիրառում դպրոցի անչափահաս աշակերտուհիների նկատմամբ: Այդ մասին բազմիցս գրել է մամուլը: Հանկարծ հիշեցին, որ իրենց արժանապատվությունը վիրավորել են, պատիվը խոցել, երբ Արմեն Աշոտյանի հրամանով դպրոցի տնօրեն Մերուժան Ենգիբարյանն աշխատանքից ազատվեց, եւ նորմալ տրամաբանության պարագայում դպրոցում պետք է հետաքննություն սկսվի: Ոչ մանկավարժական կեցվածքով, արտահայտություններով ու մեղադրանքներով երեկ նրանք հավաքվել էին ԱՄՆ դեսպանատան մոտ` անիմաստ ու զավեշտալի պահանջով, թե ինչո՞ւ է դեսպան Մարի Յովանովիչը Սուխուդյանին տվել «Խիզախ կնոջ» մրցանակը, եւ պահանջում էին Սուխուդյանից, որն այդտեղ չէր, «կոլեկտիվի անդորրը չխանգարել»: Բողոքի ակցիային մասնակցում էին նաեւ գիշերօթիկի նախկին սաներից` «Որբերին էլի մի որբացրեք» պաստառներով:
«Ինքը ընդունել է եւ դատապարտվել է դրա համար (նկատի ունի Լյովա Ավագյանին-Հ.Հ.): Նա պատասխան տվեց իր արարքի համար: Արդյոք ամբողջ դպրո՞ցը պետք է պատասխան տա: Սուխուդյանն ընկած է մեր դպրոցի հետեւից: Հասավ նրան, որ անգամ տնօրենին ազատեցին աշխատանքից», ասաց դպրոցի բուժքույր Մարիամ Օհանյանը : Երբ նրանց հիշեցրի, որ դպրոցի աշակերտները ցուցմունքներում հայտնել էին, որ մանկավարժական անձակազմը տեղյակ է եղել, որ իրենց նկատմամբ սեռական ոտնձգություն են կիրառում, ասաց. «Ախր ո՞ւր է վկայությունը, մտավոր հետամնաց երեխաների վկայությունն է, որոնք հենց հիմա հաշվառված են հոգեբուժարանում: Դիանա Ամիրխանյանը, Դիանա Մկրտչյանը մտավոր հետամնաց են, եթե նրանց 5000 դրամ փող տաս, նրանք ամեն ինչ էլ կասեն: Մկրտչյան Դիանան բացարձակ չկա», հավելեց մանկավարժ Նաիրա Հաջիպողոսյանը :
«Անձնակազմին վարկաբեկում է, ո՞նց կարելի է նման բաները ծածկել: Կոլեկտիվը չի իմացել, թե Լյովա Ավագյանն ինչ է արել (զարմանալի է, մանկավարժներից շատերը պատմում էին, որ դպրոցում շուրջ 10 եւ ավելի տարի են աշխատում, մի՞թե այդ ընթացքում նրանք չեն զգացել, թե Ավագյանն ինչով է զբաղվել-Հ. Հ.): Գուցե մի երկուսը իմացել են, բայց տնօրենը չի իմացել: Դուրս ենք եկել պաշտպանելու մեր իրավունքները», ասաց ուսուցիչներից մեկը: Թե ինչու այսքան ուշՙ պատասխանեցին. «Բաժակը լցվեց: Մտածեցինք ասեկոսեներ են երեւի, կանցնեն, բայց հետո հասկացանք, որ սա վերջ չունի (գուցե, երբ տեսան, որ ճահիճն իրենց էլ է քաշում` որոշեցին «մանկավարժական» բողոքի ակցիա անցկացնել - Հ. Հ.): Դպրոցի նախկին սան, ներկայումս մուրացկան Աշոտն էլ պատմեց, որ ամիսներ առաջ Սուխուդյանից հեռախոսազանգ է ստացել: Առաջարկել է միջնորդել, որ Աշոտի բնակարանի հարցը լուծվի, եթե դպրոցի անձակազմի դեմ ցուցմունք տա: «Գիշերօթիկի երեխեքն ասում են` Աշո՛տ, դու ինչի՞ չես գնում: Օրինակ, մեզ էս են առաջարկել, էն են առաջարկել: Բրուտյան Մարիամին են առաջարկել, Հասմիկ Սինանյանն էլ է ասել: Երբ ես դրականն եմ տեսել` ի՞նչ ասեմ: Բացասականը չեմ տեսել: Էսօրվա դրությամբ ինչո՞ւ պետք է մուրացկան դառնայի, փող մուրայի: Դպրոցում հրաշքի պես եմ ապրել», ասաց նա:
«Էսօր մենք Լյովա Ավագյանի մասին չենք խոսում: Եթե նա խոստովանել է, մենք ավելի շատ ենք դատապարտում: Մենք ասում ենք, որ չենք իմացել Ավագյանի արարքների մասին` կոլեկտիվի 60 անդամը տնօրենի հետ: Եթե խոստովանել է, իր պրոբլեմն է», կրկնում էին ուսուցիչները:
«Ինչո՞ւ եք համարում, որ 60 հոգանոց կոլեկտիվը սրիկա է, լավ, Ավագյանը սրիկա է, ընդունեցինք, տնօրենը, ենթադրենք, իր շահերից ելնելով պահել է, լավ, 60 հոգու մեջ մի հայկական մենթալիտետով մեկը չկա՞ր, որ տնօրենին դեմ դուրս գար», բղավում էին նրանք: Պարզվեց, որ դպրոցում կան նաեւ փայլուն մանկավարժներ, որոնք մարդուն միայն հեռուստատեսությամբ տեսնելով կարողանում են ախտորոշումը տալ:
«Մարիամի հետ չեմ շփվել, չեմ աշխատել, բայց հեռուստացույց նայելով իմ մասնագիտական կարծիքն եմ տալիս, նա տառապում է շիզոֆրենիա հիվանդությամբ: Ավելին, իմ խոսքերի համար պատասխանատու եմ», ասաց ավագ դաստիարակ Անահիտ Պապիկյանը :
«Երբ ստուգողները եկան, տեսան, որ մենք դպրոցում ոչ մի նորմալ երեխա չունենք: Բոլորը մտավոր հետամնաց էին», շարունակեց Պապիկյանը: Երբ հիշեցրի, որ նախարարության աշխատակիցները այցելելով դպրոց տեսել են, որ հատուկ դպրոցում սովորում են նաեւ խնդիրներ չունեցող երեխաներ, եւ նախարարի հրամանով նրանց ուղարկել են միջնակարգ դպրոց, արդեն կմկմալով ասաց. «Դե գուցե սխալվել է, մենք չենք ընդունում այդ երեխաներին»:
Ինչեւէ, մանկավարժների խումբը նամակը տալուն զուգահեռ խոստացավ, որ այսուհետեւ փողոց հաճախ են դուրս գալու, բողոքելու, գաղտնի ձայնագրելու:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ