«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#101, 2010-06-03 | #102, 2010-06-04 | #103, 2010-06-05


ՕՏԱՐԱԼԵԶՈՒ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՓԱԹԵԹԸ ԳՆԱՑ ԽՈՐՀՐԴԱՐԱՆ

Չնայած նախորդած հանրային թեժ քննարկումներին` երեկ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը 4 կողմ (ՀՀԿ), երեք դեմ (ԲՀԿ, ՀՅԴ, «Ժառանգություն») ձայներով նախագծին կանաչ ճանապարհ է տվել երկուշաբթի սկսվող ԱԺ վերջին քառօրյայում քննարկելու համար

Մինչ այդ Արտակ Դավթյանի գլխավորած հանձնաժողովի նշյալ նիստը բավական երկարատեւ քննարկեց հարցը` նախ լսելով կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանին, որը ներկայացրեց կառավարության արդեն լրամշակված նախագիծը, որտեղ, նրա ասելով, հաշվի են առնվել այս երկու ամսվա ընթացքում հնչած քննադատությունն ու դիտողությունները: Աշոտյանը նախ պատասխանեց իրեն վերջին երկու ամիսը քննադատողներին` սա ոչ միայն «Լեզվի մասին» օրենքում փոփոխություն է, այլ իր մեջ պարպել է նաեւ տարաբնույթ քաղաքական, կուսակցական եւ այլ տիպի մոտեցումներ. «Այս երկու ամսում, իհարկե, ոչ միայն վհուկների որս է եղել, ինկվիզիցիաներ, միջնադարյան խրախճանքներ, եղել է նաեւ առողջ մտահոգություն, քննադատություն, կոնստրուկտիվ առաջարկներ, եւ որսալով լրատվական դաշտից այդ ազնիվ մտահոգությունների եւ ինտելեկտուալ աշխատանքի բյուրեղները, կառավարությունը եկել է այն եզրակացության, որ բացի բացառություն ֆիքսելուց օրենքով` նաեւ օրենսդրական երաշխիքներ պետք է սահմանել համապատասխան դպրոցների գործունեության դեպքում նրանց թվաքանակի, կրթական աստիճանի եւ այլնի հետ կապված»:

Լրամշակված նախագծի մեջ որպես օրենսդրական երաշխիքներ ամրապնդվում են հայոց լեզվի եւ հայագիտական առարկաների հայերենով պարտադիր ուսուցումը, նաեւ հանրակրթական պետական չափորոշիչին համապատասխան պետք է իրականացվի: Նա հայտնեց հայագիտական առարկաների պետական չափորոշիչի բացվածքը` ամբողջ ուսումնական ծրագրում դասաժամերի մոտավորապես 1/3-ը հայագիտական առարկաներն են` հայոց լեզուն, գրականությունը, հայոց պատմութունն ու կրոնի պատմությունը: Մի խոսքովՙ նման դպրոցները, բացվելու դեպքում, պարտավոր կլինեն ունենալ նվազագույն պետական կրթական պահանջների հայագիտական նշյալ բլոկը` նվազագույնը 1/3-ը կլինի հայության եւ Հայաստանի մասին: Ընդունելության մասով նույնպես հայոց լեզվի առարկայական քննությունը պարտադիր է կրթության բոլոր մակարդակներում:

Փաթեթի երկրորդ մասՙ «Հանրակրթության մասին» օրենքում նույնպես այն երաշխիքներն են` այս դպրոցները հեղինակային, փորձարարական կամ միջազգային ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններ են: Միջնակարգ կրթությունը եռաստիճան է` օրինագծում դրվել է որպես երկրորդ եւ երրորդ աստիճանի կրթական ծրագրերի իրականացման հնարավորություն` 5-9-րդ եւ 10-12-րդ դասարաններում: Հավելվել է դրույթ, որ նման կրթական ծրագրերը ոչ պետական են լինելու կամ միջպետական համաձայնագրերի հիման վրա ծրագրեր իրականացնող:

Փաթեթում 3 սահմանափակումներ են` այդպիսի 15 դպրոց է լինելու, 15-ից 8-ն են մայրաքաղաքում գործելու, 7-ը` մարզերում, միեւնույն օտար լեզվով դպրոցներ չեն լինելու:

Հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանի ենթադրած հարցերի տարափը նախարարի համար գծեց այն բոլոր մտահոգությունները, որոնք, այնուամենայնիվ, պատգամավորների մեջ առկա էին կառավարության նոր տարբերակին ծանոթանալուց հետո: ՀՅԴ-ից Լիլիթ Գալստյանին հետաքրքրում էր, թե ինչո՞ւ հնարավոր չէր նախապես հանրային քննարկումների ճանապարհով անցկացնել նախագիծը, ինչ սոցիալական, քաղաքական եւ այլ պատվերներ ունի այդպիսի նախաձեռնությունը, ի՞նչ հարց է լուծվում դրանով` օտար լեզվի լավ դասավանդմա՞ն, թե՞ օտարալեզու դպրոցների բացման: Բացի այդ «Հանրակրթության մասին» օրենքը խնդիրը կարող էր լուծել` կարիք չկար հասարակությանը ցնցումի բերել այսպիսի օրենքի նախագծով:

Նախարարի խոսքով` գործող օրենքը թույլ չի տալիս տալիս միջազգային կրթական ծրագրերի իրականացումը` իրավական լուծում գործող օրենսդրությունը չէր տալիս, բացի այդ նա ակնարկեց իր նախորդների օրոք սկսված քաղաքականության ժառանգականության մասին` դեռ 2005-ից են սկսվել քննարկումներ առանձին ծրագրեր իրականացնելու հնարավորության մասին (նա նշեց շվեդական, բրիտանական, թաիլանդական մեկական ծրագրերի օրինակով). խնդիրը եղել է, իր` նախարարի խնդիրը պարզապես պրոցեսների կառավարումն ու տարբեր կարծիքների համադրումն է. «Ցիտատների պատերազմը խնդրի լուծում չէ», ասաց նա` նաեւ նկատի ունենալով տարբեր էմոցիոնալ բռնկումները վերջին երկու ամսվա ընթացքում: Վահան Հովհաննիսյանը հուշեց` լսումներ թող լինեն, «բոլորը գան էս շենք, խոսեն, իմանանք` ո՞վ է ճիշտ», իսկ նոր նախագծի առումով դժվար է առայժմ կողմնորոշվելը. կքննարկեն, կկողմնորոշվեն: Բայց նաեւ կատակեց, որ էմոցիոնալ մարդկանց չի կարելի թողնել այդ լսումներին, «օրինակ` նախարարին»:

Արտակ Դավթյանը հուշեց` քննարկումների սկիզբը հենց Աշոտյանն է դրել: Արծվիկ Մինասյանի հարցերն ուղղված էին նախագծի իրավական եւ միջազգային փորձաքննություն անցնելու խնդրին, այդպիսի դպրոցների լուրջ վերահսկողության մեխանիզմներին: Նախարարն ասում էր` ոչ համադարման է, ոչ էլ դավադրություն, նախագիծը, կարող է խթան լինել, այսպիսի դպրոցներ Վրաստանում եւ Ադրբեջանում վաղուց կան` լավ տնտղած միջազգային փորձ է, հայագիտական բլոկով ապահովված, ռիսկերը փոքր են, մինչդեռ մեր այսօրվա հայակական դպրոցներում ոչ միշտ հայեցի եւ հայրենասեր շրջանավարտներ ենք թողարկում (թողարկողն էլ հիմա ինքն է): ԲՀԿ-ի տեսակետը Նաիրա Զոհրաբյանը ներկայացրեց` ԲՀԿ-ն կողմ կքվեարկի այս նախագծին, եթե օտար լեզվով դասավանդումը ներդրվի ավագ դպրոցից: Նախարարը նկատեց` այդպիսի առաջարկը միայն լիագումար նիստում կարող է քննարկվել:

«Ժառանգության» Ստեփան Սաֆարյանը գտնում էր, որ նոր նախագծում ոչինչ չի փոխվել. այս նախարարը հավերժ չէ, իսկ մյուս նախարարը 15 դպրոցը կարող է 25, 35 դարձնել, եւ մեկ էլ 2-3 տարում մի քանի տասնյակ հազար օտարալեզու հայեր կունենանք (նա ընդհանրացնում էր ռուսերենի օրինակով), եւ անգամ ավելի ծայրահեղացրեց վտանգը` մեծ թվով օտարալեզուների պարագայում տարածաշրջանային կոնվենցիայով ռուսերենը երկրորդ լեզու կարող է ճանաչվել Հայաստանում: Այստեղ նա հաջողացրեց բերել նաեւ Նախիջեւանի եւ ԼՂՀ-ի օրինակը Խորհրդային ժամանակահատվածում, եւ այն, որ լեզուն ազդում է էթնոսի, լեզվամտածողության եւ աշխարհայացքի վրա:

  Հեղինե Բիշարյանը նկատեց` քաղաքականությունն ու անձնական խնդիրները չպետք է խառնել խնդրին, պետությունը նման դպրոցներ չի ստեղծում, որոնք այլ մասնավոր ծրագրեր են, իսկ այն առաջարկի առումով էլ, որ ավագ դպրոցից սկսվի օտար լեզվով առարկաների դասավանդումը, որպես մանկավարժ ընդդիմախոսեց, թե հարկավոր է 5-րդ դասարանից սկսել, քանի որ երեք տարում նորմալ կրթություն տալ հնարավոր չէ: Անահիտ Բաշխյանին զարմացրել էր հենց նախարարի խոստովանությունը` այսօր գործող օտարալեզու դպրոցները Հայաստանում փաստորեն ապօրինի են:

Քննարկումը շատ երկար շարունակվեց, Արտակ Դավթյանը հրավիրել էր նաեւ «Լեզվի մասին» մայր օրենքի հիմնական հեղինակ, ԳԽ նախկին պատգամավոր Վալերի Միրզոյանին , որը մանրամասն խոսեց այս նախագծի վտանգների մասին: Ըստ նրա` թերարժեքություն է այսպիսի առաջարկը, Եվրոպայի բնակչության 69 տոկոսը միայն իր մայրենի լեզուն գիտի, ռուսի «պոլեն» ու մեր դաշտը տարբեր բաներ են նշանակում, առաջինն անծայրածիր է, մերը` սահմանափակ, 3 մլն հայ Ռուսաստանում ձուլվել է` ռուսական լեզվամտածողության պատճառով, առաջարկը ուծացման ճանապարհ է բացում եւ այլն: Ըստ նրա` եթե հույս կա, որ իսկ այսպիսի կրթություն ստացած երիտասարդները դրսում Հայ դատն ու հայկական իրավունքներ պաշտպանեն, հազիվ թե այդ հույսն արդարանա, քանի որ նրանք այլ լեզվամտածողություն են ունենալու եւ ստորադաս են համարելու հայերենն ու հայկականը:

Այսպես թե այնպես` փաթեթը գնաց քառօրյա, ու այնտեղ հաստատ մի լավ քավարան կանցնի:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4