«Երբ խոսում ենք օտարալեզու դպրոցների բացման մասին, նշում ենք, որ լեզուն լեզվամտածողություն է: Ասեմ ավելին` հենց լեզվամտածողությամբ է տեղի ունենում մարդու աշխարհընկալումը», երեկ «Արմատ» ակումբում ասաց հոգեբան Կարինե Նալչաջյանը եւ ընդգծեց, որ լեզուն ազգի գոյության համար ունի ստրատեգիական նշանակություն: Հոգեբանի խոսքով` հայոց լեզուն այսօր առանց այն էլ խոցված է:
«Մեր բառապաշարը դարձել է շատ աղքատ, եւ դա խոսում է մտքի աղքատության մասին», նկատեց Կ. Նալչաջյանը:
Լեզուն շատ կարեւոր դեր է խաղում նույնիսկ մեր գիտակցության ոլորտից դուրս, եւ դա ապացուցելու համար հոգեբանն իր աշխատանքային պրակտիկայից մի դեպք պատմեց:
Մի անգամ երիտասարդ հայ ամուսնական զույգը որդեգում է վրացի տղայի: Վերջինս չի իմանում, որ իրական ծնողները վրացիներ են, եւ ինքն էլ ծնվել է Վրաստանում:
«Երեխան ապրում, մեծանում է Հայաստանում: Երբ 14 տարեկան էր, նրա հայ մայրիկը պատմում էր, թե տղան ռադիոյով անընդհատ վրացական ալիքներ է լսում` չնայած ոչինչ չի հասկանում, միայն ասում է` իրեն դուր է գալիս վրացական խոսքը», պատմեց հոգեբանը:
Երբ իմացական բոլոր գործընթացները կատարվում են օտար լեզվով, ապա մարդը սկսում է փոխվել:
«Ազգի» հարցին, թե օտարալեզու դպրոցների բացումն ինչքանո՞վ է սպառնում հայի էթնիկ տեսակին, հոգեբանը պատասխանեց. «Հիմա մենք կանգնած ենք ժողովրդագրական աղետի առջեւ` ցածր ծնելիություն, արտագաղթ: Այս պարագայում օտարալեզու դպրոցները, իհարկե, սպառնալիք են մեր էթնիկ տեսակի համար»:
Ի. Պ.