Հիասթափված ու անտարբեր մարդկանց, այն էլՙ մեծ քանակությամբ, այն էլՙ գրեթե մի ժողովրդաչափ, տեսնելու համար հեռու գնալ պետք չէ: Վերցնենք թեկուզ Հայաստանը, որտեղ երեւի հենց այդ անտարբերությունից էլ գալիս է ամեն ինչ մի կերպ անելու, «յոլա տանելու», շուտ անել-վերջացնելու գործելակերպը թե՛ անհատական, թե՛ պետական մակարդակով: Անհատներինն էլի ոչինչՙ իրենց վարկն է, իրենց եկամուտը, իրենց ապրելակերպը, համապատասխանաբարՙ իրենց «յոլա գնալը»: Շատ ավելի վատ են պետական աշխատաոճ դարձած ձեւականությունը, ցուցադրականությունն ու մեծ հաշվովՙ անտարբերությունն իրենց վստահված գործի, բնագավառի, երկրի ու ժողովրդի ներկայի ու ապագայի նկատմամբ:
Գուցե ռոմանտիզմի ոլորտից է, բայց ինչո՞ւ է թվում, որ նույնիսկ մեկ բարեխիղճ պաշտոնյան կարող է ինչ-որ դրական բան փոխել իր բնագավառում, եթե միայն շատ ցանկանա, եթե միայն կուլ չգնա համակարգի արատներին եւ ուժ ունենա պայքարելուՙ իր կարողացածի ու խղճի չափով: Համակարգը կխժռի կամ դուրս կշպրտի՞ նմաններին: Անկասկա՛ծ: Բայց եւ անկասկած է, որ յուրաքանչյուրը կարող է ինչ-որ դրական փոփոխություն թողնել իրենից հետոՙ իրենից հետո եկողին թողնելով ավելի մարդկային, ավելի հասկանալի, ավելի քիչ անտարբեր մի միջավայր, որտեղ չինովնիկներն աշխատում են, այլ ոչ թե ձեւացնում են, թե աշխատում են, որտեղ հարաբերությունները զուտ աշխատանքային են, այլ ոչՙ «ոտքի տակ փորել»-ային, որտեղ վերադաս-ենթակա հարաբերությունները հարգալից են, այլ ոչՙ «թագավոր-ծառա»-ային, որտեղ այցելուներին չեն նայի եւ ընդունի այնպես, կարծես մուրացկաններ են ներխուժել այս կամ այն պետի առանձնասենյակըՙ խանգարելով նրա պաշտոնական-կուշտ անդորրը...
«Համակարգային փոփոխություններ են պետք». իհարկե, պետք են: Բայց ինչ-որ մեկն ու ինչ-որ մի ժամանակ սկսելո՞ւ է դրանքՙ թեկուզՙ հենց իրենից, թեկուզ իր կարողացածի ու խղճի չափով, ու ի՛ր բնագավառում: Առաջին հերթինՙ մարդիկ, ում «պետական այրեր» ենք հորջորջում, բայց ում մեջ, ցավոք, բացակայում է պետական մտածողությունը: Մարդիկ, որոնց մեծամասնությունը չի ցանկանում կամ չի հասկանում, որ գրեթե ամեն ինչ լխկած իներցիայի հույսին թողնելովՙ պետությունն ու հասարակությունը պարզապես վատնում են այնքան թանկարժեք ժամանակը, որի ընթացքում կարող էինք, ախր, մի նոր քար դնել կամ գոնե ամրացնել Հայկական բարձրավանդակի մի անկյունում ծվարած հայկական պետականության հիմքերըՙ նախ եւ առաջ բարոյական արժեհամակարգը բարոյականության չափանիշներին համապատասխանեցնելով, քաղաքացիՙ հա՛յ քաղաքացի դաստիարակելու ձեւերն ու մեթոդները գտնել-մշակելով ու կյանքում գործի դնելով: Այդ ընթացքը սկսելով միայն կարող ենք գոնե վերածնել հույսը, որ ուղին ընտրվա՛ծ է եւՙ ճիշտ:
ԱՐԾՐՈւՆ ԿՈՍՏԱՆԴՅԱՆ, Report.am