Սիրիահայ ամուսիններ Պետրոս եւ Աշխեն Բերբերյանները վաղուց էին փափագում հայրենիք այցելել, բայց տարբեր պատճառներով հետաձգում էին հավանորեն սպասելով գեղեցիկ ու արտասովոր պահի: Եվ այդ պահը եկավ Մատենադարանին երկու ձեռագիր եւ Ադանայի առաջնորդարանին առնչվող 1905-1915թթ. վավերագրերի բացառիկ հավաքածուն նվիրաբերելու առիթով: Ձեռագրերից մեկը Ներսես Շնորհալու «Յիսուս Որդի» քերթվածի XVII դարում ընդօրինակված ընտիր օրինակ է, մյուսը` արաբերեն-օսմաներեն կրոնական նյութերի XVIIIդ. ժողովածու:
Նվիրատվության գաղափարը Պետրոս Բերբերյանի մտքում ծնվեց այն պահին, երբ Հալեպում անցած ամիս (մայիսի 24-27) հանդիպեց Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանին , որն այնտեղ էր մեկնել կրթասիրաց վարժարանում «Մատենադարանի զարգացման հեռանկարները» թեմայով դասախոսություն կարդալու: Քառորդ ժամ նախատեսված նրանց հանդիպումը տեւեց մի քանի ժամ եւ ավարտվեց այդ մեծարժեք ձեռագրերն ու վավերագրերն առաջիկա օրերին Հայաստան բերելու որոշմամբ:
Եվ ահա երեկ Մատենադարանում տեղի ունեցավ նվիրատվության արարողությունը մասնակցությամբ տեր եւ տիկին Բերբերյանների, «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Լեւոն Սարգսյանի եւ այլոց:
«Մատենադարանում պահվող ամեն ձեռագիր ունի իր կենսագրությունը, քանի որ դարերի ընթացքում անցել է սերնդե-սերունդ, ձեռքից-ձեռք: Սակայն կան ձեռագրեր, որոնք իրենցով ամբողջացնում, խտացնում են կարծես մեր ազգի ճակատագիրը, եւ այդ մասին բարբառում են նրանց հիշատակարանները:
Այս վավերագրերն, իբրեւ սկզբնաղբյուրներ, ունեն գիտական բացառիկ արժեք: Սակայն այս ձեռագրերի ու վավերագրերի պատմությունը, ինչպես ամեն ձեռագրի կամ վավերագրի պատմությունՙ ունի նաեւ խորը մարդկային մի շերտՙ հուզիչ ու սրտառուչ: Այս ձեռագրերը, մեծարժեք վավերագրերն ու գրքերը ձեռք են բերվել, պահվել եւ պահպանվել Բերբերյան ընտանիքի կողմից իբրեւ ընտանեկան սրբություն մեկ նպատակովՙ այն երբեւէ Մաշտոցյան Մատենադարանին ընծայելու համար: Եվ երեսուն տարի անց այդ փափագը կատարվում է, որի առթիվ շնորհավորում եմ նրանց եւ մեզ բոլորիս», ասաց Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը:
Այդ հիրավի արժեքավոր վավերագրերը Պետրոս Բերբերյանը 1980-ին Թուրքիայից տեղափոխել է Սիրիա, պահել որպես ընտանեկան սուրբ մասունք, որպեսզի օրերից մի օր դրանք ծառայեն ի նպաստ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման:
Աշխեն Բերբերյանը պատմում է, որ այդ ձեռագրերն ու վավերագրերը երեսուն տարի փայփայել է ինչպես հարազատ զավակներին, պարուրել սրտադող հայացքով ու հոգածությամբ:
Հավաքածուի մեջ ներառված նամակները հասցեագրված են Այնթապի, Մերսինի, Տարսոնի, Հաճընի, Մարաշի, Սսի, Օսմանիեի եւ Ադանայի նահանգի մյուս հայկական բնակավայրերի հայոց առաջնորդարաններին: Որոշ նամակներ ուղղված են Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքությանը, Սսի կաթողիկոսությանը, Ադանայի ազգային երեսփոխանական ժողովին, Ադանայի նահանգի հայկական վարժարանների վարչական մարմիններին, Կ. Պոլսի հայկական հրատարակչություններին եւ ազգային այլ հաստատություններին: Որոշներն էլ հասցեագրված են ժամանակի հայտնի հոգեւոր-հասարակական գործիչներ Մաղաքիա Օրմանյանին, Սահակ Խապպայանին, Մկրտիչ Աղավնունուն, Գեւորգ Ասլանյանին, Գեւորգ Աբուլյանին եւ այլոց: Ուշագրավ են նաեւ Ադանայի Վերին թաղի Չորք-Մարզպանի թաղական խորհրդի գործունեությանն առնչվող վավերագրերը (հաշվեցույցեր, վկայականներ, նամակներ, հեռագրեր, ելեւմուտի հաշիվներ եւ այլն):
Ինչպես իր խոսքում նշեց Հրաչյա Թամրազյանը, վավերագրերից առավել արժեքավոր են Ադանայի Վերին թաղիՙ Չորք-Մարզպանի թաղական խորհրդի պատրաստածՙ տեղի Կեդրոնական եւ Աղջկանց վարժարանների եւ Ս.Աստվածածին եկեղեցու եկեղեցապատկան կալվածքների, շարժական ու անշարժ գույքի մասին տեղեկագրերը: Կան նաեւ հայկական բնակավայրերի տարբեր առաջնորդարաններից, Ադանայի թաղական խորհուրդներից եւ անհատ անձանցիցՙ Ադանայի Հայոց առաջնորդությանը հասցեագրցած նամակներ, հեռագրեր, հուշագրեր եւ այն: Վավերագրերը հիմնականում հայերեն են, փոքրաթիվ մասըՙ ֆրանսերեն, արաբատառ եւ հայատառ թուրքերեն:
Վավերագրերն ունեն բացառիկ պատմագիտական արժեք: Դրանք անգնահատելի տեղեկություններ են հաղորդում նախաեղեռնյան շրջանի Ադանայի նահանգի հայության տնտեսական վիճակի, հոգեւոր, կրթական եւ վարչական կյանքի մասին:
Իր ազգօգուտ գործունեության ու նվիրատվության համար Պետրոս Բերբերյանը պարգեւատրվեց Մատենադարանի «Մեսրոպ Մաշտոց» հուշամեդալով, ստացավ հուշանվերներ, ալբոմներ:
Մատենադարանի տնօրենը ցանկություն հայտնեց, որ Բերբերյանների նվիրատվությունը վարակիչ լինի բազմաթիվ սփյուռքայերի համար ու նրանց ուժերով հայրենիք հասնի սփյուռքի թափառող մատենադարանը:
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ