Եթե նախորդ տարվա չորս ամսվա ընթացքում հանրապետությունում գրանցվել էր անչափահասների կատարած 92 հանցագործության դեպք, ապա այս տարվա նույն ժամանակի համեմատությամբ դրանց թիվը 28-ով աճել է` հասնելով 113-ի: Դրանք հիմնականում մանր գողություններ են, մարմնական վնասվածքներ: Ծանր հանցագործությունների համար գաղութում է 25 անչափահաս: Գաղութում չհայտնված, բայց հանցավոր ճանապարհի վրա կանգնած անչափահասների համար սահմանվում է հատուկ հսկողություն:
ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետի տեղակալ Նելլի Դուրյանի ներկայացմամբՙ այս տարի անչափահասների կողմից սպանության դեպքեր չեն գրանցվել: Փոխարենը նոր հանցատեսակ է ավելացել. թղթադրամներ են կեղծում ու իրացնում: 2009-ին գրանցվել է խուլիգանության 19 դեպք: 2008-ին հանրապետությունում գրանցվել է ինքնասպանության 28 դեպք: Դեռահասների մեջ դրանք սթրեսի կամ այդ տարիքում անպատասխան սիրո հետեւանք են: Կրոնական հողի վրա ինքնասպանություններ այս տարի չեն գրանցվել: Նման մի դեպք գրանցվել է 2009-ին, երբ 15-ամյա աղջիկն ինքնասպանություն էր գործել, ինչի կապակցությամբ այժմ գործը քննվում է:
Թեպետ ներկայացրած տվյալները մտահոգիչ են, սակայն Դուրյանը հավաստիացնում է, որ այլ երկրների համեմատությամբ Հայաստանը բարվոք վիճակում է: Հայաստանում շատ քիչ են անչափահասների կողմից թմրանյութեր օգտագործելու կամ վաճառելու դեպքերը: Քիչ են նաեւ թափառաշրջիկ, մուրացկան երեխաները: Եթե 1997-ին վարչությունը հաշվառել է 170 մուրացկան, ապա 2009-ին դրանց թիվը նվազել էՙ հասնելով 23-ի: Պատկերի փոփոխությունը պայմանավորված է ոչ միայն սոցիալական պայմանների բարելավմամբ, այլեւ մտածելակերպի փոփոխությամբ: Այժմ երեխաներն ամաչում են փող մուրալ եւ նախընտրում են աշխատել:
Անչափահասների շրջանում մարմնավաճառությամբ զբաղվող աղջիկներ չկան: Վարչության աշխատակիցների ուշադրության կենտրոնում են վարքի շեղումով երկու աղջիկ, որոնք տանը խնդիրներ ունեն: Ծնողները հրաժարվում են նրանց պահել, եւ տնից դուրս հանելու պարագայում նրանք կհայտնվեն փողոցում: «Ազգի» հարցին ի պատասխան Դուրյանն ասաց, որ թրաֆիկինգի դեպքեր չեն արձանագրվել, եղել են դեպքեր, երբ անչափահասներին դրդել են զբաղվել մուրացկանությամբ: Նման մի շարք դեպքեր բացահայտվել են, մեղավորները ենթարկվել են քրեական պատժի:
Հ. Հ.