Կառավարության նիստերի դահլիճում, ուր ժամանակավոր անցկացվում էին Ազգային ժողովի նիստերը, երեկ կրկին մարդաշատ էր: Ներսում պատգամավորներն էին, դրսում` «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնության անդամները, մի շարք հասարակական կազմակերպությունների անդամներ, քաղաքական գործիչներ, որ պահանջում էին պատգամավորներից դեմ քվեարկել «Լեզվի մասին» օրենքի փոփոխությունների նախագծին: Նախաձեռնության անդամներից Արմեն Հովհաննիսյանն ընդգծեց, որ հարցի վերաբերյալ անզիջում են եւ պայքարելու են մինչեւ վերջ: Նախաձեռնության անդամները զրուցել են բազմաթիվ պատգամավորների հետ: Իշխող կուսակցության ներկայացուցիչներից շատերը հանդիպումների ժամանակ խոսել են նրանց դիրքերից: «Եթե քվեարկեն ոչ այնպես ինչպես խոսք են տվել, անունները կբացահայտենք: Այժմ անուններ տալու կարիք չկա», ասաց Հովհաննիսյանը:
Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանն օտարալեզու դպրոցներ բացելու գաղափարը որակում է ոտձգություն անկախության դեմ: «Ականատես ենք, թե ինչպես տարիներ շարունակ թիզ առ թիզ, քայլ առ քայլ հանձնում են մեր ազատությունը: Լեզվի օրինագիծն իր սպառնալիքով հավասար է ազատագրված հողերի հանձնմանը»:
ԱՄՆ-ում բնակվող Արմինե Կոնդակչյանը նկատում է, որ սփյուռքահայերի համար հայկական դպրոց ունենալը շատ կարեւոր է, եւ նրանք ամեն ջանք գործադրում են, որ նոր սերունդը հայեցի կրթություն ստանա ու պահպանի իր ինքնությունը: «Ապրելով սփյուռքում` գիտեմ, թե ինչ գերբանական ուժերով են պահում հայկական դպրոցները, մինչդեռ մեր իշխանությունները այսպիսի հարց են բարձրացնում, որ ուղղակի դավաճանություն է: ԱՄՆ-ում հասկանում են, թե լեզուն ինչ է նշանակում, բայց մենք չենք գիտակցում: Եթե այսպես շարունակվի, խաչ պետք է քաշենք մեր գրականության, թատրոնի վրա: Սա լեզվական ցեղասպանություն է»:
«Միտք» վերլուծական կենտրոնի տնօրեն Էդուարդ Աբրահամյանը նախարարի ուշադրությունն է հրավիրում Ջավախքի դպրոցների խնդրի վրա, ինչի պարագայում անմտություն է օտարալեզու դպրոցների բացման մասին մտորելը: «Եթե ուզում են ոչնչացնել հայի տեսակը, պետք է ոչնչացնել հայի դպրոցը», պատմաբան Սրվանցյանի խոսքերն են: Այսօր Վրաստանն ու Ադրբեջանն այդ ուղղությամբ են քայլում, բայց անհասկանալի է Հայաստանի կառավարության դիրքորոշումը: Եթե ունենք անկախ պետականություն, հաղթած բանակ, ինչո՞ւ չամրապնդենք դպրոցները»:
Լիբանանահայ պատմաբան Գեւորգ Յազըճյանը սփյուռքահայ ընկերների խնդրանքով բողոքի ակցիային մասնակցում էր «Հոս Հայաստա՞նն է» գրությամբ պաստառով: «Նրանք վրդովված են, իրարահաջորդ ազգադավ նախաձեռնություններից: Հիմա հերթը հասել է մեր ինքնությանը, հայտարարվել է պատերազմ մեր հայկական տեսակի դեմ: Հայոց լեզվի եւ հայկական կրթության դեմ այս մեղքը երբեք չենք ներելու», նկատեց նա:
Կառավարության նիստերի դահլիճ շտապող պատգամավորներին նրանք դիմավորում էին «Ամո՛թ, ամո՛թ» վանկարկումներով ու հիշեցնում, որ իրենց ձայների շնորհիվ են այնտեղ ԱԺ-ում. հետեւաբար իրենց կարծիքն էլ պետք է հաշվի առնել: Քննարկման շտապող ՀՀԿ-ական պատգամավորները հիմնականում սարկազմով ու քմծիծաղով տարատեսակ ռեպլիկներ էին բաց թողնում: ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովն ասաց, որ բողոքի ակցիայի կապակացությամբ որեւէ խնդիր չի տեսնում: «Մարդիկ իրենց կարծիքն են արտահայտում»: «Ազգի» հարցինՙ «ՀՀԿ-ում կա՞ն պատգամավորներ, որ դեմ են օրինագծին», պատասխանեց. «Բոլորս էլ օրենքի հետ կապված մտահոգություններ ունենք: Հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանն է ասել, որ կան մտահոգություններ: Մի բան պարզ է` ի հաշիվ հայոց լեզվի ոչինչ չպետք է լինի: Պետք է այնպես անենք, որ դպրոցը լինի հայրենասիրության տաճար, բայց նաեւ չծայրահեղականացնենք պրոբլեմն ու մեր մեջ փնտրենք դավաճանների»:
«Ժառանգություն» խմբակցության անդամ Րաֆֆի Հովհաննիսյանն ու Զարուհի Փոստանջյանը , որոնք մասնակցում էին բողոքի ակցիային, մինչ շենք մտնելը նախաձեռնության խորհրդանշանը` «Ա» տառն ամրացրին իրենց կրծքին:
ՀՅԴ-ական Լիլիթ Գալստյանն ասաց, որ կուսակցությունն իր համոզված «ոչը» հանձնաժողովի նիստում ասել է, ու այդ կարծիքը քվեարկության ժամանակ չի փոխվելու: Հարցը այս քառօրյայի օրակարգում ներառված է, սակայն երեկ չքննարկվեց: Նախաձեռնության անդամներն ավելի ուշ հայտարարեցին, որ այսօրվանից ամեն օր կառավարության նիստերի դահլիճի դիմաց կազմակերպելու են բողոքի ցույցեր:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ