Ֆրանսիայի խորհրդարանի պատվիրակությունը եռօրյա ժամկետով ժամանել է ԼՂՀ: Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունից, այցի ընթացքում ֆրանսիացի խորհրդարանականները կհանդիպեն ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի, արցախցի պատգամավորների հետ, ինչպես նաեւ կայցելեն Ֆրանսիական մշակույթի համակիրների ընկերակցություն:
Հունիսի 9-ին նրանք կայցելեն Գանձասարի վանք եւ կհանդիպեն Արցախի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Նույն օրը երեկոյան նախատեսված է հանդիպում երկրի նախագահ Բակո Սահակյանի հետ:
Այցելության վերջին օրը ֆրանսիացի խորհրդարանականներին կընդունի Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ սրբազանը:
Ֆրանսիական պատվիրակության կազմում են Առլետ Գրոսկոստը, Պասկալ Կրոզոն, Ռիշար Մալյեն, Ռենե Ռուկեն, Ֆրանսուա Ռոշբլուան, Միշել Դիֆենբակերը, Ժան-Պիեռ Դելանուան: Նրանց ուղեկցում է Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գեւորգյանը: Հավելենք նաեւ, որ օրեր առաջ Ղարաբաղում էր բրիտանակական խորհրդարանի փոխխոսնակ բարոնուհի Քերոլայն Քոքսը, որն արդեն շուրջ 70 անգամ այցելել է ԼՂՀ: Արցախում Քոքսը նշել է, որ ադրբեջանցիներն իրականացրել են ցեղասպանություն Ղարաբաղի հայերի նկատմամբ:
Ի դեպ, Ադրբեջանն արդեն ֆրանսիացի պատգամավորներին հայտարարել է անցանկալի անձ:
Հ. Ա.