«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#103, 2010-06-05 | #104, 2010-06-08 | #105, 2010-06-09


ԱԿԱՆԱԶԵՐԾՈՒՄԸ ԶՈՒՏ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՆՊԱՏԱԿ Է ՀԵՏԱՊՆԴՈՒՄ

The Halo Trust կազմակերպությունը 2000 թվականից Արցախում իրականացնում է ականազերծման ու ականների ոչնչացման աշխատանքներ: Առ այսօր 10000-ական եւ նույնքան կասետային ավիառումբ է վնասազերծվել կազմակերպության կողմից: Ականազերծման աշխատանքները լայն հնարավորություններ են ստեղծել Արցախում գյուղատնտեսության զարգացման համար: Անցած տասնամյակում, օրինակ, ականներից մաքրվել է 3700 հեկտար հողատարածք:

The Halo Trust-ի տարածաշրջանային մենեջեր Էնդրյու Մուրի խոսքով, կազմակերպության առաքելությունը մաքուր տարածքներ հանձնելն է այն բնակիչներին, ում եկամուտները հողի աշխատանքից են գոյանում: «Մենք հստակ տեղյակ ենք, ինչքան է ականազերծվել եւ ինչ տարածքներ կան Լեռնային Ղարաբաղում, որոնք սպասում են իրենց հերթին: Ականապատ դաշտերի գրեթե 80 տոկոսն ու կասետային ավիառումբերով վնասված տարածքների 70 տոկոսն արդեն վնասազերծված է»,- կազմակերպության ստեղծման 10-ամյա հոբելյանին նվիրված հանդիսավոր միջոցառման ժամանակ նշել է նա:

Մինչեւ 2008 թվականը կազմակերպության աշխատանքները հիմնականում ֆինանսավորվում էր Նիդեռլանդներից, մասնավորապես նաեւ Ջուլիա Բուրկ, ՅուԷս ԱյԴի դոնորների շնորհիվ: Էնդրյու Մուրի մատուցմամբ, մնացած տարածքների ականազերծումը կտեւի 5-6 տարի. ժամկետները կախված են ֆինանսավորման ծավալից: Ցավոք, դոնորների մեծամասնությունն այսօր խուսափում է ֆինանսավորել Լեռնային Ղարաբաղի տարածքում ականազերծման ծրագրերը: «Գալիք տարում ֆինանսական հոսքերի կրճատում է ենթադրվում, որի դեպքում անձնակազմի կրճատում կլինի: Մենք շարունակում ենք դոնորներ փնտրել: Օգտագործելով առիթը, կցանկանայի դիմել հատկապես հայկական սփյուռքին` The Halo Trust-ի արցախյան ծրագրերը հովանավորելու համար»,- կոչ արեց Էնդրյու Մուրը:

Ասկերանի շրջանի Խաչեն գյուղում տեղի ունեցած հոբելյանական միջոցառմանը մասնակցում էր Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի փոխխոսնակ Քերոլայն Քոքսը, որի անմիջական նախաձեռնությամբ էր The Halo Trust-ը Ղարաբաղում ձեռնամուխ եղել ականազերծման աշխատանքներին: Բարոնուհին հույս հայտնեց, որ դոնորներ փնտրելու ճանապարհին «քաղաքականությունը չի միջամտի», եւ այդ տարածքները լրիվ կմաքրվեն: Նույն համատեքստում նա հիշատակեց Ադրբեջանին` ակնարկելով, որ վերջինս չի խանգարի դոնորներ փնտրելու աշխատանքներին, քանի որ այդ ամենը մարդասիրական նպատակներով է իրականացվում:

Միջոցառմանը մասնակցում էր նաեւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Երկրի ղեկավարը բարձր գնահատեց The Halo Trust-ի գործունեությունն Արցախում, նշելով, որ ԼՂՀ իշխանությունների ու կազմակերպության համագործակցության հիմքերը առաջիկայում ավելի կամրանան:

Հրադադարի հաստատման օրից մինչեւ այսօր գրանցվել է 328 տուժած, որոնց թվում քիչ չեն նաեւ զոհերը: Այս առումով The Halo Trust-ի առաքելությունը խիստ ընդգծված է Արցախում այդ կազմակերպության հետագա գործունեության շարունակման առումով:

ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4