Երեկ «Անի» հյուրանոցում «Սիվիլիթաս» հիմնադրամը կազմակերպել էր քննարկում «Հասարակական կազմակերպություններ (ՀԿ). ձեռքբերումներ եւ ձախողումներ» թեմայով, որին մասնակցում էին «Նորավանք» հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը, գրող, հրապարակախոս Մարինե Պետրոսյանը եւ «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» ՀԿ-ի նախագահ Ստեփան Դանիելյանը: Քննարկումը վարում էր «Սիվիլիթասի» վերլուծաբան, լրագրող Թաթուլ Հակոբյանը:
«Այսօր ՀԿ-ներն այնքան էլ մոտ չեն հասարակությանը ու դեռ կայացած չեն, բացի այդ, իշխանությունները ՀԿ-ներին կարծես չեն դիտարկում որպես ռեսուրս, որի հետ կարելի է համագործակցել», քննարկման սկզբում նշեց Թաթուլ Հակոբյանը :
Ստեփան Դանիելյանի խոսքով` իշխանությունների վարած քաղաքականությունով է պայմանավորված, թե ՀԿ-ներն ինչ դեր կարող են խաղալ որպես հասարակության ձայն:
«Այսօր իշխանությունները վարում են հակահասարակական քաղաքականություն եւ սպասարկում են իրենք իրենց: Իշխանությունը որպես թշնամու է նայում այն ՀԿ-ներին, որոնք պատրաստ են ծառայելու հասարակությանը», ասաց Ստեփան Դանիելյանը:
Մարինե Պետրոսյանն էլ նկատեց, որ ՀԿ-ի շահառուն պետք է լինի հասարակությունը եւ ֆորմալ առումով մեզանում շահառուն հասարակությունն է, բայց ստեղծվելիս ՀԿ-ներն ընտրում են թեմաներ` մտածելով, թե ո՞ր թեման դրամաշնորհ կբերի: «Ես այնքան ռոմանտիկ չեմ, որ մտածեմ` ՀԿ-ն կարող է առանց փողի գոյություն ունենալ, բայց կարծում եմ հասարակական կազմակերպությանը շատ մեծ փողեր պետք չեն, ՀԿ-ն պետք է ստեղծվի ոչ փողի մասին մտածելով», ասաց Մ. Պետրոսյանը:
Գագիկ Հարությունյանի խոսքով` այն հետազոտական կենտրոնները, որոնց ֆինանսավորում է պետությունը, ծառայում են պետությանը, իսկ երբ նրանց ֆինանսավորում են այլ պետություններ, սկսում են աշխատել այլ պետությունների շահի համար: «ՀԿ-ների պահանջարկը պետք է ձեւավորվի հանրության ներսում», հավելեց Գ. Հարությունյանը:
Ներկայումս «Սիվիլիթաս» հիմնադրամը իրականացնում է ՀԿ-ների ուղեցույց ծրագիրը: Այն նպատակ ունի ստեղծել Հայաստանում գրանցված ՀԿ-ների շտեմարան, որը կօգնի օտարերկրյա ներդնողներին ավելի հեշտ գտնել այն ծրագիրը, որոնց կուզենան աջակցել:
Ի. Պ.