«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#103, 2010-06-05 | #104, 2010-06-08 | #105, 2010-06-09


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՆ ԾՆՆԴՅԱՆ ԳՐԱՆՑՈՒՄ ՉՈՒՆԵՑՈՂ 126 ԵՐԵԽԱՆԵՐ

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն հունիսի 8-ին մասնակցել է Հայաստանում ծննդյան գրանցում չունեցող երեխաների հայտնաբերման եւ ուղղորդման ծրագրի արդյունքների ներկայացման նպատակով կազմակերպված միջոցառմանը:

Ինչպես տեղեկանում ենք նախարարության մամուլի ծառայությունից, այդ ծրագիրն իրականացվել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի, ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի եւ Հայ օգնության միության միջեւ կնքված պայմանագրի համաձայն` 2009 թ. սեպտեմբերից դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում, որի շրջանակում ՀՕՄ-ը կատարել է սոցիոլոգիական հետազոտություն` ծննդի պետական գրանցում չստացած երեխաների թվի, հիմնախնդրի պատճառների բացահայտման նպատակով: Ծրագրի իրականացմանն աջակցել են ՀՀ տարածքային կառավարման, աշխատանքի եւ սոցիալական հարցերի, արդարադատության, առողջապահության նախարարությունները, ինչպես նաեւ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունը:

Անցկացված սոցիոլոգիական հետազոտության տվյալներով, Երեւանի, Գեղարքունիքի եւ Շիրակի մարզերում ուսումնասիրված 1330 տնային տնտեսությունում հայտնաբերվել է ծննդի պետական գրանցում չստացած 126 երեխա: ՀՀ մանկական խնամակալական հաստատություններում ծննդի պետական գրանցում չի ունեցել 19 երեխա: Երեխաներից 35-ը ծնվել են տնային պայմաններում:

Ներկայացված են բոլոր այն պատճառները, որոնք խոչընդոտել են երեխայի ծննդի գրանցմանը: Հատկապես մարզերում արձանագրվել են դեպքեր, երբ տնային ծնունդներից հետո ծնողները տեղյակ չեն եղել երեխայի ծնունդը գրանցելու անհրաժեշտության եւ ընթացակարգերի մասին: Հետազոտության հեղինակները գտնում են, որ ծնողների իրավագիտակցության մակարդակը բարձրացնելու համար մեծ դեր կարող է ունենալ մարզային հեռուստառադիոընկերություններով իրազեկման հաղորդումների հեռարձակումը:

  Արմեն Գեւորգյանը նշել է, որ հանրապետությունում երեխայի ծննդի պետական գրանցման հետ կապված խնդիրները, առկա օրենսդրական բացթողումներն ուսումնասիրելու նպատակով արդեն ստեղծված է միջգերատեսչական աշխատանքային խումբ, որը պետք է ներկայացնի առաջարկություններ խնդրի համալիր լուծման մեխանիզմների վերաբերյալ: Փոխվարչապետը նշել է, որ պետական եւ հասարակական հատվածի համագործակցությամբ պետք է ակտիվ աշխատանքներ տարվեն այս երեւույթը վերացնելու ուղղությամբ, քանի որ նման երեխաները խոցելի են նաեւ բռնության, շահագործման, թրաֆիկինգի ենթարկվելու առումով:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4