«Ես միայն նշել եմ, որ Ռուսաստանը չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը որպես անկախ պետություն ներկա դրությամբ», ադրբեջանական լրատվամիջոցների հերթական ապատեղեկատվությունն այսպես հերքել է Ռուսաստանի Դաշնության խորհրդի նախագահ Սերգեյ Միրոնովը :
Ադրբեջանական գործակալությունների կողմից նվազագույնը ապատեղեկատվության տարածումը բնավ էլ նորություն չէ: «Ազգը» «Ռուսաստանի երեք խոշոր կուսակցությունները Ղարաբաղի վերաբերյալ» հոդվածում հունիսի 5-ին անդրադարձել էր Սերգեյ Միրոնովի` հունիսի 3-ին Մոսկվայում Ադրբեջանի Միլի մեջլիսի նախագահ Ագթայ Ասադովի հետ հանդիպմանը Միրոնովին վերագրված հայտարարությանը, թե Ռուսաստանը չի ճանաչում եւ չի էլ պատրաստվում ճանաչել ԼՂՀ անունով սուբյեկտ: Նշենք, որ մեր թերթը կասկած էր հայտնել նման հայտարարության իսկության կապակցությամբ:
Ադրբեջանական «Բակիլիլար» կայքէջը տեղեկացնում է, որ Միրոնովը հերքել է իրեն վերագրվող այդ հայտարարությունը: Ավելին, Միրոնովը չի բացառել, որ ապագայում Ռուսաստանը կարող է ճանաչել Լեռնային Ղարաբաղը: «Ցավոք, ես զարմանքով հայտնաբերեցի, որ իմ խոսքերը կեղծել են ամբողջությամբ», հայտարարել է Միրոնովը եւ ընդգծել, որ իր դիրքորոշումը որեւէ կերպ չի տարբերվում Ռուսաստանի ԱԳՆ դիրքորոշումից եւ համաձայնեցված է եղել ԱԳՆ ներկայացուցիչների հետ:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ