Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների հանդիպումներից հետո հաճախ է հնչում, թե որեւէ արդյունք չի արձանագրվել: Ըստ էության, այդպիսի վիճակ էլ, գուցե ավելի վատթար, տիրում է ժնեւյան կոչվող բանակցություններում, որ երկխոսության փորձ են Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հակամարտությունների կարգավորման ուղղությամբ` Ռուսաստանի, Հարավային Օսիայի, Աբխազիայի, Վրաստանի, Եվրոմիության, ԵԱՀԿ-ի եւ ՄԱԿ-ի մասնակցությամբ:
11-րդ փուլն այս բանակցություններում եւս ավարտված է, սակայն երկկողմ հնչող հայտարարությունները բնավ էլ չեն վկայում, թե այդ հանդիպումները օգտակար են: Սակայն չհանդիպել ու քննարկման փորձ չանելն էլ հղի է մեծ վտանգներով:
Վրաստանի փոխարտգործնախարար, երկրի նախագահի հիմնական թիմակիցներից մեկը` Գիգա Բոկերիան, շաբաթվա սկզբին մեկնարկած հերթական բանակցային ընթացքի առնչությամբ նշել է, թե Վրաստանը չի պատրաստվում որեւէ նոր` ուժի չկիրառման համաձայնություն կնքել Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հետ: Այդօրինակ համաձայնագիր ստորագրելու անհրաժեշտություն են տեսնում բանակցություններին մասնակցող ռուսական, նաեւ աբխազական ու հարավօսական կողմերը:
Վրացական աղբյուրների համաձայն, աբխազական եւ հարավօսական կողմերն այդ համաձայնագրի ստորագրման հետ են կապում նաեւ այլ հարցեր, այդ թվում` մարդասիրական օգնությանն առնչվող: Ամեն դեպքում, մեկ օրվա ընթացքում 9 ժամից ավելի տեւած բանակցությունները որեւէ արդյունք չեն տվել: Դա ուժի չկիրառման համաձայնագրի դեմ հանդես եկող վրացական կողմի փաստարկներով է նաեւ պատճառաբանվում, թե 2008 թ. օգոստոսի 12-ին զինադադարի մասին համաձայնագիրն արդեն իսկ բավարար է եւ ներառում է ուժ չկիրառելու հարցը:
Բացի այս փաստարկից, բանակցություններում վրացական կողմը չի ցանկանում որեւէ փաստաթուղթ ստորագրել Աբխազիայի կամ Հարավային Օսիայի ներկայացուցիչների հետ, այլ միայն Ռուսաստանի` «որպես հակամարտության կողմի»: Միեւնույն ժամանակ, բանակցություններին մասնակցող ԱՄՆ պատվիրակությունը եւս հայտարարություն է տարածել, թե նոր որեւէ փաստաթղթի ստորագրման անհրաժեշտություն չի տեսնում:
Ինչեւէ, հերթական բանակցային փուլը նախատեսվում է հուլիսի 27-ին:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ