«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#104, 2010-06-08 | #105, 2010-06-09 | #106, 2010-06-10


«ՋԵՐՄՈՒԿ-2» ՓՈՔՐ ՀԷԿ-Ը ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿՀԱՆՁՆՎԻ ՄԻՆՉԵՎ ԴԵԿՏԵՄԲԵՐ

Երկրում կկառուցվեն նաեւ այլ փոքր ՀԷԿ-եր

Հայաստանի կայուն ֆինանսական հաստատություններից մեկը` «Ամերիաբանկը», որը առաջին ներդրումային բանկն է Հայաստանում եւ 2007-ից ի վեր բանկային ոլորտում տրամադրում է նորարարական ծառայությունների լայն տեսականի, իրականացնում է նաեւ վարկավորում երկրում փոքր հիդրոէլեկտակայանների շինարարության համար: Այս ծրագիրը «Ամերիաբանկն» իրականացնում է Համաշխարհային բանկի խմբի անդամ IFC-ի հետ համատեղ, վերջինս ծրագրի իրականացման համար տրամադրել է 15 մլն դոլար: Ջերմուկում նոր ՀԷԿ-ի կառուցումը նույնպես վարկավորվել է այս երկու ֆինանսական կազմակերպություններից: Վարկավորումը սկսվել է 2009-ի սեպտեմբերից, իսկ 2010-ի փետրվարին «Ջերմուկ-2»-ը ընդգրկվել է IFC-ից ֆինանսավորվող` Վերականգնվող էներգետիկայի վարկավորման ծրագրում: Նախագծի ընդհանուր արժեքն է 3 մլն 15 հազար դոլար, որից 2 միլիոնը կատարվելու է վարկային միջոցների հաշվին: Կառուցվող «Ջերմուկ-2» ՀէԿ-ի դրվածքային հզորությունը կկազմի 2,3 մվտ, տարեկան կանխատեսվող արտադրանքը` 10,260,000 կվ/ժ էլեկտրաէներգիա: Այժմ Արփա գետի բնական հոսքի վրա ընթանում են ՀԷԿ-ի շինարական աշխատանքները, որոնք, «Ամերիաբանկի» տնօրենության նախագահ, գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանի խոսքերով, կավարտվեն մինչեւ ընթացիկ տարվա դեկտեմբերը: Արդեն իսկ կատարվել է շինարարական աշխատանքների զգալի մասը, պատվիրվել են չեխական արտադրության բարձրորակ հիդրոսարքավորումներ, կառուցվել է խողովակաշարի զգալի մասը: Սրան մենք ականատես եղանք երեկ` «Ամերիաբանկի» ներկայացուցիչների եւ IFC-ի կովկասյան տարածաշրջանի ղեկավար Թոմաս Լյուբեքի հետ այցելելով կառուցվող փոքր ՀԷԿ-ի տարածք: Լյուբեքը նշեց, որ իրենք եկել են տեսնելու աշխատանքների արդյունքները, որոնց ընթացքը գոհացրել է իրեն: «Հայաստանը` տարածաշրջանի մնացած երկրների համեմատությամբ, ամենամեծ ներուժն ունի` էներգիա ստանալու հիդրոկայաններից: Մեր համատեղ նախաձեռնած ծրագրի լիարժեք իրականացումից հետո (նկատի ունի բոլոր փոքր ՀԷԿ-երի կառուցումը-Հ. Ա.) Հայաստանում կլինի տարեկան 30 տոննա ածխաթթու գազի կրճատում», շեշտեց Լյուբեքը: Իր հերթին Արտակ Հանեսյանը նշեց, որ իրենց բանկը «բաց է ամեն լավ առաջարկության առջեւ». «Մինչեւ տարեվերջ մեր վարկավորմամբ կկառուցվեն եւս 6-7 փոքր ՀԷԿ-եր: Ընդհանուր առմամբ այս տարվա ծրագրում նախատեսել ենք 25 մլն դոլարի չափով վարկավորում իրականացնել: Մեր հատկացրած շինարարական վարկերը 8 տարով են, տարեկան 11 տոկոս տոկոսադրույքով», նշեց Հանեսյանը:

Որ «Ջերմուկ-2»-ը եւ առհասարակ բոլոր կառուցվելիք փոքր ՀԷԿ-երը օգնելու են մեծացնելու Հայաստանի ներքին էներգաարտադրությունը եւ նվազեցնելու են երկրի կախվածությունը վառելիքի ներկրումից, փաստ է: «Հիդրոէլեկտրակայանների գործունեությունը բավական շահութաբեր բիզնես է, որն, ինչ խոսք, բացի այդպիսին լինելուց, առաջին հերթին երկրի անվտանգության հարց է», ընդգծեց «Ջերմուկ-2»-ի հիմնական բաժնետեր Գագիկ Ղազարյանը:

Հ. ԱՖՅԱՆ, Ջերմուկ-Երեւան


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4